Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ անգամ է խոսքը փոխել Նիկոլ Փաշինյանը

Մարտ 12,2021 15:30

Կառավարությանը ասող կա՞

2020 թ. մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասաց. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

2018 մայիս 1-ին ԱԺ-ում, երբ Փաշինյանը դեռ վարչապետի թեկնածու էր, հիանալի մտքեր էր հայտնում: Երբ նրան հարցրեցին սուպերվարչապետական համակարգի մասին ու հիշեցրին, որ երբ «Ելք» խմբակցության ղեկավար էր ու քննադատում էր այդ միահեծան կառավարման համակարգը, Փաշինյանը, որը դեռ հիմնավոր չէր նստել վարչապետի փափուկ աթոռին, ասաց, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից. «Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները եւ նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը»: Նա հայտարարել էր, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա:

Մի քանի ամիս չանցած՝ 2018-ի նոյեմբերի 24-ին, քայլերթի ընթացքում լրագրողները Նիկոլ Փաշինյանին կրկին հիշեցրեցին իր խոստման մասին: Փաշինյանն այս անգամ պատասխանեց, որ սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չպետք է լինեն:

«Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ինչ-որ նպատակի հասնելու միջոց: Այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ լինի կիրառել այդ միջոցը, կկիրառենք նաեւ դա»: Հարցին՝ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվո՞ւմ է պահել կառավարման խորհրդարանական համակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս պահին դա փոխելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում: Ավելին, նա ընդգծեց, որ պետք է ձեւավորվի իրական խորհրդարանական կառավարման համակարգ:

Դրանից հետո՝ 2019-ի հունվարի 30-ին, երբ ճեպազրույցում Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանին դարձյալ հիշեցրեց, թե ինչեր էր խոստացել, ասել էր՝ «կառավարությանը ասող պիտի լինի», չի կարող միահեծան լինել, վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Հիմա կա ասող, ասողն էլ եմ ե՛ս» ու ծիծաղեց, հետո հավելեց՝ կառավարությանը ասող կա, խորհրդարանը այդ դերը կստանձնի: Թե ինչպիսի «ասող» է ԱԺ-ն եղել մինչ օրս, մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:

Եկավ 2019-ի մայիսի 8-ը: Նիկոլ Փաշինյանը, որպես իր մեկ տարվա գործունեության ամենակարեւոր հարցերից մեկը, նշեց սա. Հայաստանում չկա սուպերվարչապետ եւ չկա սուպերվարչապետական համակարգ: Ու այդ հանելուկը այսպես բացատրեց. «Հայաստանում այն, ինչ կատարվում է, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է սուպերվարչապետի մեքենան կանգնում լուսացույցի տակ: Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը եւ օրինական լծակները չեն: Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու՝ չներկրես: Բանանի գործը քեզ եմ փոխանցում, բենզինի գործը՝ մեկ ուրիշին, այստեղ պետք է գյուղապետ ընտրվի այս մարդը, այս քրեական գործը պետք է կարճվի կամ չկարճվի եւ այլն: Սուպերվարչապետական համակարգը դա է: «Բաղրամյան 26»-ը ինչո՞ւ վերադարձրեցինք, ինչո՞ւ են «Բաղրամյան 26»-ի եւ ԱԺ-ի դռները բաց»:

Նրա խոսքով, սուպերվարչապետական համակարգն այն է, երբ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը եւ ասում է՝ ոչ մեկին չեմ տա:

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ի դարպասները ոչ միայն փակ են, այլ նաեւ՝ զոդված, իսկ ԱԺ անգամ պատգամավորներն են դժվարությամբ մտնում, ուր մնաց՝ շարքային քաղաքացիների համար դռները բացեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031