Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն առաջարկում է աշխարհազորային եւ երկրապահ կամավորականին հավասարեցնել զինվորականի կարգավիճակին

Մարտ 12,2021 14:30

Նախագծի հեղինակները մտադիր են ռազմական հանցագործությունների սուբյեկտների ցանկում ներառել աշխարհազորայիններին եւ երկրապահ կամավորականին, այսպիսով փորձում են լուծել ռազմական հանցագործության համար նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՀՀ Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը, եւ մտադիր է «Զինվորական ծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում նույնպես լրացում կատարել։

Այս առաջարկությունն առնչվում է աշխարհազորին եւ երկրապահ կամավորականներին, որոնց ՔԿ-ն ցանկանում է հավասարեցնել զինվորականների կարգավիճակին, բայց ոչ թե բարի նպատակներով, այլ՝ նրանց հավասարաչափ պատասխանատվության ենթարկելու համար։

Քննչական կոմիտեի՝ շրջանառության մեջ դրած նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում «(այսուհետ` զինծառայող)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ աշխարհազորայինները եւ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք՝ Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողություններ իրականացնելիս:» բառերը: Զուգահեռ առաջարկվում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները եւս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ կներառվեն զինծառայողներին եւ զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում:

Եվ, եթե օրենսգրքում նշված լրացումը կատարվի, ապա հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառեն աշխարհազորայիններին եւ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, եւ, ինչպես նշված է նախագծում, կկարգավորվի վերջիններիս կողմից ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը:

Նախագծի հեղինակները, ներկայացնելով իրավիճակն ու այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, հիմնավորում են՝ 2020 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-466-Ն օրենքը, որով օրենսդրությամբ առաջին անգամ ամրագրվել է «աշխարհազոր» եզրույթը: Օրենքի ընդունումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում էր ոչ լրիվ ծավալով, այն չուներ համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել եւս, ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում։

«Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց էին տվել, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող էր տեղափոխվել երկրի տարածքի խորքը` դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների, ինչպես նաեւ հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու եւ ոչնչացնելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի եւ միջոցների համախումբ` աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Աշխարհազորը սահմանվում է որպես քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են ՀՀ զինված պաշտպանությանը:

Օրենքը սահմանում է, որ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»,-նշված է նախագծում:

Ապա՝ նախագծի հեղինակները նկատում են. «ՀՀ պաշտպանության նախարարությունը, աշխարհազորի վերաբերյալ դրույթները սահմանելիս օրենքում հստակ ամրագրել է աշխարհազորայինի եւ զինծառայողի կարգավիճակների տարբերությունը: Եվ, ի թիվս այլնի, օրենքում հստակ սահմանվել է, որ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն իրականացնում է կամավորական հիմունքներով, իսկ զինծառայողների համար այն հանդիսանում է պարտականությունգ: Սակայն պետք է հստակ ամրագրել, որ վերը շարադրվածը չի նշանակում, որ աշխարհազորայինները պատերազմի ժամանակ կամ մարտական գործողությունների ընթացքում առաջադրանքներ կատարելիս չեն իրականացնում զինծառայողներին վերաբերելի գործառույթներ: Եվ, հետեւապես, աշխարհազորայինները կարող են հանդիսանալ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներ: Ավելին, նման մոտեցումը վերաբերելի է նաեւ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031