Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատելով Հայկի կարողությունները, Վահան Քերոբյանը նրան առաջարկել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը

Մարտ 12,2021 13:24

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 11-ին այցելել են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ)՝ աշխատակիցներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Հայկ Մարգարյանին։

Ողջունելով կենտրոնի աշխատակիցներին և հյուրերին, Վահան Քերոբյանը նշել է, որ կարևորում է այս կառույցի առաքելությունը, այն է՝ գիտության առևտրայնացումը և տեխնոլոգիական տրանսֆերը։ Նա հավելել է, որ նախարարությունը փորձելու է նոր եռանդ և էներգիա հաղորդել կառույցին, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է տեխնոլոգիական զարգացման և գիտատար, գիտահեն տնտեսության կառուցման մեջ։

Հայկ Մարգարյանն ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով, որի շրջանակում 6 ամիս աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում։ Նկատելով Հայկի կարողությունները, Վահան Քերոբյանը նրան առաջարկել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

«Այսօրվա հանդիպումը շատ հուզիչ է ինձ համար, որովհետև ես միշտ ընդգծել եմ, որ մեր արտերկրյա հայրենակիցները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի թե՛ մարդկային կապիտալի, թե՛ գիտելիքի, թե՛ փորձի, թե՛ տեսահորիզոնի առումով հարստացնեն այն, ինչը մենք այսօր ունենք։ Այս առումով «իԳործ» ծրագիրը, որը ձեռնարկել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, շատ կարևոր է, և այն մարդիկ, ովքեր եկել են Հայաստան, պետք է ստանան մեր աջակցությունը, որպեսզի կարողանան ինտեգրվել մեր հասարակության մեջ և իրենց մեծ օգուտը բերել մեր ազգին», – ասել է Վահան Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՆՁԱԿ-ի նախկին տնօրեն Սերգեյ Մադաթյանին կատարված աշխատանքի համար: Ի պատասխան, Սերգեյ Մադաթյանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցել նորանշանակ տնօրենին` փոխանցելով իր փորձը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ  «իԳործ» ծրագրով Հայաստան եկած մեր հայրենակիցներն արդեն մշտական աշխատանքի առաջարկ են ստացել՝ որպես դրա ամենալավ օրինակներից մեկը նշելով Հայկ Մարգարյանին։ Հաջողություն մաղթելով կենտրոնի աշխատակիցներին և նորանշանակ տնօրենին` Զարեհ Սինանյանն ասել է, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը միշտ պատրաստ է աջակցել։

Հայկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ նպատակներին հասնելու համար շատ աշխատանք կա իրագործելու և գործընկերների հետ միասին պատրաստ է ծառայել Հայաստանին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով Էկոնոմիկայի նախարարությունում ներկայումս աշխատում է 8 սփյուռքահայ մասնագետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031