Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում, ինչպես Եվրոպայում․ 450 հազար եվրո՝ քարտով աշխատող նոր ավտոբուսների համար

Մարտ 11,2021 22:00

Երեկ Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր Գյումրու տրանսպորտային ցանցը հիմնովին փոխելու, իր բառերով ասած՝ տիրող կատաստրոֆիկ վիճակին վերջ դնելու մասին։

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանին խնդրեց մանրամասնել, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով են փոխելու տրանսպորտը, որտեղի՞ց են միկրոավտոբուսներն ու ավտոբուսները պատվիրելու, ե՞րբ է այն դառնալու իրականություն և արդյոք հօդս չի ցնդելո՞ւ, ինչպես օդային տրանսպորտ ունենալու «Սքայ Գյումրի» ծրագիրը։

Արտյոմ Սարգսյանն ասաց, որ 2-3 տարի է՝ կա մտադրություն քաղաքի ողջ երթուղային ցանցը փոխելու, որոշակի աշխատանքներ կատարվել են այս ուղղությամբ։

«Արդեն կա նոր կազմված երթուղային ցանց, որը տրվել է մասնագիտացված կազմակերպությունների կողմից ու դեռ վերջնական վիճակում չէ։ Մինչև նոր մեքենաները ներմուծելը, կունենանք վերջնականը, սկզբնակետ, վերջնակետը, քանի երթուղի է լինելու քաղաքում։ Դա կլինի 2-3 ամսից», -ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հատկացրած սուբվեցիոն ծրագրով ձեռք են բերելու 70 «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, որից 30-35-ը համայնքապետարանի բյուջեի հաշվին, մնացածը՝ կառավարության։

Արտյոմ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Եվրամիության ծրագրով էլ 5 էլեկտրական ավտոբուսներ (դրանք 23 տեղանոց են) ձեռք կբերեն քաղաքի համար։ Այս ծրագիրն արդեն կյանքի է կոչված։

«Ավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, ունեն թեքահարթակ, նստելու հարմարանքներ։ Եվրամիության ծրագրով ձեռք է բերվելու նաև նոր քարտային համակարգ, որը ներդրվելու է, աշխատելու ենք նոր, քարտային համակարգով», -ասաց տրանսպորտային ոլորտի պատասխանատուն։

Արտյոմ Սարգսյանը նաև հայտնեց, որ Եվրամիության ծրագիրը 400-450 հազար եվրո է, իսկ Գյումրու քաղաքապետարանի բյուջեի հաշվին գնվող 30-35 «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները՝ մոտ 450 միլիոն դրամ են, այդքան էլ տրամադրելու է կառավարությունը։

«Գազելները կլինեն ժամանակակից՝ 16 տեղով, մարդկանց ոտքի վրա կանգնելու հնարավորություն ևս կա, բարձր են։ Դրանք Երևանի որոշ երթուղիներում արդեն շահագործվում են»,-նշեց Արտյոմ Սարգսյանը։

Տրանսպորտի ոլորտի պատասխանատուն վստահեցրեց, որ մինչև նոյեմբեր Գյումրին կունենա նոր երթուղային ցանց՝ նոր փոխադրամիջոցներով։

Արտյոմ Սարգսյանը հավաստիացնում է, որ այս ծրագրերը իրական են, դրանք նման չեն Գյումրու օդային տրանսպորտի ծրագրին՝ «Սքայ Գյումրի»-ին, որը հեքիաթ էր հիշեցնում։

«Խիստ անհրաժեշտ է մեր քաղաքին նոր տրանսպորտ ունենալը, քանի որ գիտեք՝ 15 տարի է շահագործման ժամկետը։ Կոնկրետ ես 9 տարի էլ համայնքապետարանի տրանսպորտի բաժնում եմ, չեմ տեսել մի ներդրող, որը կփորձի ներմուծել մեքենաներ և հետաքրքրություն կունենա մրցույթների հանդեպ։ Բազում տարիների փորձը ցույց տվեց, որ մարդկանց այս բիզնեսը չի հետաքրքրում։ Դրա համար քաղաքապետարանի բյուջեից ենք ձեռք բերում, մենք այս պահին ունենք աշխատող 50-60 մեքենա, դրանց տարիքն է լրացել, շահագործման 15 տարին դարձել են 10 տարի՝ կառավարության նոր որոշմամբ»,-ասում է Արտյոմ Սարգսյանը։

Գյումրին կունենա մոտ 8-9 երթուղի, յուրաքանչյուր երթուղում կշահագործվի 10 մեքենա, ամբողջ քաղաքը կսպասարկի 90 նոր մեքենա։

Ի դեպ, գործարարներից մեկը ցանկություն է հայտնել Գյումրիում հիմնել «խելացի կանգառ»՝ հեծանիվների կայանատեղիով, սպասասրահով, հեռուստացույցով, սրճեփի սարքով, առայժմ կլինի մեկը՝ քաղաքի կենտրոնական հրապարակում, նախագիծն արդեն պատրաստ է (տես լուսանկարներում):

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031