Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քնած զինվորն ասես լանդշաֆտին ձուլված հող-մարդ լիներ, արթուն քնած զինվոր». World Press Photo-ի հաղթող Վաղինակ Ղազարյան

Մարտ 12,2021 15:56

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը հաղթել է World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում։ Նրա «Քնած զինվորը» լուսանկարը «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում 3 մրցանակակիրներից մեկն է` ընտրված շուրջ 5 հազար աշխատանքից: Վաղինակը Հայաստանը ներկայացնող առաջին հայ լուսանկարիչն է, որը նման մրցանակի է արժանանում:

Aravot.am-ը զրուցել է Վաղինակ Ղազարյանը հետ: Նրանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ որո՞նք են պատերազմը վավերագրելու առանձնահատկությունները եւ հատկապես ի՞նչ դետալներ կարող են տպավորիչ դարձնել լուսանկարը:

«Ամենակարեւորը իրականությունը ճիշտ պատկերելն է, այսինքն` այնպես, ինչպես որ կա, մնացածն, ինչպես ասում են` տեխնիկայի հարց է…Եթե դետալներն իրականության մեջ որոշիչ են, ապա ամեն դետալ կարող է լինել լուսանկարում: Օրինակ, մի անգամ ես մի տուն էի մտել, որը ռմբակոծված էր Մարտունիում, այդ մարդու տունը նկարեցի, պորտրետն արեցի իր քանդված տան մեջ, եւ երբ ուզում էի դուրս գալ, մեկ էլ միջանցքում տեսա, որ կոշիկների համար հատկացված տեղում ամբողջը սեւ գույնի զինվորական սապոգներ են, մինչդեռ ինքը մենակ մարդ էր: Հարցրի` ի՞նչ սապոգներ են, որտեղից այսքան սապոգներ…Ասաց` տղաներս զինվորական են: Տեսեք` որտեղից ինչ է դուրս գալիս. ես այդ սապոգները նկարել եմ»,- նշեց լուսանկարիչը:

Խոսելով «Քնած զինվորը» յուրօրինակ աշխատանքի մասին, մեր զրուցակիցը վերհիշեց, թե ինչպես է ցանկացել «բռնացնել» այդ պահը. «Հետս հրամանատար կար, որ ասում էր` արի դիրքերը նայենք, մեկ էլ նկատեցի քնած զինվորին ու հետեւիցս եկողներին խնդրեցի` կանգ առնեն, որ զինվորը չարթնանա: Ես հազիվ հասցրի մի կադր անել, ու նա անգամ այդ շշուկներից արթնացավ: Ինքը քնած զինվոր էր, բայց սիմվոլիկ առումով ինձ համար դարձավ արթուն քնած զինվոր»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նկարելիս թույլտվություն ստանալու ու ուշագրավ կադրերը նկարելու գայթակղությանը չդիմանալու հարցին: «Դրա համար բազմաթիվ նորմեր կան., կա լուսանկարչական էթիկա, մյուս կողմից, եթե ամեն քայլափոխի թույլտվություն խնդրես, բնական կադրեր չեն ստացվի…Իհարկե, այդ կադրը իմ պատասխանատվության տակ է…Ես շատ դեպքերում նկարում եմ առանց թույլտվության, բայց եթե մարդն առարկում է, չեմ օգտագործում…Մի խոսքով, ամեն ինչ կախված է մարդու ներքին էթիկայից եւ համաշխարհային էթիկայի կանոններից, որոնք գործում են»:

Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է որոշում, թե որ պահին սեւ-սպիտակ լուսանկարի, եւ որ դեպքում` գունավոր, Վաղինակ Ղազարյանը պատասխանում է. «Դա կախված է նպատակից, կոնցեպցիայից, բայց «Քնած զինվորի» դեպքում գունավոր եմ նկարել… Հիմա մտածում եմ, որ կարելի էր նաեւ սեւուսպիտակ նկարել, չնայած թույլատրվում է գունավոր նկարը սեւուսպիտակ դարձնել…Ընդհանրապես սեւուսպիտակ լուսանկարչությունը դեպի ներս է տանում, դեպի էություն, որովհետեւ բոլոր խանգարող բաները դուրս են գալիս, մյուս կողմից` գունավորի դեպքում էլ ամեն դեպքում իրականությունն այդպես ենք տեսնում… հակասական բաներ կան»:

Հարցրինք` ունի մեկ այլ լուսանկար, որ կրկին կառանձնացվեր 5000 եւ ավելի լուսանկարներից, եւ իր տպավորությամբ՝ այն եւս կարող էր հաղթող դառնալ այդ մրցույթում: Լուսանկարիչը պատասխանեց, որ այդ մասին մտածել է եւ ունի Շուշիում արված մի հետաքրքիր աշխատանք, բայց նաեւ հավելեց. «Քնած զինվորի դեպքում. ավելի կոնկրետություն, հավաքականություն կա, լանդշաֆտի հետ միաձուլումն է կարեւոր` զինվորն ասես հողի մի կտորը լինի, նույնիսկ մի պահ հնարավոր է իրեն չնկատել, ոնց որ հող-մարդ լինի …Երբ մի քանի բան միասին «աշխատում» են, լուսանկարը դառնում է ավելի ուժեղ»:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ինքը Հայաստանը ներկայացնող առաջին լուսանկարիչն է, որը նման հեղինակավոր մրցանակի է արժանանում, Վաղինակը համեստորեն պատասխանում է. «Փաստորեն այդպես է ստացվում…Մի տեսակ հուզմունք կա, որ ինձ գնահատել են, ուրախություն կա Հայաստանի համար, որ մենք այդ ամեն ինչից հետո նկատվել ենք…Ի դեպ, Արցախյան թեմայով էլի բան կար ներկայացված`Ռուսաստանը ներկայացնող Վալերի Մելնիկովի «Կորցրած դրախտ» շարքը, իսկ Ադրբեջանից ոչինչ չկա…Այդքան զրկանքներ կրելուց հետո կարծես բարոյականությունը մեր կողմում է»:

Այն ամենը, ինչ հնարավոր չէ բառերով ասել, լուսանկարչի խոսքով վիզուալ արվեստը, վավերագրական լուսանկարչությունը հնարավոր է դարձնում. «Երբեմն անհրաժեշտ է բացատրող խոսք, բայց առավել էական է վիզուալ պատկերը` իր մեջ կրող տեղեկատվությամբ եւ մտքով»:

Հարցրինք` արդյոք պատրաստվո՞ւմ է Արցախյան պատերազմի թեմայով վավերագրական շարքը ներկայացնել անհատական ցուցահանդեսով: Վաղինակ Ղազարյանը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել, բայց երեւի թե արժի իրականություն դարձնել այդ գաղափարը անհատական կամ հավաքական ցուցահանդեսով. «Ինձանից բացի այլ լուսանկարիչներ էլ են նկարել պատերազմը, երեւի սկսենք մտածել ցուցահանդեսի մասին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031