Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի ծառայությունների եւ շահառուների շրջանակն ընդլայնվում է

Մարտ 12,2021 15:44

2012 թվականից գործող սոցփաթեթի ծառայություններից օգտվելու կարգը փոփոխության կենթարկվի, ընդլայնվելու է ծառայությունների եւ շահառուների ցանկը։

Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա ներկայացմամբ՝ այս փոփոխությունը միտված է սոցփաթեթի շահառուներին աշխատանքում ավելի մոտիվացնելուն, խրախուսելուն, քանի որ սոցփաթեթի շահառուները պետական համակարգում աշխատողներն են եւ այս նոր կարգը հնարավորություն է տալիս կանխել հոսունությունը պետական համակարգից դեպի մասնավոր հատված։

Գործող կարգավորմամբ շահառուները կարողանում են իրենց գումարները ծախսել չորս ուղղություններով՝ հանգստի ապահովում, հիփոթեքային վարկի մարում, ուսման վարձի վճարում եւ լրացուցիչ ապահովագրական ծառայությունների ձեռքբերում։

Առաջարկվում է սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների մեջ ներառել նաեւ մարզաառողջարարական, սպորտային եւ լողավազաններից օգտվելու ծառայությունները։ Պարոն Սարգսյանը նշեց, որ սա միտված է առողջ ապրելակերպի խրախուսմանը։

Առաջարկվում է նաեւ սոցփաթեթի գումարով վարել ուսումնական վարկը։

Մյուս առաջարկությունը վերաբերում է լրացուցիչ ապահովագրական ծառայության ձեռքբերմանը։ Պարոն Սարգսյանը մանրամասնեց՝ գործող կարգավորմամբ դա նախատեսված է, սակայն գործնականում ապահովագրական ընկերություններն այդ ծառայությունները չեն մատուցում, որովհետեւ լրացուցիչ ծառայությունները հիմնականում այնպիսին են, որոնցից օգտվելու հավանականությունը բավականին մեծ է եւ դրանք հիմնականում ատամնաբուժական ծառայություններն են․«Որպեսզի այս խնդիրը լուծվի ու շահառուները կարողանան իրենց գումարներն ուղղել ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերմանը, առաջարկում ենք, որ սա դիտարկվի ոչ թե ապահովագրության միջոցով, ինչպես ներկայում է, բայց չի իրականացվում, այլ շահառուին հնարավորություն տրվի, որ եթե ցանկություն ունի սոցփաթեթի գումարը, որը մեկ տարվա համար առավելագույնը 70 հազար դրամ է, ուղիղ փոխանցի այն ատամնաբուժական կազմակերպությանը, որտեղ բուժել է իր ատամները։ Սրա համար սահմանվելու է բուժհաստատությունների ցանկը, եւ այդ ցանկում ներառված ատամնաբուժարանների ծառայություններից կարող են օգտվել»։

Մյուս առաջարկությամբ էլ սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվում այդ գումարն ուղղել իրենց երեխաների՝ վճարովի մանկապարտեզի վարձավճարին։

Ընդլայնվում է նաեւ սոցփաթեթի շահառուների շրջանակը։ Օրինակ՝ այն պետաշխատողները, որոնք աշխատել են ՊՈԱԿ-ում, իսկ դա հետո վերաձեւակերպվել է հիմնադրամի, ինչի արդյունքում քաղաքացին զրկվել է սոցփաթեթից օգտվելու իրավունքից, նախարարությունն այս խնդիրն էլ է լուծում։ Փաթեթում կընդգրկվեն այն աշխատակիցները, որոնց աշխատավայրը նախկինում եղել է ՊՈԱԿ, հիմա՝ հիմնադրամ։

Գործող կարգավորմամբ եթե պետական համակարգի աշխատակիցն ազատվում է աշխատանքից եւ պետական այլ տեղ է ընդունվում աշխատանքի, վեց ամսով դադարեցվում է նրա՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքը։ Առաջարկվում է վեցամսյա այս սահմանափակումը վերացնել։

Շահառուների ցանկում են ընդգրկվելու նաեւ բուհերին կից դպրոցների աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ, նախարարության առաջարկությունների հիման վրա 700-900-ով կավելանան շահառուները։

Գործող կարգավորմամբ՝ սոցփաթեթի շահառուներն իրենց գումարը կարող են ուղղել ընտանիքի անդամներին մատուցվող ծառայությանը, սակայն ասենք՝ զավակի դեպքում շեմը 27 տարեկանն է։ Առաջարկվում է այս շեմը վերացնել, ինչպես նաեւ ընտանիքի անդամների ցանկում ներառել նաեւ ծնողներին։

Նախատեսվող փոփոխությամբ, այլեւս պարտադիր չի լինի փաթեթից օգտվելու համար բանկում ներկայացնել նույնականացման քարտ, կարելի է նաեւ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ներկայացնել։

Գործող կարգավորմամբ, ինչպես պարոն Սարգսյանն ասաց՝ սոցփաթեթի շահառուն կարող է գումարն ուղղել հիփոթեքի մարմանը, բայց որոշ սահմանափակումներով, օրինակ՝ բնակարանը պետք է ձեռքբերված լինի երիտասարդ ընտանիքներին տրամադրվող ծրագրով կամ պետական սուբսիդավորման ծրագրով։ Նախարարությունն առաջարկում է վերացնել այս սահմանափակումը եւ հնարավորություն տալ շահառուին ցանկացած պարագայում, եթե նույնիսկ համավարկառու է, կարողանա փաթեթի գումարն ուղղել հիփոթեքի մարմանը։

Այս սոցփաթեթի շահառուներն, ինչպես ներկայիս կարգավորմամբ է սահմանված, կարող են զբոսաշրջային օպերատորներին փոխանցել իրենց գումարները միանվագ, եթե շահառուն տեղեկանք է ներկայացնում, որ գտնվում է արձակուրդում։ Առաջարկվող փոփոխությամբ արձակուրդում գտնվելու պարտադիր այս պահանջը վերացվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031