Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա կորցնում է չեզոքությունը»․ ի՞նչ է ակնարկում «Իմ քայլ»-ական Նիկոլայ Բաղդասարյանը նախագահի մասին

Մարտ 11,2021 17:12

«Համաձայն եմ եւ կողմ եմ, որ քննարկումներ լինեն, սակայն գործընթացները պետք է համապատասխանեն սահմանադրության պահանջին։ Սա կարեւոր է յուրաքանչյուրի համար»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հանդիպման առաջարկ հղելու փաստին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Նիկոլայ Բաղդասարյան

Հարցին ի պատասխան, թե քաղաքական միջավայրը հնարավորություն տալի՞ս է «հակամարտող» ուժերին մի սեղանի շուրջ նստել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ոչ․ «Երբ մարդիկ հանդես են գալիս այս կամ այն քաղաքական ուժի տեսակետից, հետո ասում, թե պատրաստ են միջնորդել իրավիճակի հանգուցալուծման համար, սխալվում են։ Իրենք պետք է մնան չեզոք դիրքերում։ Այն ինստիտուտները, որոնք մնում են չեզոք դիրքում, պետք է ցույց տան, որ պահպանում են սահմանադրության պահանջները։ Ցավոք, նկատում եմ, որ այդպես չէ։ Այո, նախագահը ճիշտ քայլ է անում, բայց իմ առաջարկն այն է, որ այդ ինստիտուտները, այդ թվում՝ նախագահը, պետք է պահպանեն չեզոքություն։ Նկատի ունեմ, որ ամեն ինչ օրենքին համապատասխան պետք է լինի, այլապես հեղինակություն են կորցնում»։

Նկատառմանն ի պատասխան, որ ակնարկում եք նախագահի՝ չեզոք չլինելու մասին, Բաղդասարյանը շեշտեց․ «Նկատի ունեմ բոլոր անձանց, որոնք ըստ սահմանադրության պետք է պահպանեն չեզոքություն, բայց չեն կատարում այդ պահանջը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ինչո՞վ է խախտել չեզոքությունը։ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց․ «Ես չեմ ասում, թե նախագահը խախտել է։ Նա պետք է չեզոքություն պահպանի։ Հայտարարություն կատարելը, սահմանադրության պահանջը չկատարելը․․․արբիտրը պետք է չեզոք լինի»։

Լրագրողները ճշտող հարց հնչեցրին՝ այսինքն, հանդիպման հրավիրելու նախագահի առաջարկը իշխանության սրտով չէ եւ դա համարում եք ոչ սահմանադրակա՞ն։

Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց․ «Ոչ, սխալ հասկացաք։ Դուք էլ չեզոքություն չեք պահպանում։ Եթե ես, օրինակ, հանդես գամ մեկ անձի օգտին, չեմ կարող հետո միջնորդ լինել»։

Լրագրողները կրկին հարցրին՝ ո՞ւմ օգտին է ի վերջո հանդես եկել Արմեն Սարգսյանը։ «Դուք ինքներդ պատասխանեցիք հարցին»,-ակնարկեց Նիկոլայ Բաղդասարյանը, ապա շարունակեց,-«անձը հայտարարում է, որ վարչապետը պետք է  հրաժարական տա, չի տալիս, հետեւաբար՝ կորցնում է չեզոքությունը։ Ես չեմ ասում, թե նա լեգիտիմություն չունի այս հարցը լուծելու, բայց իր հետեւողական քայլերով կորցնում է չեզոքությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031