Նախորդ օրը Գյումրիում երեկոյան ուշ ժամի իրենց իսկ բնակարանի մեջ դանակահարել են Անի թաղամասում գործող սրճարաններից մեկի տիրոջ որդուն ու հարսին։ Նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նախորդ օրը 1981 թվականին ծնված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց՝ որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։
Նրա կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։
Կնոջը տեղափոխել են մայրաքաղաք՝ միկրովիրաբույժի հսկողության տակ։
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։
Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ