Հարցազրույց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի հետ
– Դուք եք աշխարհի լույսը եւ երկրի աղը` յուրաքանչյուրիս ասել է Հիսուս Քրիստոսը։ Ինչպե՞ս լինել «աշխարհի լույս» եւ իրական «երկրի աղ» այսօրվա մեր իրականությունում։
– Մեր Տիրոջ այս խոսքերը առավելաբար այսօր շատ արդիական են եւ պետք է լինեն հաճախ մտորելու առիթ տվող եւ կյանքի վերածվող խոսքեր: Մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, կանչված ենք եւ կոչված՝ երկրի լույսը եւ աղը լինելու: Կոչված ենք հավատքի մեջ հասուն լինելու եւ այդ հասունությունը գործի վերածելու: Մենք պետք է ապրենք Տիրոջը մեր հավատարմության ուխտի վերանորոգությամբ, պետք է ապրենք ՝ քրիստոնյա լինելու ոչ միայն շուրթերով, այլ ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ, եւ միայն այդ դեպքում կարող ենք լուսավորել մեր շրջապատը եւ մեր քրիստոնեավայել կենցաղն ու կյանքի օրինակը, կարող է որոշիչ դառնալ ուրիշներին Կենդանի Վեմին՚ Հիսուս Քրիստոսին մոտեցնելու եւ Իր Կենաց Ջրից խմեցնելու: Մենք պետք է օրինակ լինենք մեր շրջապատում՚ հավատքի, հույսի եւ սիրո: Մեզանով, իբրեւ քրիստոնյաներ, պետք է համեմվի աշխարհը եւ մեր ներկայությունը լույս պետք է լինի մեզ շրջապատող մարդկանց համար՚ Տիրոջը ճանաչելու, գտնելու եւ Իրենով ապրելու լույս: Որքան էլ դժվար է այսօրվա իրականությունը, որի մեջ ենք մենք, այնքան առավել պետք է կառչենք մեր հավատքից եւ մեր ազգային արժեքներից: Սա է մեր փրկության հրամայականը:
– Մարդ աստվածատուր ազատություն ունի, իսկ քրիստոնյայի մեծ ցանկությունն է պահպանել այդ ազատությունը կամ վերգտնել, եթե կորցրել է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է հոգու ազատության ճշմարիտ ընկալումը:
– Լինել հոգով ազատ՝ իմ պատկերացմամբ, նշանակում է լինել Քրիստոսի շնորհած ազատության մեջ, լինել Քրիստոսով ազատ եւ ոչ այս աշխարհի հաճույքներով եւ պատրանքներով, լինել խոնարհ, լինել ներողամիտ, հանդուրժող, պատրաստ անձդ զոհաբերելու հանուն Քրիստոսի Սիրո: Ազատ կամքը Աստծո ամենամեծ շնորհն է մարդուն: Բայց հաճախ մենք այդ ազատությունը վերածում ենք եսակենտրոնության, եսի փառաբանության, անձնասիրության, փառամոլության, սանձարձակության, Աստվածամերժության, ցոփ ու շվայտ կյանքի, անհանդուրժողականության, անտարբերության եւ այլ մեղքերի: Իր թղթերից մեկում Պողոս առաքյալն ասում է. «Ամեն բան քեզ կարելի է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է քեզ»: Ուրեմն՝ Քրիստոսով ազատ լինել , նշանակում է՝ լինել Տիրոջ հետ, Տիրոջ համար եւ Տիրոջ ճանապարհով քայլող քրիստոնյա:
Կարդացեք նաև
– «Վերցրու խաչդ եւ արի Իմ ետեւից» (Մատթեոս 16:24)՚ Տերն այսպես է ասում։ Այսօր ի՞նչ տրամադրություններ են տիրում քրիստոնյաների շրջանում։ Ինչպե՞ս մնալ հավատարիմ հավատքին։
– Մեծ Պահքի ճանապարհորդության ընթացքի մեջ ենք, եւ այս օրերը լավագույն առիթ են մեզ՝ իբրեւ քրիստոնյաներ, որպեսզի վերանայենք մեր կյանքը եւ հայելու մեջ նայենք եւ քննենք մեր հոգիները, որպեսզի հասկանանք, թե որքանով ենք մենք հեռացել Ավետարանական ճշմարտությունների ճանապարհներից: Քրիստոս մեզ պատվիրում է Իր խաչը վերցնել եւ, ուրանալով անձը, գնալ Իր հետեվից: Մենք պետք է սրբագրենք մեր կյանքը, պատրաստ լինենք, Անիրավ տնտեսի պես հնարամիտ լինելու եւ մեր բոլոր հնարավորությունները կիրառելու Քրիստոսին շահելու համար եւ երկնքում գանձեր դիզելու համար, որպեսզի Տիրոջ Խոստացած Արքայության մեջ տեղ ունենանք: Եվ երբ որ ամեն րոպե Տերը մեզանից հաշվետվություն պահանջի, մենք կարողանանք արդարացված դուրս գալ Տիրոջ առաջ: Պետք է անցնենք խաչելության ճանապարհով, որին կհաջորդի հարությունը:
Թող իսկապես Աստված իմաստություն տա մեր ազգի զավակներին, որ ապրենք Տիրոջ համար, ապրենք Քրիստոսին շահելու եւ այլեւս մեր մեջ ունենալու համար: Որովհետեւ Տիրոջ քաղցրությունը հավիտենական է, իսկ աշխարհիկ թվացյալ քաղցրությունը` ժամանակավոր: Թող Տիրոջ սուրբ խաչը պահապան լինի մեր ազգին. ամեն:
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2021