Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում տարեկան միանվագ 150 հազար դրամի անվանական կրթաթոշակների հավաստագրեր հանձնվեցին բարձր առաջադիմություն եւ մարզական ձեռքբերումներ ունեցող ուսանողներին:
Նորությունն այն է, որ անվանական կրթաթոշակների հիմնադիրները՝ «Մուրադյան եւ ընկերներ» հիմնադրամը, Վարդան Աբրահամյանը, Միքայել Հայրապետյանը եւ Հայաստանի ձյուդոյի վետերանների ասոցիացիան, յոթը սահմանել են առաջին անգամ, դրանք շնորհվում են ըստ մարզաձեւերի ու կրում են օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոնների եւ մրցանակակիրների, լավագույն արդյունքներ գրանցած մարզիչների անունները:
Իրենց անվանական կրթաթոշակների հավաստագրերը ուսանողներին անձամբ հանձնեցին օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լուսահոգի նախագահ Լեւոն Հայրապետյանի եւ մյուսների ընտանիքի անդամները, հարազատները:
Կարդացեք նաև
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի 75-ամյակի առիթով հիմնադիր ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե մեդալ հանձնեց սպորտի ոլորտի երախտավորներին:
Արարողության ավարտից հետո Դավիթ Խիթարյանը ԶԼՄ-ներին ասաց, որ անվանական կրթաթոշակների սահմանման հիմնական նպատակը ուսանողների մարզական գործունեությանը զուգահեռ պատշաճ գիտելիքներ ստանալը խրախուսելն է: «Թյուր տպավորություն կա, թե ինստիտուտը պատրաստում է լավագույն մարզիկներ: Իրականում մենք պատրաստում ենք լավագույն մասնագետներ, որոնք հետագայում կպատրաստեն լավագույն մարզիկներ»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ