«Անկարողություն եւ մեծամտություն, որոնք հանգեցրին պարտության». «Առավոտի»-ի զրուցակիցն է ԳԽ (1990-1995թթ) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը
– Պարոն Գաբրիելյան, 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառների մասին տարբեր վարկածներ կան. Ձեր կարծիքով` ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում:
-Պատերազմը դեռեւս չի ավարտվել: Մենք պարտվել ենք պատերազմի 2020 թ. աշնանային փուլում: Պարտության պատճառները շատ են: Առաջին հերթին սխալ էր այն քաղաքականությունը, որը վարվեց՝ սկսած 1994 թ. հրադադարից: Հրադադարից հետո պետք է կնքվեր խաղաղության պայմանագիր, որը չարվեց: Դրա փոխարեն իշխանությունը սկսեց ազատագրված տարածքները վերադարձնելու բանակցություններ վարել: Որդեգրել այդպիսի անհեռատես քաղաքականություն եւ այն վարել շուրջ 25 տարի, դա նվազագույնը հարեւաններին չճանաչելու եւ չգնահատելու հետեւանք է, քանի որ դրանից ընդամենը 70 տարի առաջ այդ հարեւանները մեզ ցեղասպանության էին ենթարկել, Հայաստանի հիմնական մասը հայաթափել եւ հայրենազրկել: Պարտության պատճառը մեկն է. Հայաստանի՝ իրար հաջորդող իշխանությունները վարել են հակահայ, հակապետական քաղաքականություն, սկսած Արցախի հարցի լուծման հիմքերը սխալ դնելուց, վերջացրած Հայաստանի զարգացման նկատմամբ որդեգրած մոտեցումներից՝ վաշխառուական տնտեսական կարգ հաստատելով եւ կյանքի բոլոր բնագավառներում անարդարության արմատավորմամբ, իսկ այս ամենի գլուխը՝ երկրում հիմնադրած քրեաօլիգարխիկ համակարգն էր:
– Հայաստանի գործող իշխանությունը փորձեց պարտության պատճառներն ամեն տեղ, այդ թվում նաեւ բանակի, ՄՈԲ-ով եւ կամավորական հիմունքներով ռազմաճակատ մեկնածների վրա բարդել: Այդ իմաստով մենք խնդիր ունե՞նք:
– Հայ մարդը, առավել եւս երիտասարդը, իրեն զգում է իր երկրի տերը, իր ընտանիքի պատիվը պահողը, նրա մեջ թելադրող է դառնում հայի ինքնությունը, իր կամքից անկախ նրան սկսում է ոգեշնչել իր նախնիների ոգին, հայոց փառքի այն ներուժը, որը մեր երկարատեւ պատմության ընթացքում մեծամասամբ մեր ուղեկիցն է եղել: Փառք այն երիտասարդներին, որոնք հանուն Հայաստանի իրենց կյանքը տվեցին եւ մարտիրոսացան:
Կարդացեք նաև
Որոշ ուժեր փորձում են նսեմացնել մեր զորականին: Տեսեք, թե ինչպիսի քարոզչություն է տարվում՝ իբր զոհերը աննպատակ էին. այդպիսի կարծիք արտահայտողները սրբապիղծ են եւ մեր պետության թշնամիներ, այդպիսի մտքերը թշնամու կողմից են ներմուծվում եւ ուղղվում իշխանության դեմ, սակայն ցանկացած իշխանություն, ինչպես նաեւ ներկայինս՝ ժամանակավոր է, իսկ արժեքները մնայուն: Մեր երիտասարդները կռվել են հանուն Հայաստանի եւ Հայաստանը կանգուն է, նշանակում է նրանց կյանքի շնորհիվ է, որ Հայաստանը կանգուն է, իսկ հայ ժողովրդի ընթացքը թեկուզեւ որոշակիորեն խաթարվել է, սակայն պատմության քառուղիներում ապահովված է: Ապահովված է նաեւ վաղվա Աստվածային, հզոր, արդար Հայաստանի գալիքը:
– Հնարավո՞ր չէր չպարտվել:
– Իհարկե հնարավոր էր, եւ մենք կարող էինք հաղթել: Նոյեմբերի 9-ին հայտարարությունը ստորագրելուց եւ պատերազմը դադարելուց անցել է շուրջ չորս ամիս: Այդ ընթացքում ե՛ւ պատերազմի մասնակից զինվորականներ, ե՛ւ շատ մեկնաբաններ ներկայացրել են տեսակետներ, անձամբ ես համոզվել եմ, եթե հայրենական պատերազմի՝ ինչպիսին հռչակվեց այդ պատերազմը, պահանջներին եւ ռազմական դրությունից բխող միջոցառումներ կիրառվեին եւ իրականացվեր արդյունավետ կառավարում, ապա մենք ոչ միայն չէինք պարտվի, այլեւ կհաղթեինք: Մենք պարտվել ենք ռազմական հրամանատարության եւ գերագույն գլխավոր հրամանատարի ոչ արդյունավետ կառավարման հետեւանքով: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որը նույնիսկ մենք՝ սովորական քաղաքացիներս, էինք տեսնում եւ զարմանում, երբ օրհասական պատերազմ էր մղվում, իսկ ժողովուրդը ամբողջ ներուժը ներդնում էր թիկունքում՝ ռազմաճակատի բացերը լրացնելու համար, այդ ժամանակ զորակոչ, որպես այդպիսին չէր իրականացվում, այլ ռազմաճակատ էին հրավիրում կամավորների, որոնցից շատերը նույնիսկ սովորական հրազեն չէին տեսել: Դա բացարձակ անհեթեթություն էր:
– Այսինքն, ստացվում է, որ ժողովուրդը պատրաստ էր հաղթելու, իսկ իշխանությունը` ո՞չ:
– Այո, ցավոք սրտի, այդպես է, պատերազմի ընթացքը դա ապացուցեց: Իհարկե, այդ երեւույթը ուներ արմատներ, մեր ժողովուրդը ապրում էր հաղթանակի փառքով, իսկ իշխանությունը տասնամյակներ շարունակ մսխում էր այդ հաղթանակի փառքի պտուղները եւ զբաղվում էր ժողովրդին բարոյալքելով, պետությունը կողոպտելով, երկրում անարդարություն հաստատելով, որի հետեւանքով հարյուր հազարավոր հայեր լքեցին իրենց հայրենիքը՝ հանուն հանապազօրյա հացի:
– Մեր պարտության պատճառներից մեկն էլ նշում են թշնամու` անհամեմատ լավ սպառազինության մակարդակը:
– Այո, դա գաղտնիք չի եղել: Շուրջ երկու տասնամյակ Ադրբեջանը զինվում էր, վերակառուցում իր բանակը, մեծ աջակցություն եւ օգնություն ստանում Թուրքիայից, մեծ քանակությամբ նորագույն զինատեսակներ գնում Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից եւ այլ երկրներից: Հիշո՞ւմ եք Ռուսաստանի հարցում ինչ պատասխան էինք ստանում մեր նախկին իշխանությունից, երբ հանրությունը անհանգստացած ահազանգում էր, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որի հետ միասին գտնվում ենք նույն ռազմական բլոկի մեջ, որի ռազմական բազաները գտնվում են մեր երկրում, որը մեր անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է, զինում է մեր թշնամուն. «ի՞նչ կարող ենք անել, դա կոմերցիոն գործարք է»: Զարմանում ես այդպիսի անպատասխանատվության համար:
Սարսափելի բացթողումներ են կատարվել բանակում, սկսած հակաօդային պաշտպանական եւ հարձակողական համակարգերից, վերջացրած վերգետնյա եւ ստորգետնյա պաշտպանական ինժեներական համակարգեր չկառուցելուց, զորամիավորումների՝ ժամանակակից պատերազմներին պատրաստ չլինելը, սահմանային գծին մոտ բնակավայրերի բնակչության պատերազմի անպատրաստ լինելը եւ այլն: Օրինակ, Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ինչո՞ւ չպետք է ունենար արտոնություն՝ օգտվելու Ռուսաստանի հետախուզական եւ ռազմական նշանակության արբանյակային համակարգերից: Տպավորություն ես ստանում, որ մեր իշխանությունները շուրջ 25 տարի ամեն ինչ արել էին, որ պարտվենք: Այս թեման հատուկ պետական՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության նյութ է, որի ստեղծումը անհասկանալի պատճառով նույնպես ուշանում է:
– ՀՀ բոլոր իշխանությունները մեր ռազմատեխնիկական հագեցվածությունը բացատրում էին ֆինանսական ռեսուրսների սղությամբ:
– Ֆինանսական միջոցները իբր թե բավարար չէին, դա պատրվակ էր, սակայն եկեք հայացք նետենք վերջին քսան տարվան: Պարզվում է, որ կողոպտելու համար միջոցներ կային. այն ժամանակվա տվյալներով՝ տարեկան մոտավորապես 1.5-2.0 մլրդ դոլար էր գողացվում եւ հանվում պետությունից: Ստեղծվում էին այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանում արդյունաբերություն եւ, մասնավորապես ռազմական արդյունաբերություն չզարգանա, որովհետեւ իշխանությունը ստեղծել էր պետությունը կողոպտելու հատուկ մեխանիզմներ՝ զենք, զինամթերք գնելու համար: Աներեւակայելի է, նույնիսկ մեր դաշնակցից զենք եւ զինամթերք էին գնում օֆշորային կազմակերպությունների միջոցով: Ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը ուղիղ հարաբերությամբ զենք եւ զինամթերք չէր գնում Ռուսաստանից, սակայն ամենազավեշտալին այն է, որ նույնը շարունակվում է նաեւ հեղափոխական կառավարության ժամանակ: Հետեւություն. եթե պետությունը չկողոպտեին, եւ զինված ուժերը եւ ժողովրդին պատրաստեին պատերազմի, ապա մենք ոչ միայն չէինք պարտվի, այլեւ զոհերի թիվը շատ անգամ նվազ կլիներ, իսկ մեր սահմանները արեւելյան ուղղությամբ է՛լ ավելի առաջ կտեղաշարժվեին:
– Նախկինների մասով հասկանալի է, իսկ ո՞րն է գործող իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի մեղքը. խոսվում է դավաճանության, միտումնավոր տարածքներ հանձնելու, ինչ-ինչ պայմանավորվածությունների, 5 միլիարդ դոլարի մասին:
– Կարծում եմ, փողի մասով անհեթեթություն է: Սակայն Փաշինյանը, որպես պետության ղեկավար եւ պատերազմի փուլում գերագույն գլխավոր հրամանատար, պետք է պետությունը հասցներ բերել ռազմական դրության եւ պատերազմը հաղթելու տրամաբանության. այսինքն, առաջին հերթին զորակոչվեին այն մարդիկ, որոնք վերջին տարիներին էին զորացրվել եւ տիրապետում էին մարտական զենքերին, դեռեւս նրանց հիշողության մեջ թարմ էին ծառայության ընթացքում ձեռք բերված ռազմական գիտելիքներն ու գործնական կիրառումը: Հայաստանի ունեցած զենքերի ամբողջ տեսականու չկիրառումը եւ ամենագլխավորը՝ Փաշինյանը լիարժեք երկու տարի իշխանության գլխին էր, ինչո՞ւ նախկինների այն թերությունները, որոնք հնարավոր էր ուղղել կարճ ժամկետներում, չեն կատարվել, օրինակ ինժեներական ամրակառույցների կառուցումը, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը պատրաստ չէր պատերազմի եւ ինքնապաշտպանության: Ցավոք սրտի, այս վերջին նշումս շարունակվում է նաեւ հիմա: Իսկ դավաճանության եւ միտումնավոր տարածքներ հանձնելու թեզը, կարծում եմ. հիմնազուրկ է: Եթե կարճ ներկայացնեմ, ապա՝ անկարողություն եւ մեծամտություն, որոնք հանգեցրին պարտության:
– Արցախյան առաջին հետպատերազմյան շրջանում արդեն ակնհայտ էր, որ արտագաղթի եւ ծնելիության նվազման հետեւանքով մեր զինված ուժերը համալրման խնդիր են ունենալու, ժամանակին Վազգեն Սարգսյանն այդ խնդիրը հաճախ էր բարձրացնում: Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդպես էլ քայլեր չձեռնարկեցին այդ առումով:
– 1990 թվականների վերջին արդեն պարզ էր, որ շուտով զինված ուժերում քանական առումով խնդիրներ ենք ունենալու՝ հիմնականում արտագաղթի պատճառով, իշխանություններն այդ ուղղությամբ նույնպես որեւէ քայլ չձեռնարկեցին: Օրինակ, ինչո՞ւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զանգվածորեն չէին պատրաստում պատերազմի, ինչո՞ւ յուրաքանչյուր բնակավայրում չէր ստեղծվում զորամիավորում՝ բանակային պահանջներին համապատասխան, որ այդ բնակավայրերի տղամարդիկ պատերազմի դեպքում ոչ թե լքեին իրենց բնակավայրերը, այլ, որպես զինված ուժերի մաս, մտնեին պատերազմի մեջ: Օրինակ, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները երբեւէ քայլեր չձեռնարկեցին Հայաստանի անվտանգության երաշխիքները բարձրացնելու նպատակով այլ համակարգեր նույնպես ընդգրկելու ուղղությամբ, որի հավանականությունը եւ ուղիները նշմարելի են եւ ներկայումս նույնպես հնարավոր է եւ իրագործելի:
– Ինչպե՞ս, ի՞նչ անել հիմա:
– Առաջին հերթին՝ դիմել Մինսկի խմբի եռանախագահող երկրներին, Արցախում եռանախագահող երկրների դիտորդական կենտրոն տեղակայելու առաջարկով:
Երկրորդ, Հայաստանը պետք է հրաժարվի 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության բոլոր կետերից, բացառությամբ 1,3,7,8 կետերից եւ պահանջի ադրբեջանական զորքերը դուրս բերել Արցախի Հանրապետության տարածքից, վերադառնալ նախկին սահմանագծին եւ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակել բանակցությունները Արցախի հարցի կարգավորման համար: Ադրբեջանը շատ կոպիտ խախտում է թույլ տվել, նա հարցի կարգավորման երեք առանցքային հիմնադրույթներից մեկը խախտել է, այն է՝ բացառել ուժի կիրառումը: Իսկ նա ոչ միայն ուժ է կիրառել, այլեւ ագրեսիա է իրականացրել Արցախի նկատմամբ: Ագրեսիային մասնակից է դարձրել մի քանի այլ պետությունների եւ միջազգային հազարավոր ահաբեկիչների, կիրառել է արգելված զենք եւ զինամթերք՝ կասետային եւ քիմիական՝ ֆոսֆորային ռումբեր, հրթիռահարել է եկեղեցիներ, հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր, տներ եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: Ռուսական խաղաղապահ զորամիավորումը այս պահին ի վիճակի է ապահովել, որ մարտական գործողություններ չվերսկսվեն: Բայց, միեւնույն ժամանակ պետք է ամեն ժամ պատրաստ լինել նոր պատերազմի: Ցավոք սրտի, այդպիսին է մարդկության ընթացքը:
– ՌԴ նախագահը հայտարարեց, որ այդ հայտարարությունից հրաժարվելը Հայաստանի համար կլինի ինքնասպանություն:
– Այո, Ռուսաստանի նախագահը այդպիսի տեսակետ հայտնել է, սակայն նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը քանի անգամ է խախտել այդ պայմանավորվածությունները եւ խախտում է առ այսօր՝ ազատ չարձակելով մեր ռազմագերիներին, քանի բնակավայր, որոնք մեր զորքերի վերահսկողության տակ էին մնացել, անցան Ադրբեջանի վերահսկմանը: Եվ ամենակարեւորը, աշխարհում իրավիճակ է փոխվում, որը պետք հաշվի առնել եւ գործել այդ տրամաբանությամբ: Ռուսաստանի նախագահը փորձում է թեթեւացնել իր հոգսերը, որպես ռազմավարական դաշնակից նա մասամբ է կատարել իր պարտավորությունները: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ո՞ւր են այդ համակարգի երաշխիքները՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Իսկ ստեղծված իրավիճակը ինչո՞վ ինքնասպանություն չէ, չէ՞ որ Հայաստանը կորցրել է իր տարածքների շուրջ 30 տոկոսը եւ իր անվտանգության ապահովման կառույցների զգալի մասը եւ հոգեբանորեն ծանր է տանում պարտությունն ու չի կարողանում դուրս գալ այդ ընկճվածությունից եւ վերակազմակերպվել: Կարծում եմ, ՌԴ նախագահի արտահայտությունը տվյալ պահի արդյունք էր, եւ Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով:
Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2021