Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ էստոնական կողմի նախաձեռնությամբ:
Էստոնիայի նախագահը հետաքրքրվել է նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակով և լիարժեք ապաքինում մաղթել:
Նախագահներ Սարգսյանը և Կալյուլայդը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ, ինչպես նաև խոսել են երկու երկրներում համավարակային իրավիճակի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված իրողություններին, ի հայտ եկած նոր մարտահրավերներին, մարդասիրական և մի շարք այլ խնդիրների:
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման խնդիրները՝ ընդգծելով, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցերի լուծման գործում:
Միաժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանն իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական և հետպատերազմական շրջանում Եվրամիության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի դիրքորոշման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ