ՀՀ նախագահը դիվանագիտական հնարքով հրաժարվեց իր տեսակետից եւ անգործություն ցուցաբերեց ու գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու ակտը չուղարկեց Սահմանադրական դատարան, միաժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է ուղարկելու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետի ակտը ուժի մեջ է մտնելու օրենքի ուժով։
Իմ համոզմունքով՝ կեղծված սահմանադրության իրարամերժ եւ անորոշ նորմերի հենքով, ինչպես նաեւ վարչապետի եւ նախագահի հայեցողությամբ ուժի մեջ մտած որոշումը խնդրի հանգուցալուծում չի կարող ճանաչվել, քանզի հրամանագրի օրինականության հետ կապված բազմաթիվ կարեւոր հարցերը դեռեւս պարզաբանված չեն եւ ենթակա են օրինական հետաքննության։
Ստորեւ անդրադառնանք այդ հարցերին։
Կարդացեք նաև
1.Վարչապետի հրամանագրի հիմքերը օրինակա՞ն են, թե՞ ոչ:
Նկատենք, որ մինչ գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու որոշում ընդունելը վարչապետը մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատել է նաեւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Պաշտոնյային ազատելու հիմքը կամ առիթը հայտնի «Իսկանդեր» հրթիռի 10 տոկոսով պայթելու՝ վարչապետի աղմկահարույց հայտարարությունն էր, ինչը գեներալի մոտ ծիծաղ էր առաջացրել։
Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները այդ հայտարարությունը ժխտեցին եւ պարզաբանումներ պահանջեցին։ ՀՀ վարչապետը ընդունեց իր սխալը եւ ներողություն խնդրեց ռուսական կողմից։
ՀՀ որեւէ օրենքով ծիծաղը աշխատանքից կամ պաշտոնից ազատելու հիմք չի հանդիսանում, եւ վարչապետի հրամանագիրը եզակի ու աննախադեպ էր։ Մեկ էլ Հյուսիսային Կորեայի մոլագար առաջնորդն է ծիծաղելու կամ ննջելու համար առանց դատ ու դատաստանի գեներալներին եւ այլոց մահապատժի ենթարկում կամ պաշտոնից հեռացնում։
Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկելու դեպքում էլ հիմքը ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունն է, որ «ՀՀ զինված ուժերը կատարել են ռազմական հեղաշրջման կամ բռնությամբ իշխանությունը զավթելու փորձ»։
Վարչապետը այս հանգամանքը վերահաստատեց իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ելույթում եւ ասաց, որ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագիր է ընդունել այդ պատճառով, նա դավաճան է եւ այլն։
ՀՀ քրեական դատավարական օրենսդրությամբ նման տեղեկատվությունները համարվում են կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդում։
Սույն օրենսգրքի 180-րդ հոդվածում շեշտադրված է՝ հաղորդումը պետք է քննարկել եւ լուծել անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանք ստանալու 10-օրյա ընթացքում։
Վարչապետի հայտարարության կամ հանցագործության մասին հաղորդումից հետո մինչ օրս քրեական հետապնդում իրականացնող մարմինները որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել, որ ՀՀ զինված ուժերը կատարել են ռազմական հեղաշրջման կամ բռնությամբ իշխանությունը զավթելու փորձ։
Այս հանգամանքը սպառիչ հաստատում է, որ հիշյալ հասարակական վտանգավոր արարքը կամ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը տեղի չի ունեցել։ Հետեւաբար, այն առիթը, որը վարչապետը հիմք է ընդունել գլխավոր շտաբի պետին պաշտոնանկելու համար, գոյություն չունի (կամայական որոշում)։
2. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները վարչապետի կողմից հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ ի՞նչ որոշում են ընդունել։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝
1. Քրեական գործ հարուցելու մասին։
2. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
3. Հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին։
Քրեական հետապնդում իրականացնող մարմինները օրենքով սահմանված հիշյալ գործողությունների կատարման վերաբերյալ նույնպես մինչեւ օրս հաղորդագրություն չեն տարածել, ինչը վկայում է, որ իրավասու մարմինները վարչապետի կողմից հնչեցրած՝ «զինված ուժերը կատարել են զինվորական հեղաշրջման փորձ» հայտարարությունը կամ հանցագործության մասին հաղորդումը չի քննարկել եւ որոշում չի ընդունել։ Դատավարական կարգը հետեւյալն է. եթե հանցագործության մասին հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթը օրինական չէ եւ հիմքերը անբավարար են, ապա իրավասու մարմինը պետք է ընդունի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։
3. Որո՞նք են որոշումը չկայացնելու առիթները։
Վարչապետի հիշյալ հայտարարությունը իրոք առիթ եւ հիմք չի հանդիսանում քրեական գործ հարուցելու համար, քանզի հանցագործության դեպք տեղի չի ունեցել։
Սակայն, եթե վարչապետի հայտարարության առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում ընդունվեր, ապա ի հայտ էր գալու, որ վարչապետը սուտ տեղեկատվություններ է տարածել եւ զինվորականներին մեղադրել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Այս գործողությունը առաջացնում է քրեական պատասխանատվություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Այս հոդվածում ասված է. հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ տրամադրված տեղեկատվությունը կեղծ է (2-րդ մաս 1-ին կետ), որը զուգորդված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով։
4. Ինչպե՞ս է հանգուցալուծվելու խնդիրը։
Իմ պատկերացմամբ՝ քանի որ վարչապետի՝ «ՀՀ զինված ուժերը կատարել են զինված հեղաշրջման փորձ» հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում կամ սուտ է, ապա այդ հիմքով գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը անօրինական եւ առոչինչ է։
Այդ ակտը ենթակա էր դատական կարգով քննարկման, սակայն ՀՀ նախագահը տարավ փակուղի։
Հաջորդը, քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր են քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածների պահանջներին համահունչ պատշաճ եւ անհապաղ քննարկելու վարչապետի հայտարարությունը կամ հանցագործության մասին հաղորդումը եւ ընդունելու համապատասխան որոշում։
Դրանով ի հայտ է գալու՝ գլխավոր շտաբի պե՞տն է հանցագործություն կատարողը, թե՞ ՀՀ վարչապետը։ Հանցագործության մասին հաղորդումը չքննարկելը նշանակում է պարտակում։
Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
Իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
11.03.2021
Մինչև Հյուսիսային Կորեայի մոլագար առաջնորդին հիշելը խորհուրդ կտայի հիշել հայկական մոլագարին – մարդուն գործից ազատելու փոխարեն միանգամից սպանեցին …ընդամենը բարևելու հանդգնության համար: Այն ինչ կատարվել է մեր ժամանակներում, հասարակությունը դեռ չի հասցրել մոռանալ:
Կարծում եմ նախկինում էլ( ասենք 2008-ի մարտ-ապրիլին ) խիզախություն ունեցել եք նմանատիպ վերլուծություններով հանդես գալու…