Քննարկում ԱԺ-ում ՝ «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համացանցում ատելության խոսքի կարգավորման վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:
Մասնակցեցին համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զեկույցի հեղինակները՝ ՄԱԶԾ փորձագետներ Արա Ղազարյանը եւ Դավիթ Ասատրյանը, ներկայացրին քննարկվող թեմային առնչվող առաջարկներ:
Կարդացեք նաև
Ուսումնասիրության արդյունքում փորձագետներն առաջարկել են կոնկրետ բանաձեւ՝ «ինքնակարգավորում կարգավորման միջոցով»: Փորձագետների կարծիքով՝ մեր երկրում կարող է կիրառվել գերմանական մոդելը, ըստ որի առաջարկվում է համացանցում բովանդակության կարգավորման առաջնային մանդատը տալ ինքնակարգավորման մարմիններին, իսկ պետական կարգավորող մարմիններն իրականացնեն որոշակի սահմանային վերահսկողություն ինքնակարգավորման մեխանիզմների իրավաչափության վերաբերյալ:
Պետական մարմինները պետք է վերահսկեն, թե իրենց կողմից մշակված ստանդարտները պահպանվել են, թե ոչ: «Օրինակ, ստանդարտներից մեկը կարող է լինել, եթե որեւէ կազմակերպություն ատելության խոսք է օգտագործել, ապա պետք է ոչ միայն հեռացնի այդ խոսքը, այլ նաեւ հայտարարություն տարածի, որ դա տեղի է ունեցել իրենց անփութության պատճառով»,-նշեց Արա Ղազարյանը:
Ըստ փորձագետների՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը որոշակիորեն կարգավորված է՝ ի տարբերություն դոմեյնների:
Տեղեկատվական զարգացվածությամբ եւ որոշ սարքերի թանկարժեք լինելով պայմանավորված՝ բովանդակության նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացվում: Նշվեց, որ միջազգային հանրության տվյալ ոլորտի ներկայացուցիչների միջեւ կա կոնսեսուս, որ այդ սարքավորումները խոսքի ազատության ոչ համաչափ սահմանափակման միջոց կարող են հանդիսանալ, ուստի դրանց կիրառությունը չի խրախուսվում:
Ատելության խոսքի դեմ միջազգային պայքարն իրականացվում է որոշակի միջամտություններ կատարելու միջոցով: Օրինակ՝ 2021 թվականի հունվարից գործում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից ստեղծված վերահսկիչ խորհուրդ, որն իրականացնում է այդ հարթակում արգելափակված բովանդակության իրավաչափության ստուգում:
«Կարգավորումներ սահմանելիս պետք է շատ զգույշ լինել: ԵՄ եւ ԵԽ տարբեր փաստաթղթերում նշվում է, որ ցանկացած կարգավորում, եթե վնասելու է ազատ խոսքին, ապա պետք չէ իրագործել»,-ընդգծեց Դավիթ Ասատրյանը:
Քննարկման ընթացքում կարեւորվեց Կառավարություն-քաղհասարակություն-օգտատեր համագործակցությունը: Կարծիք հնչեց, որ ինտերնետ կառավարման ոլորտում, միգուցե, պետք է ստեղծել միջնորդ դատարան, որը որոշումներ կընդունի թե՛ ատելության խոսքի, թե՛ էթիկական նորմերի խախտումների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ բարձրացված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում. առաջիկայում եւս կկազմակերպվեն նմանատիպ քննարկումներ: Հանձնաժողովի անդամների առաջարկով հետազոտությունը կքննարկվի նաեւ «Ինտերնետ կառավարման խորհրդի» առաջիկա նիստում, կներկայացվեն առաջարկներ Կառավարությանը եւ Ազգային ժողովին քաղաքականության մշակման եւ օրենսդրական բարեփոխումների նպատակով:
ՀՀ Ազգային ժողով