ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում փոքրիկ, բայց կարեւոր հստակեցում է արվել` արտակարգ դրության կամ համավարակի պայմաններում ընտրությունների կազիմակերպման առումով: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Հանրությանն ավելի հետաքրքրում է խորհրդարանի ընտրությունների հարցը: Ըստ երեկ հրապարակված հարցման արդյունքների՝ բնակչության 70-80 տոկոսը կարծում է, որ մինչեւ արտահերթ ընտրությունների իրականացումը ընտրական խաղի կանոնները պետք է փոխվեն»,- ասաց Համազասպ Դանիելյանը:
Առհասարակ, նա կարեւոր փոփոխություն է համարում ռեյտինգային ընտրակարգի վերացումը եւ պարզ համամասնական ընտրակարգի ներդրումը: Դա, իշխող ուժի կարծիքով, հնարավորություն կտա ուշադրությունը կենտրոնացնել կուսակցությունների ծրագրերի, ոչ թե անհատների անձնային հատկանիշների վրա: Իրենք գտնում են, որ այսպիսով կվերանա նաև կուսակցությունների ներսում պայքարը:
«Նաեւ նվազեցնելու ենք կուսակցությունների անցողիկ շեմը՝ դարձնելով առնվազն 4 տոկոս, որպեսզի ավելի շատ կուսակցությունների հնարավորություն տանք Ազգային ժողով մտնել: Իսկ դաշինքները Հայաստանում կայուն եւ հստակ չեն, իրավիճակային միավորումներ են, որոնք միշտ գնում են փլուզման, որովհետեւ ընդամենը երկու ղեկավարների պայմանավորվածության արդյունք են: Այդ պատճառով նրանց անցողիկի շեմը մեկ տոկոսով ավելացնում ենք»:
Կարդացեք նաև
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ Կարեն Սիմոնյանն էլ ասաց, որ փոփոխությունների մի մասի, մասնավորապես ընտրակարգի փոփոխության հարցի հետ, իրենք համաձայն չեն: «Մեր գործընկերներն առաջարկում են, որ ցուցակը լինի փակ եւ ենթակա չլինի փոփոխման: Մենք ուզում ենք ունենալ բաց համամասնական ցուցակ»,- ասաց նա:
ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի խորհրդատու Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ բարեփոխման ծավալը մեծ է. «Մենք բոլորին բերում ենք հավասար մրցակցային դաշտ եւ մրցակցությունն ընթանում է քաղաքական անցյալի, ծրագրերի մեջ: Այսինքն, բացառում ենք վարչական ռեսուրսի, օլիգարխիկ ռեսուրսի, ինչպես նաեւ նյութական ռեսուրսի կիրառումը»: Իր գնահատմամբ , սա նաև ասում է ժողովուրդը, ըստ երեկ հրապարակած հարցման արդյունքների. «Քաղաքացիներն իրենք են ասում, որ ռեյթինգայինը պետք է վերանա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ