Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական քննարկում օդանավակայանում

Մարտ 12,2021 11:00

«Թուրքիան Ռուսաստանի շատ կարեւոր եւ ռազմավարական գործընկերն է». Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն առաջիկայում

Դոհայի օդանավակայանում մարտի 10-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումն իր թուրք գործընկերոջ հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Այն, որ դեռ 44-օրյա պատերազմի օրերից ռուս-թուրքական շփումներում ԼՂ-ի հարցը օրակարգային առանձին հարց է՝ միանշանակ է: Լավրովն ու Չավուշօղլուն արդեն օդանավակայանում են քննարկում իրավիճակը ԼՂ-ի շուրջ, իսկ դա նշանակում է հրատապ հարցեր կան ճշգրտելու:

Իրավիճակն իսկապես խիստ մտահոգիչ է թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի շուրջ: Ադրբեջանի նախագահը, թեեւ շարունակ հայտարարում է, թե ԼՂ խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով եւ հակամարտությունն ավարտվել է, սակայն գործնականում այդ երկիրը, կարծես, նոր պատերազմի է պատրաստվում:

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցեն մինչեւ 10 000 զինծառայողներ, շուրջ 100 զրահամեքենաներ, մինչեւ 200 հրթիռային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Ընդ որում, զորավարժությունները տեղի կունենան բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հիմնական ուշադրությունը կդարձվի զորքերի ղեկավարմանը, բարելավելով տարբեր տեսակի զորքերի՝ հրթիռային, հրետանային, ավիացիոն, եւ հատուկ նշանակության ջոկատների մարտական համակարգումը ու փոխգործակցությունը: Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են ահաբեկչական ջոկատների ու անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի հակաահաբեկչական գործողություններ:

Այսպես, բարդ ռելիեֆով լեռնային անտառապատ տեղանքներում հակաահաբեկչական գործողությունների մշակման անհրաժեշտություն ինչո՞ւ է զգում ադրբեջանական բանակը: Ադրբեջանը ռազմական բյուջեն է մեծացնում, իրար հաջորդող զորավարժություններ անցկացնում, իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանը պատերազմի ավարտից հետո արդեն չորս ամիս…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի (Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմին) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ում պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: «Մենք անընդհատ միասին ենք, միմյանց աջակցում ենք ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչպես գիտեք, մեծ երախտագիտություն է առաջացրել համայն ադրբեջանցի ժողովրդի մոտ: Դա բնական է, քանի որ երկու եղբայրական երկրներ միշտ էլ իրար կողքի են: Իմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջին ժամերից իսկ մեզ ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցությունը, իհարկե, մեզ շատ է ոգեւորել: Համերաշխություն եւ աջակցություն են ցուցաբերել նաեւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարը եւ խորհրդարանի անդամները: Այսինքն՝ պատերազմի օրերը եւս մեկ անգամ ցույց են տվել, թե ինչպես են մեր ժողովուրդները կապված իրար հետ, ինչ սիրով ու հարգանքով են վերաբերվում միմյանց»,- եզրափակել է Ալիեւը:

Ալիեւը շեշտել է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել եւ նոր իրողությունների պայմաններում նա կարծիք է հայտնել է, թե պետք է նայել ապագային եւ մտածել տարածաշրջանում համագործակցության մասին, եւ մասնավորապես նշել է. «Կարեւորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»:

Մինչ Ադրբեջանը շարունակվում է զինվել, զորավարժություններ անցկացնել ու դարձյալ «Զանգեզուրի միջանցքի բացման» անհրաժեշտության մասին խոսել, Հայաստանի ներկայիս իշխանությունները հարկ էլ չեն համարում հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթացի մասին պարզաբանումներ տալ հասարակությանը:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, ինչո՞ւ է առհասարակ ընթանում հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթաց, այն էլ, ակնհայտորեն, ադրբեջանական զավթողական քաղաքականության դոզաների ցուցադրությամբ:

Ինչո՞ւմն է այս շտապողականության պատճառը եւ ինչո՞ւ է ռուսական կողմը ստանձնել այդ գործի «հովանավորչությունը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որքանո՞վ են տեղյակ այս գործընթացից: Թե՞ ամեն ինչ որոշվում է Ռուսաստան-Թուրքիա սեպարատ բանակցություններում, ապա արդեն քննարկվում եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափում:

Նկատենք, որ Լավրով-Չավուշօղլու օդանավակայանային բանակցությունները կայացել են Պուտին-Էրդողան նախապատրաստվող հանդիպումից առաջ: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները շուտով դեմ առ դեմ հանդիպում կունենան: Պայմանավորվածությունը ձեռք բերվեց օրերս, երբ Պուտինն ու Էրդողանը հեռակա մասնակցում էին թուրքական «Ակկույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին։ «Հույս ունեմ՝ ամենամոտ ժամանակներս դեմ առ դեմ հանդիպել իմ թանկագին ընկերոջը»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պուտինին։ «Պայմանավորվեցինք»,- արձագանքել է Ռուսաստանի նախագահը, հավելելով. «Մենք վաղուց չենք հանդիպել»։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե հանդիպման հստակ օրն ու ժամը դեռ որոշված չէ։

Թուրքիան Ռուսաստանի շատ կարեւոր եւ ռազմավարական գործընկերն է, եւ չնայած, օրինակ, Ղրիմի հարցում տարաձայնություններին՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են սերտ համագործակցությունը տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանում զինադադարի պայմանների պահպանման եւ պարտավորությունների կատարման մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում, շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայի շուրջ, մարտի 10-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշումը Պեսկովը դասել է տարաձայնությունների շարքին, որոնք, սակայն, չեն խանգարում ռուս-թուրքական ռազմավարական հարաբերություններին։ «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը, – ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ շարունակելով, – վստահ ենք՝ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ մեր դիրքորոշումը ճիշտ է»։ «Չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին միշտ հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ գտնելու՝ մեր գործընկերների քաղաքական կամքը», շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների հիմքում առեւտրատնտեսական մեծ նախագծերն են, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում։

Նկատենք, որ «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը, որին մասնակցեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը, Թուրքիայի նախագահն արձանագրել է. «Սա ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշն է»:

Նշենք նաեւ, որ ատոմակայանի չորրորդ բլոկի շինարարության մեկնարկը կտրվի եկող տարի: «Ակկույու» ատոմակայանը «Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ատոմակայանը պետք է ունենա չորս էներգաբլոկ։ Մոսկվան եւ Անկարան ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել էին 2010-ին։ Պուտինը երեք տարի առաջ հույս էր հայտնել, որ ատոմակայանի առաջին բլոկի շինարարությունը կավարտվի 2023-ին, երբ Թուրքիան նշելու է հանրապետության 100-ամյա հոբելյանը: «Ակկույու»-ն պետք է դառնա Թուրքիայի առաջին ատոմակայանը եւ ապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 10 տոկոսը։ Նախագծի արժեքը, «Ռոսատոմի» գնահատականներով կկազմի՝ մոտ 22 միլիարդ դոլար։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031