Լրահոս
Օրվա լրահոսը

…Մնացածը քաղաքացիների որոշելիքն է

Մարտ 12,2021 10:00

Պատկերացրեք այսպիսի վիճակ: Պաշտպանության նախարարություն է գալիս գերագույն հրամանատարը, որը բացարձակապես ոչինչ չի հասկանում ռազմական գործից եւ իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե պետության անվտանգության շահերով, ոչ էլ անգամ պարզ տրամաբանությամբ, այլ միմիայն՝ սեփական ամբիցիաներով ու ֆանտազիաներով եւ PR ակցիաներ անցկացնելու ձգտումով: Նա խորհրդակցություն է անցկացնում հրամկազմի հետ, որի ընթացքում հրամայում է. «Վաղը բոլորդ վերցնում եք ջրային ատրճանակները, գնում եք Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը եւ այնտեղ կրակում եք հակառակորդի ուղղությամբ»: Ի՞նչ պետք է անեն գեներալները.

ա/ դուրս անեն սենյակից նման հրամանատարին,

բ/ հայտարարեն, որ այդ հրամանը չեն կատարելու,

գ/ լուրջ դեմքով գլուխները տմբտմբացնեն, «չեստ տան» եւ կատարեն հրամանը՝ բնականաբար, վարչապետի տեսախցիկների առաջ:

Առաջին երկու դեպքում նրանք կխախտեն օրենքը եւ գուցե մեղադրվեն ռազմական հեղաշրջման մեջ: Երրորդ դեպքում նրանք կվարկաբեկվեն հանրության աչքում եւ կվտանգեն մեր անվտանգությունը: (Ի դեպ, շատ հնարավոր է, որ պատերազմի ժամանակ նրանք ստիպված նման անհեթեթ հրամաններ են կատարել, իսկ հիմա, ըստ իշխանության վարկածի, ամեն ինչում բանակն է մեղավոր):

Այս պայմաններում գեներալների համար միակ արժանապատիվ եւ օրինական ելքն է հրաժարական տալը, իսկ հետո հասարակությանը դիմելը՝ «սիրելի հայրենակիցներ, գերագույն հրամանատարը ադեկվատ չէ, նրա հրամաններն անհեթեթ են, նրա՝ պաշտոնում մնալը սպառնալիք է ազգային անվտանգության համար»: Մոտավորապես, ժամանակին այդպես է վարվել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Ցանկացած բանական մարդու համար «սատանաներին բռնելու» տիպի հրամանները վիրավորական են, եւ այդպես են մտածում նաեւ նույն կառույցի մի շարք այլ, բնականաբար, նախկին դարձած ղեկավարներ: ԱԱԾ ներկայիս պետը, հակառակը՝ «ֆեյքեր բռնելու» հրահանգը վիրավորական չի համարում եւ հաճույքով այն կատարում է:

Դառնանք բանակի հրամկազմին: Այդ մարդիկ, առանց հրաժարական տալու, իրենց անվստահությունը հայտնեցին վարչապետին, ինչը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ ուղերձ հասարակությանը: Իշխանությունը նրանց մեղադրեց քաղաքականությանը խառնվելու, ընդդիմությունը՝ անվճռականության մեջ: Արդյունքում գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալը հեռացվեցին, մնացածը դիմացան ստորացմանը:

Բայց առավել կարեւոր հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս վարվել, եթե պետության ղեկավարն ադեկվատ չէ, բայց քաղաքացիների մեծ մասը գոհ է նրա կառավարումից, համակրում է նրան եւ չի ցանկանում, որ նա փոխվի, անկախ նրանից, թե դա ինչ կարժենա մեր պետության համար: Արժե դա, համենայնդեպս, ստուգել՝ ընտրություններ անցկացնելու միջոցով: Եթե այդ առաջնորդն իսկապես վայելում է քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, ապա մեղքը հենց այդ քաղաքացիներինն է: Գեներալներն այդ հարցում ոչնչով չեն կարող օգնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    դուք մէկ կարեւոր բան կը մոռնաք, որ հայաստանը (գրեթէ) բոլոր հայերը իրենց հայրենիքը կը համարեն։ ձեր եզրակացութեամբ՝ խումբ մը անկարներ իրենց համակիրներով ամբողջ ազգի մը հայրենիքը պիտի տանուլ տան եւ բոլորը պիտի “դիմանան ստորացմանը”. յանուն ինչի՞. երբուընէ՞ հայաստանը յանկարծ այդքան օրինապաշտ դարձաւ։

    • Հ.Շ. says:

      ճանս, այդտեղ, իբրեւ թէ «օրինապաշտութիւն»ը, լման ձեւական, թատերական բան մըն է… հնարամիտ պատրանք մը, որու միջոցաւ կը փորձեն խուսափիլ զիրար վայրագօրէն սպաննելէ, բառացիօրէն բզկտելէ… նոյն բանը ըրին, օրինակի համար՝ 2018-ի Ապրիլի վերջաւորութենէն մինչեւ Դեկտեմբեր 9-ը… ուղղակի յօրինելով, հնարելով՝ «սահմանադրական յեղափոխութեան» կամ «Սահմանադրութեան հիման վրայ՝ պետական յեղաշրջումի» հիանալի յղացքները…

      կատարեալ ճօք մըն է, բայց այլեւս բնաւ խնդալիք չէ

  2. Հ.Շ. says:

    աղէտալի պատերազմէն ետք, Փաշինյանիզմի վարդագոյն փուչիկը վերջապէս ծակեցաւ, լաւ… ժամանակի ընթացքին, մէջի նեխած օդը այլեւս հետզհետէ կը պարպուի, մինչեւ որ նա վերածուի գործածուած ու գետին նետուած, ճմռթկուած, փողոցին մէջ ոտնակոխուող ցելոֆանի կտորի մը

    սակայն շատ զարմանալի է, խանգարիչ երեւոյթ է, որ՝ բանակին առասպելական հռչակը, միֆը, ՊԼԵՖԸ, դիմացաւ…

    անոնք որոնք շատ ուշ սկսան քննադատել Փաշինյանին, հիմա ալ գործում են նոյնանման սխալ մը՝ բանակը «խնայելով»… (խօսքը՝ ռազմական ղեկավարութեան վերնախաւի մասին է)

    նուազագոյնը, իրաւունք ունինք մտածելու, որ ԳՇ-ի Փաշինյանի դէմ հրապարակած յայտարարութեան նպատակն էր՝ կասեցնել նրա տրամադրութիւնները, հանրային քննարկումի ենթարկելու պատերազմի ընթացքին այդ բարձրաստիճան սպայակազմի պատասխանատւութեան լուրջ խնդիրը… եւ որ հասան իրենց այդ նպատակին – հիմա ինք այդ մասին չի խօսիր այլեւս, նրանք էլ զինք հանգիստ կը թողեն… –

    լրացուցիչ պարզաբանում՝
    «Կտակն է Նահատակներուն…»
    https://haytougchamlian.blog/կտակն-է-նահատակներուն/

  3. Arsen says:

    Ինչպես գիտենք գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալը պաշտոնանկ արվեցին, և հիմա իրենց պաշտոնանկության համապատասխանությունը օրենքին վիճարկում են վարչական դատարանում։

  4. Arsen says:

    Ով ծառայել է հայոց բանակում կամ ինչ-որ կերպ տեղեկացված է, նա շատ լավ գիտի, թե ինչ էր կատարվել այնտեղ նույն այդ գեներալների օրոք, ինչպեսի բարքեր էր տիրում և ինչպես էին թալանում՝ գեներալից մինչև ենթասպա ու ճաշարանի վարիչ։ Շատ հաճախ
    տանկերը և մնացած զրահատեխնիկան դուրս չեին բերվում զորավարժությունների, որպեսզի չօգտագործված վառելիքը ապօրինի իրացնեն։ Այսքանից հետո խոսել գեներալների անմեղության մասին, իմ կարծիքով, սխալ Է։

    • Հ.Շ. says:

      Պարզապէս որպէսզի թիւրիմացութիւն չլինի, վերեւ իմ գրածս, այս մեղադրանքներուն հետ կապ չունի, որոնք նիւթականի կը վերաբերին:

      Ըսածս այն է որ, անցած աղէտալի պատերազմի առնչութեամբ, ռազմական բարձրաստիճան սպաները – եւ Պաշտպանութեան նախարարը -, ազդեցութի՞ւն ունեցան՝ Փաշինյանի ՍԽԱԼ որոշումներուն վրայ: Այս հարցականի հաստատ պատասխանը կրնանք գիտնալ միայն եթէ կանոնաւոր քննարկում մը տեղի ունենայ:

      Սակայն եթէ չկատարուի այդպիսի լուրջ քննարկում, կամ՝ մինչ այդ, տրամաբանութեան հիման վրայ, հաւանական պատասխանը՝ այո է:

      Այս տեսակի պարտութենէ մը ետք, այս աստիճանի հողային եւ մարդկային կորուստներով, տրամաբանական չէ՝ բանակի սպայական վերնախաւը «սրբացնել»: Նաեւ, արդար չէ:

      Իսկ ինչպէ՞ս հնարաւոր է ապագային դարմանել այս բանակը, եթէ ոչ այս հարցականներն ու քննարկումները տեղի չունենան, այլ արդէն ամէն մարդ բռնէ այն դիրքը՝ որ չէ, բանակը շատ լաւն է, խնդիրը միայն քաղաքական իշխանութիւններն են:

      Սակայն վերջին պատերազմին բնռկման, ՍԿՍԵԼՈՒՆ պատճառը, յեղափոխութիւնն է եւ նրա արտադրած վարչակարգը: ( Մինչեւ այդ պահը, պատերազմը սկսելուն պահը, նոյնիսկ եթէ սխալ զեկոյցներ տալիս էին բարձրաստիճան սպաները, կառավարական գլխաւոր հրամանատարը եւ պաշտպանութեան նախարարը, ինչպէս նաեւ վարչակարգի այլ տարրեր, եթէ իսկական ու բաւարար գիտութիւն եւ փորձառութիւն ունենային՝ ռազմական ոլորտի վերաբերեալ, չէին ազդուէր ԳՇ-ի սպաների սխալ խորհուրդներից: Նոյնիսկ զինուորական մասնաւոր փորձառութիւն չունեցողը, եթէ քիչ մը խելք եւ ընդհանուր զարգացում ունենայ, պէտք է որ գիտնայ թէ զինուորական մը երբեք չի կրնար ուրիշ բան ըսել, քան՝ յաղթելո՛ւ ենք: Սակայն պատերազմը սկսելէն ետք, ասիկա չ’արդարացներ բարձրագոյն սպաներին եւ այլ արծրուններին, որովհետեւ երբ որ տեսան թէ որքան աղէտալի է պատերազմի ընթացքը եւ որքան անփորձ են քաղաքական ղեկավարները, իրենց կը մնար պէտք եղածը ըսել, ու կատարել, որպէսզի վերջ դրուի մեր քաջ երեխաների ջարդին:)

  5. Armen says:

    Իմ կարճ խելքով մեր պարտության հիմնական պատասխանատուները Ռոբերտն ու Սերժն են իրենց իշխանական վերնախավերով(ներառյալ՝ Արցախի) և ներկա իշխանությունը իր ռազմական բոլոր ստրուկտուրաներով(ներառյալ՝ Արցախը): Սրանք տառապում էին կամ աննորմալ շահախնդրությամբ կամ աննորմալ պոպուլիզմով: Հիմա մենք բոլորս երազում ենք այս ախտերից զուրկ իշխանություն ունենալ, իսկ յուրաքանչյուրս կամ ավելի ճիշտ նրանք, որոնք կարող են քիչ թե շատ ազդեցություն ունենալ նոր իշխանության ձևավորման գործում, իրենց հարց տալիս են՝ իրենք զերծ ե՞ն նշված ախտերից և միայն հայրենասիրական մղումներով են առաջնորդվու՞մ: Այս բարդ և ծանր ժամանակաշրջանում մեր քաղաքական դաշտի և հարակից սեգմենտի գործիչների ո՞ր տոկոսն է անշահախնդրորեն նվիրված հայրենիքի կորսված արժանապատվության վերականգնմանը: Իմ սուբյեկտիվ կարծիքով այն մի քանի տասնյակի չի հասնում: Համոզված եմ՝ երբ այդ տոկոսը մոտենա 50-ի սահմանին, մեր ժողովուրդը կկարողանա ամնաճիշտ և օբյեկտիվ ընտրությունը կատարել, իսկ հիմա, ավելի քան երբևէ, ինֆոմացիոն դաշտը վեր է ածվել մի մեծ ու անտակ ախբամանի, որից գլուխ հանել, այն էլ հասարակ ժողովրդի կողմից, մեղմ ասած՝ դժվար է:

    • Հ.Շ. says:

      Տեսակէտ մըն է: Why not…
      Միայն թէ, ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս ամէնուն մէջ, չունի եղեր պատասխանատւութիւն…
      . անկախութեան եւ պետութեան հիմքերը ինք ստեղծեց
      . ընկերային-տնտեսական քայքայումը, ինչպէս նաեւ – կամ, հետեւաբար – արտագաղթի ախտը, սկսեցին իր օրօք
      . հանրային հարստութեան նախնական, բառին բուն իմաստով թալանը, յատկապէս «սեփականաշնորհում» նուրբ բառի ներքոյ, լայնօրէն ամբողջացաւ իր ժամանակ (յաջորդողները, եղածը չէ որ կերան կամ սեղմ շրջանակի մը մէջ բաժնուեցան, այլ տնտեսական նոր զարգացումի ընդմէջէն, ապօրինի կամ անբարոյ կերպով սեփական գրպաններ լեցուցին… կայ տարբերութիւն…) :
      . ինչո՞ւ ինք չկարողացաւ վերջացնել պատերազմը, լուծել Արցախը խնդիրը. իմ ամբողջ ենթադրեալ խելքով, ըստ իր համակիրներին՝արտակարգ կարողութիւններով. առաւել, մինչեւ որոշ պահ մը, վայելելով լայն ժողովրդականութիւն.
      . երբ որ Քոչարյանը կ’ուզէր ընդունիլ Քի-Ուեէսթի համաձայնութիւնը, ինչո՞ւ ԼՏՊ-ն, եթէ այդքան մեծ «պետական մարդ» է, մէկդի չդրաւ իր անձնական զգացումները, եւ որեւէ կերպով չօգնեց որ այդ գործընթացը տեղ հասնի.
      . իսկ, Ձեր տեսանկիւնի հիման վրայ, եթէ Քոչարյանը այդքան վատ պիտի համարուի, ո՞վ է որ զինք բերաւ Երեւան… այդ նոյն, մինչդեռ իբրեւ թէ արտակարգ խելացութեան եւ լուսաւոր իմացութեան տէր մարդը. ի դէպ, քանի որ սկսած էք երեւի տեսնել այժմու վարչակարգի խորտակիչ երեսները, դրա գոյացման մէջ ալ հիմնական դերակատարութիւն ունի առաջին նախագահը. 2008-ի նախնական փուլով:

      Անցեալին խոր վիրաւորանք ապրած եմ այս նիւթով, սակայն այլեւս մասնաւոր անձնական զգացումներ, ենթակայական ոխ, կամ այդպիսի բաներ չունիմ ես, ԼՏՊի հանդէպ: Դառնութիւն եւ ափսոսանք միայն: Սակայն իր կեանքի մայրամուտին, եթէ նա կ’ուզէ որ Պատմութիւնը աւելի բարեացակամ հանդիսանայ իրեն հանդէպ, պէտք որ մի քիչ էլ մեզ շնորհէ՝ ինքն իր մասին, իր գրիչով, ինքնաքննադատական ակնարկներ: Փոխանակ մինչեւ ծայր մնալու իր այդ հիւանդագին մեծամտութեան մէջ: Զորս, կ’ենթադրեմ, ոմանց համար հմայիչ է… Նրա բացառիկ անձնաւորութեան իւրայատկութիւնն է…

      Վերջին հաշուով, Հայաստանի ցարդ ունեցած չորս գերագոյն ղեկավարներուն մէջ, միակ իսկական «կուռքը», ինքն է: Յաջորդ երկուքը բացարձակ ատելութեան թիրախներ դարձան, իսկ անկարելի է որ ասկէ երեսուն տարիներ ետք, տակաւին գտնուին անձեր, որոնց համար Փաշինյանը՝ ամենագէտ, ամենակարող, հոյակապ ու պաշտելի էակ մը համարուի: Մինչ այսօր տակաւին կամ ոմանք, որոնք առաջին նախագահը կը տեսնեն որպէս, անգամ մը եւս՝ Փրկիչ:

      • Հ.Շ. says:

        . կարեւոր կէտ մըն ալ աւելցնեմ, ԼՏՊի գործած էական աւերներու այդ ցանկին՝ այն ժամանակաշրջանին, երբ ամենաբարձր տրամադրութիւններն ու հաւանականութիւնները ստեղծուած էին, որ Դասական Սփիւռքի հայերէն շատեր, նշանակալից թիւով, տեղափոխուին Հայաստան, ինք է որ այդ նախնական թափը կոտրեց, ուղղակի ճակատ բանալով՝ այդ Սփիւռքի հիմնական կազմակերպութիւններէն մէկուն դէմ… խնդիրը, միայն մէկ կուսակցութիւն մը չէր, այլ նաեւ նրա յարակից բազմաթիւ միութիւնները, աշխարհի տարածքին… բոլորին վրայ, պաղ ջուր թափուեցաւ… սովետի վախտ հաստատուած, եւ Անկախութեան շնորհիւ պահ մը դարմանուած, այդ Սփիւռքի «հակա-հայաստանեան» զգացումները, ժխտական հակումները, դարձեալ բորբոքեցան… սպիանալ սկսած վէրքերը, ետ բացուեցան… եւ այդ կոտրուած կուժը անկէ ետք անհնար էր ետ սարքել… այսինքն, այսօր որ խօսում ենք ներազգային պառակտումի մասին, անոր ալ «պապան», ի մասնաւորի՝ Հայաստան-Դասական Սփիւռք յարաբերութիւններուն մէջ, առաջին նախագահն է.

  6. Ruben says:

    Ամեն ինչի մեջ մեղավոր են դաշնակ Լեյբ Դավիդովիչ Բրոնշտեյնը (Տրոցկին), մասոն Ալեքսանդր Իվանովիչ Խատիսովը, մեռած, բայց չթաղված Վլադիմիր Ուլյանովը և քարավանսարաի Վավան:
    Թե ինչ պետք է անեն գեներալները.
    գ/ լուրջ դեմքով գլուխները տմբտմբացնեն, «չեստ տան» եւ կատարեն Նիկոլ Վավաեւիչի հրամանը՝ բնականաբար, վարչապետի տեսախցիկների առաջ:
    Անցած 30 տարիների ընթացքում մարդիկ հեռացան, իսկ ուսապարկերը մնացին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031