«Ինձ համար զարմանալի էր, որ ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդունեց այն մեկնաբանությունը, որ իրավունքի ուժով դադարեցված են իր լիազորությունները։ Կային իրավաբաններ, որոնք պնդում էին հակառակ մոտեցումը եւ հիմնավորում էին դա»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Օնիկ Գասպարյանի՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իր ազատումը վարչական դատարան դիմելով վիճարկելու փաստին՝ ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Օնիկ Գասպարյանը, սակայն, ընտրեց վարչական դատարան դիմելու տարբերակը, եւ դա նրա անձնական որոշումն է։ Իրականում շատերը բոլորովին այլ ակնկալիք ունեին ոչ միայն զինվորականությունից առհասարակ, այլեւ կոնկրետ Օնիկ Գասպարյանից։ Մարդիկ կային, որոնք զգուշացնում էին՝ պետք չէ մարդկանց հերոսացնել։ Հերոսացումն արատ է։ Առանց բավարար հիմքի մարդկանց հերոսացնելը եւ հետագայում այդ կուռքերի որոշ վարքագիծը ոչ ճիշտ համարելը բերում է հիասթափության մեծ չափաբաժնի։ Թող սա դաս լինի բոլորիս, որ պետք չէ մարդկանց հերոսացնել»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Մելիքյանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ՊՆ այցելելուն, Ռուբեն Մելիքյանի խոսքով․ «Զինվորականությունը հեռու է PR-ի ոլորտից եւ նրանք չէին պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական նպատակն այն տասը վայրկյանանոց կադրերն են, որոնցում նրանք հոտնկայս դիմավորում են մեկին, որի հրաժարականը պահանջում էին օրեր առաջ։ Հեռուստադիտողի համար էական չի, որ դրանից հետո, իմ տեղեկություններով, նրանք սուր հարցեր են բարձրաձայնել։ Նրանք գաղափար չունեին դրանից եւ ուղղակի ծուղակն ընկան։ Իմ կարծիքով՝ այդ անձն անգամ այդ մի քանի վայրկյանանոց ընդունելությանը չպետք է արժանանար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Տիգրան Մեհրաբյանի