Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուրջ 1700-ամյա Ցլի գլուխը կազդարարի Նոր տարին եւ Վահագնի ծնունդը

Մարտ 11,2021 17:00

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից մեկը` տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող Ցլի գլուխը հնարավոր կլինի տեսնել բացառիկ ցուցադրության շնորհիվ: Aravot.am-ի հետ զրույցում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամշակութային ցուցադրությունների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը նշեց, ոչ Գառնու տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն, եւ ցանկացած տաճարում եղել է տվյալ աստծո պատկերը կամ քանդակը, արձանախումբը:

«Ընդհանրապես Մերձավոր Արեւելքում Միհրի արձանախումբը բավականին հետաքրքիր է, Միհր աստվածը մենամարտում է ցլի հետ: Նաեւ այլ կենդանիներ են հանդիպում այդ արձանախմբում: Մերձավոր Արեւելքում մինչեւ Հունաստան եւ Հռոմ, հայտնաբերված են թե դետալներ, թե ամբողջական քանդակներ:

Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը Գառնու տաճարն է, որը վերականգնվել է, պեղումների ընթացքում տարբեր հատվածներից բեկորներ են հայտնաբերվել: Այդ թվում ժամանակին հայտնաբերվել էր նաեւ արձանի մի փոքր կտորը` կճղակը, որը Պատմության թանգարանում է ցուցադրվում: Մի քանի տարի առաջ էլ `2011թ աշխատանքներ կատարելու ժամանակ Գառնու ձորի լանջից հայտնաբերվել էր Ցլի արձանի գլուխը: Այն մարմարից է, ամենայն հավանականությամբ արձանախմբի մի մասն է»:

Հետաքրքրվեցինք գտածոյի «տարիքով»:

Արտավազդ Զաքյանը հիշեցրեց, որ Գառնու տաճարը կառուցվել է մեր թվարկության առաջին դարում, եւ տրամաբանական է, որ այդ ժամանակ էլ քանդակն է ստեղծվել: Նրա ձեւակերպմամբ, ամեն դեպքում, Ցուլը քանդակվել է մինչեւ Քրիստոնեության ընդունում, եւ հետեւաբար առնվազն 1700 տարեկան է:

Ինչ վերաբերում է մարտի 21-ին կայանալիք ցուցադրությանը, այս մասին էլ ասաց. «Ամեն տարի մարտի 21-ին «Արորդիների ուխտ» կազմակերպությունը` հայ հեթանոսները Գառնիում նշում են Ամանորը և Վահագնի ծնունդը, դրա համար որոշվեց ցուցադրության բացմամբ ներկայացնել տաճարը ժամանակին զարդարած Ցլի գլուխը։ Մենք «Վերադարձ» խորագիրը մտածեցինք, եւ ցանկացանք, որ Ցլի արձանը սիմվոլիկ իմաստով եւս ներկա լինի այդ արարողությանը: Կարճ ժամանակով` մոտ 10 օրով այն կցուցադրվի եւ նվիրված կլինի Հայոց բուն տոմարով Նոր տարուն եւ Վահագնի ծննդին»:

Հավելենք, որ 301թ. Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:

Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները, սակայն, կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը, որի մի մասն էլ հայտնի գտածոն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը տրամադրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031