Նախորդ շաբաթ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների հավակնորդների հերթական քննության բանավոր փուլն է անցկացրել, որպեսզի համալրի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների թիվը։
Ըստ ԲԴԽ տարածած հայտարարության՝ քննություններն անցկացվել են՝ հաշվի առնելով քաղաքացիական մասնագիտացման բաժինը` 6, քրեական մասնագիտացման բաժինը` 11 թեկնածուներով համալրելու անհրաժեշտությունը։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը դիտարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների քննության գործընթացը։
Այսպես, որակավորման գրավոր քննությանը մասնակցել էին․
• քաղաքացիական մասնագիտացում – 13 հավակնորդ,
• քրեական մասնագիտացում – 17 հավակնորդ։
Կարդացեք նաև
Քննության գրավոր փուլը, սակայն, քչերն են հաղթահարել, մասնավորապես, քաղաքացիական մասնագիտացման ոլորտում ընդամենը 4 հավակնորդ, որոնցից 2-ը՝ բողոքարկման արդյունքում, իսկ քրեական մասնագիտացման ոլորտում 3 հավակնորդ, որոնցից 1-ը՝ բողոքարկման արդյունքում։ Մտահոգիչ է, որ քննության անցկացումից հետո ևս քրեական մասնագիտացման բաժնում դեռևս առնվազն 8 թեկնածուներով համալրելու անհրաժեշտություն կա։ Սա այն պարագայում, երբ դեռևս հայտնի չեն անցկացված բանավոր քննության արդյունքները։
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարեվերջին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության փորձագետի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը մտահոգություն էր հայտնել դատավորների քննությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ արդյունքները հուսադրող չեն, քանի որ 2020 թվականին անցկացված քննության արդյունքում 13 դատավորի թափուր տեղի մրցույթի համար անցել է միայն մեկ թեկնածու։ «Նման վիճակագրությունը ցավալի է, քանի որ շուտով ունենալու ենք դատավորի թափուր հաստիքներ»,- նշել էր Վարդազարյանը։
Ի դեպ, հաճախ դատավորների թեկնածուների հավակնորդները համաձայն չեն լինում քննության արդյունքների հետ և բողոքարկում են դրանք։ Բողոքները հիմնականում ներկայացվում են գրավոր քննությունների հետ կապված՝ Բողոքարկման հանձնաժողովին։ «Անհնար է սահմանել որևէ չափորոշիչ գրավոր քննության համար, քանզի դատական ակտ գրելը ստեղծագործական աշխատանք է, և՛ քննություն հանձնող դատավորի թեկնածուն, և՛ քննությունը ստուգող դատավորը տվյալ հարցի շուրջ ունեն սուբյեկտիվ մոտեցում, կարծիք, որովհետև այդ հարցի լուծման բնույթն ինքնին սուբյեկտիվ է»,- բացատրել է ԲԴԽ նախագահը։
Նշենք, որ դատավորների թվի համալրված չլինելը նպաստում է դատարանների գերծանրաբեռնվածությանը, որի հետևանքով բազմաթիվ գործերի քննությունը տևում է տարիներ։ Այսպիսով, խախտվում է ՀՀ քաղաքացիների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը շարունակելու է հետևել դատավորների թեկնածուների համալրման գործընթացին և ուսումնասիրել դրա հետ կապված խնդիրները։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն