«2016 թվականի պատերազմը վերջին զգուշացումն էր ոչ միան ՀՀ իշխանությունների, այլև հասարակության համար՝ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս»,- Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում հրավիրված առցանց քննարկման ընթացքում հայտարարեց ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանը:
Նրա համոզմամբ՝ 2016-ի պատերազմն այն զգուշացումն էր, որի արդյունքում պետք էր հասկանալ՝ իզուր է կարծել, որ մեզ հնարավոր կլինի դիմակայել մեր խնդիրներին առանց ուսումնասիրելու աշխարհը, առանց հզորանալու, հասնելու այն մակարդակի, որ, իրոք, այնպես պատերազմես, որ անգամ մեզ վրա հարձակվելու փորձ չանեն: Գնահատելով կատարվածը՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ցավոք, ես ճիշտ էի իմ կանխատեսման մեջ: Ես Նոստրադամուս չէի, ուղղակի ակնհայտ էր, որ այդ անխուսափելի գործընթացը, որ 2016 թվականին սկսվեց, երբ ՀՀ սահմաններից ներս հասարակական այսպես ասած համաձայնագիր կար, որ, ժողովո′ւրդ, մենք մի քիչ թալանում ենք, բայց նաև թույլ չենք տալիս, որ անվտանգությունը խախտվեն: Բայց տեսանք, որ այդպես չեղավ, հատկապես վերջին տարիներին լուրջ խնդիրներ էին կոռուպցիան և չինովնիկների հարստացումը: Այդ ամենին հաջորդեց Սասնա ծռերի ապստամբությունը, Կարեն Կարապետյանի նշանակումը: Ասացի, որ Կարեն Կարապետյանի նշանակումով էլ նրան չի հաջողվի այս խնդիրները լուծել, միևնույն է, լուրջ մարտահրավերներ են սպասվում, հետո եղավ հեղափոխություն: Ես 2018 թվականի դեկտեմբերին ասացի, որ էմոցիոնալ ֆոնի վրա եկած անձը, որը տնտեսագետ չէ, կառավարման համակարգում փորձ չունի, նրան հնարավոր չի լինի պահել իշխանություն, հասարակություն, սփյուռք կապը: Եվ, ահա, ունենք այն, ինչ ունենք»:
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ Հայաստան ենք ուզում, մինչդեռ այս հարցի պատասխանը չի եղել ոչ ՀՀ-ում, ոչ սփյուռքում:
Ռուբեն Վարդանյանը կարծում է՝ 2016-ի պատերազմը շանս չէր թողել: Ըստ նրա՝ ստեղծված վիճակում մենք չպետք շարժվենք միֆերով և պատրանքներով:
Կարդացեք նաև
Այս առիթով Ռուբեն Վարդանյանը հիշեց. «Ինչպես ինձ հարազատ Կարեն Գևորգյանն էր ասել՝ մեր երկրում շատ Քաջ Նազարներ կան և շատ քիչ Սասունցի Դավիթներ»:
Ըստ նրա՝ ապրելով աշխարհից փակված՝ նշաձողն ենք գցում, և այս համատեքստում մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ հիմնական խնդիրը աշխարհում մեր տեղը հասկանալն է: Այնուհետև Ռուբեն Վարդանյանը հարցրեց. «Մեր էլիտայից քանի՞սն են եղել Մատենադարանում, Թումոյում, կամ ի՞նչ գիտեն՝ ինչ է Թումոն, ինչպես է աշխատում: Այս պսևդոհյուրասիրությունը, պսևդոգիտելիքը՝ միայն դիպլոմներով, այս ամենից պետք է ձերբազատվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուբեն Վարդանյանի նման հայորդիների գոյությունը հույս է ներշնչում ապագայի հանդեպ, անհրաժեշտ է գտնել նրանց ունակություններից օգտվելու ամենաարդյունավետ միջոցները…