Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը բայական որոշ կառույցների ճիշտ գործածության մասին

Մարտ 12,2021 14:47

Հորդորակ բայական որոշ կառույցների ճիշտ գործածության մասին

Իրավունք ունենալ ասելո՞ւ, թե՞ ասել։

Հնարավորություն տվեց  երգելո՞ւ, թե՞ երգել։

Ձգտում է հաղթելո՞ւ, թե՞ հաղթել։

Հայերենին հարազատ չեն հնչում իրավունք ունենալ ասել, հնարավորություն տվեց երգել, ձգտում է հաղթել կապակցությունները։ Դրանք ճիշտ կլինեն, եթե ձևակերպվեն այսպես՝ իրավունք ունենալ ասելու, հնարավորություն տվեց երգելու, ձգտում է հաղթելու։

Բայի իմաստից է բխում, թե ի՛նչ ձևով է դրվում նրան կապվող բառը։ Օրինակ՝ հրաժարվել (ի՞նչ անելուց կամ ինչի՞ց) դատարան ներկայանալուց, խուսափել (ի՞նչ անելուց կամ ինչի՞ց)  մանրամասներ հաղորդելուց։ Սակայն օտար որոշ լեզուների ազդեցությամբ, որոնցում անորոշ դերբայը գործածվում է ուղիղ ձևով, հայերենում «հայտնվում են» սխալ կառույցներ։

Գործածության սխալ ձևերը հաճախ հանդիպում են հարադրական բայերի տարբեր կապակցությունների մեջ, ինչպես՝ ի վիճակի է մասնակցել, հիմք է տալիս պնդել, ի զորու լինել անել, կարիք ունենալ լսել և այլն։ Ճիշտ կլինեն, եթե դերբայը թեք (այստեղ՝ տրական) հոլովով դրված լինի։ Այսպես՝

«Նա ի վիճակ չի եղել մասնակցելու տարեկան ասուլիսին»։

«Աղբյուրները հիմք են տալիս պնդելու, որ նման քայլն անխուսափելի է»։

«Նա այլևս ի զորու չէր մենակ մնալու ինքն իր հետ»:

«Տան կառուցումից առաջ կարիք ուներ լսելու ճարտարապետի կարծիքը»։

Իսկ ինչպե՞ս կողմնորոշվենք այս կամ այն ձևն ընտրելիս։

Ճիշտ ձևերը պարզելու համար մի քանի հնար կարելի է կիրառել։

1. Փոխել շարադասությունը.

«Դու իրավունք չունես նրա մասին այդպես խոսելու (թե՞ խոսել)»։

Փոխենք շարադասությունը՝

«Դու նրա մասին այդպես խոսելու իրավունք չունես»։

Այդպես էլ՝

«Ցանկություն չունի աշխատելու»։

«Աշխատելու ցանկություն  չունի»։

2. Ինչպես արդեն ասացինք, թելադրողը բայի իմաստն է, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել դրան։

«Այդ միտքը մղում էր հանցագործություն կատարելու (ոչ թե՝ կատարել)»։

«Շտապում եմ տեսնելու (ոչ թե՝ տեսնել) բանակից վերադարձող որդուս»։

«Երիտասարդ նկարիչը ձգտում էր անկախանալու (ոչ թե՝ անկախանալ)»։

Համոզվելու համար, որ սրանք են ճիշտ տարբերակները, բավական է պատասխանել բայի հարցին։

«Մեր աշխատակիցներն ի վիճակի են (ի՞նչ անելու) լուծելու այդ խնդիրները»։

«Ազգայնական գործչին հորդորեցին խուսափել (ի՞նչ անելուց) սադրիչ հայտարարություններ անելուց»։

«Վախենում էր (ինչի՞ց) խիստ պատժվելուց»։

Սակայն մարդիկ երբեմն «ոգևորվում» և ու են ավելացնում այն բայաձևերին, որոնք առանց դրա պիտի լինեն։ Այսպես՝ թույլ տալ ի՞նչ անել՝ «Նա իրեն չէր կարող թույլ տալ (ի՞նչ կամ ի՞նչ անել) հայտնել իր կարծիքը»: Հարցը ճիշտ տալու դեպքում նման սխալներ չեն լինի։

3. Բայական ձևը փոխարինել գոյականով.

պատրաստվել վազելու – պատրաստվել վազքի,

խուսափել պարտվելուց – խուսափել պարտությունից,

զգուշանալ հանդիպելուց – զգուշանալ հանդիպումից ։  

Հիմք ընդունելով վերոնշյալ դիտարկումները՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ուշադիր լինել և հավատարիմ մնալ հայերեն լեզվամտածողությանը։

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031