Սուտն ու խաբեությունն այսքան համատարած չէին, եւ մեր ժողովուրդն էլ դրա հանդեպ այսքան հանդուրժող չէր, ինչպես այսօր։ Ասենք, օրինակ, 2008 թվականին Արթուր Բաղդասարյանի քայլը՝ ընտրությունների երկրորդ փուլում Սերժ Սարգսյանի կողմն անցնելը, ժողովուրդն այդպես էլ չներեց։ Եվ հսկայական ընտրազանգված ունեցող ՕԵԿ-ը հենց այդ պատճառով դուրս մղվեց ասպարեզից։ Չներեց նաեւ Արտաշես Գեղամյանի ճամբարափոխ լինելը։ Լեւոն Տեր-Պետրոսյանին չներեցին 1996 թվականի ընտրությունների կեղծիքն ու Վազգեն Սարգսյանի հայտարարությունը, որ «անգամ եթե նրանք (ընդդիմությունը) հաղթեր 100 տոկոս ձայներով, ո՛չ բանակը, ո՛չ Ազգային անվտանգությունը եւ ո՛չ ներքին գործերի նախարարությունը չէին ընդունի ընտրվածներին»: Ժողովուրդը չներեց նաեւ Սերժ Սարգսյանին, որը հայտարարել էր, թե երկրի կառավարման կարգի փոփոխությունից հետո այլեւս չի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին, սակայն 2018-ին միտքը փոխեց։ Այսօր գրեթե չկա օր, որ իշխանության բարձր օղակներում նստածների եւ վարչապետի ստերն ու մանիպուլյացիաները չբացահայտվեն։ Բայց ժողովուրդն այլեւս առաջվանը չէ՝ նույնքան արժանապատիվ ու պահանջատեր չէ իր իշխանությունների հանդեպ, ինչպես 90-ականներին կամ 2000-ականներին էր։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: