«Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն։ Սա մաֆիային բնորոշ դրսեւորում է։ Ես խոսում եմ այն մաֆիայի մասին, որ անցած տարվա մարտին Նիկոլ Փաշինյանն էր խոսում Ազգային ժողովի ամբիոնից. խոսքն ուղղված էր ինձ՝ որպես մաֆիոզ իրավաբան։ Հիմա, պարզվեց, թե Հայաստանում ով է մաֆիա ղեկավարում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։
Ասուլիսը հրավիրվել էր Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալու փաստերի առիթով:
Հիշեցնենք, Հայրապետյանների պաշտպանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել սկանդալային տեսանյութերի մասին, որոնցում հստակ երեւում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ եւ փաստացի հրահանգավորելով գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին։
Կարդացեք նաև
Տեսանյութերում փաստեր են հրապարակված այն մասին, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ըստ տեսանյութերի, քննիչ Արթուր Այվազյանը նաեւ էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաեւ կան տարբեր մարդկանց անուններով word (եւ այլ) փաստաթղթեր, որոնք գործով վկաների անուններն են:
Հայրապետյանների պաշտպանական խմբի անդամ Գեորգի Մելիքյանն էլ ասաց`մեղադրանքի որոշումը նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթ է, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է: «Գողի եւ Նիկոլի օրը 40 օր է։ Ցավալի է, որ մեղադրանքի որոշումն իրենից ներկայացնում է այն նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթը, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է. ոչ քննչական բաժնի պետը, ոչ դատախազը այդ որոշման նկատմամբ որեւէ իրավասություն չունեն, ձեւակերպելու, վերաձեւակերպելու»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ քրեական գործում կան նաեւ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնք եւս հասանելի են դարձել վարչապետի օգնականին: Այսպիսով, ըստ նրա, պարզ է դառնում, որ քրեական հետապնդումը ոչ թե իրականացրել է քննիչ Արթուր Այվազյանը, այլ Աննա Վարդապետյանը. «Դուրս է գալիս, որ տվյալ գործով քրեական հետապնդումն իրականացնողն Աննա Վարդապետյանն է, իսկ բաժնի պետը Նիկոլ Փաշինյանն է»։
Հայրապետյանների պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Հաղորդումն ու մամուլի հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ