Հայաստանում նոր քաղաքական ուժ է հիմնադրվել՝ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ներկայացուցչական հավաքը տեղի ունեցավ հինգշաբթի՝ մարտի 11-ին։
Նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը ասաց, որ երկրում տիրող իրավիճակը պարտադրում է համախմբվել, միավորվել և համապատասխան քայլեր կատարել․ «44 օր տևած մեր ազգի համար ցավալի պարտությունը մեզ թելադրեց նոր օրակարգ։ Երբեք չեմ մտածել զբաղվել քաղաքականությամբ, չեն եղել ծրագրեր ոչ մի իշխանական կառույցի հետ՝ աշխատանքի տեղավորվելու կամ մասնակցելու նպատակներ։ Ցավոք, չնայած այսօրվա ոչ ցանկալի իրադարձություններին, մենք որոշում ենք կայացրել ստեղծել նոր քաղաքական ուժ, այդ քաղաքական ուժով գնալ ընտրությունների։ Ինձ թվում է՝ այս հանդիպման ընթացքում մենք կքննարկենք և կդնենք մեզ նպատակ՝ հասնելու այսօր գոյություն ունեցող իշխանությունների հրաժարականին և կփորձենք ձեզ հետ միասին կազմավորել մեր մյուս քայլերը»։
Նրա խոսքով՝ պարտվելով արտաքին թշնամուն հիմա նոր փուլ է ստեղծվել՝ պայքարում են երկրի ներսում «ինչ-որ թշնամական խմբի դեմ». «Առաջին անգամ եմ տեսնում, որ մեր երկրում, մեր իշխանությանը անվանում են դավաճան: Այսինքն՝ դավաճանները այսօր կառավարո՞ւմ են մեզ: Իհարկե՛, ժողովրդի մի մասը մանիպուլյացիաների, տարբեր ճնշումների հետ կապված կա՛մ չեն տեսնում դա, կա՛մ փորձում են չտեսնելու տալ»:
Արտակ Թովմասյանը հայտարարեց, որ պայքարելու են իշխանությունների դեմ: Այդ գործընթացը տևելու է 44 օր. «Ես վստահ եմ, որ այդ 44 օրերի ընթացքում մենք կհասնենք մեր առաջնահերթ նպատակին, այսինքն՝ իշխանության հրաժարականին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ