Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 7 օրերին կանխատեսվում է covid-19-ով վարակվածների 3700 նոր դեպք․ արձանագրվել է դեպքայնության ցուցանիշի 91%-ից ավելի աճ

Մարտ 11,2021 17:24

Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի իրավիճակը խիստ լարված է, վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ աճ: Վերջին 14 օրում նախորդ 14 օրվա համեմատ արձանագրվել է դեպքայնության ցուցանիշի 91%-ից ավելի աճ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա ներկայացմամբ՝ ՀՀ-ում արդեն վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից, դարձել է 1․3 եւ սա նշանակում է, որ առաջիկա 7 օրերին կարող ենք ունենալ լրացուցիչ 3700 նոր դեպք՝ եթե որեւէ միջոցառում չիրականացվի՝ անվտանգության կանոններից նկատմամբ քաղաքացիների զգոնությունը չբարձրանա։

Տիկին Աբովյանը տեղեկացրեց, որ մանկապատանեկան տարիքային խմբում եւս նոր դեպքերի կտրուկ աճ կա․օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ:

Հիվանդանոցները կրկին վերապրոֆիլավորվում են որպես քովիդ բուժող, տիկին Աբովյանն ասաց, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն արդեն վերափոխվել է․ «Մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ հոսպիտալացման թիվն է ավելացել, հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում։ Երեկվա ցուցանիշը՝ 700-ից ավելի նոր դեպք է արձանագրվել։ Եթե այսպես շարունակվի՝ կունենանք նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա իրավիճակը»։

Մասնագետը նկատեց՝ անվտանգության կանոնները համատարած չեն պահպանվում, մինչդեռ պարտադիր պետք է կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, եւ ձեռքերը պարբերաբար ախտահանել սպիրտային հիմքով նյութով։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին, տիկին Աբովյանն ասաց․ «Արդեն մեկնարկել է բուժաշխատողների շրջանում պատվաստման գործընթացը, քանի որ բուժաշխատողները համարվում են առաջնագծում աշխատող անձինք: Մնացած ռիսկի խմբերը եւս կենթարկվեն պատվաստման՝ կամավոր սկզբունքով։ Իհարկե, աշխատանքներ են տարվում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար: Պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումներն ընթացել են շատ հանգիստ, առանց որեւէ խնդրի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031