Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Փաստորեն, ըստ կառավարության, դատապարտելի է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը

Մարտ 11,2021 15:52

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն, ըստ Կառավարության, ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը։
Կառավարությունը մարտի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն է տվել (հակասահմանադրական) օրենսդրական նախաձեռնությունների։

Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։

Արհեստավարժ և նվիրված աշխատանքը Կառավարության համար անընդունելի է։ Երևի, ըստ նրանց, պետք է գործ չանել և լինել մասնագիտորեն չկայացած, որպեսզի Կառավարության աչքին «լավը» լինես։

Վերացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը՝
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից»- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, Հոդված 8,5:
Կառավարությունը որոշել է հարվածել նաև գիտնականներին ու գիտությանը։

Վերացվում է գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման օրենսդրական երաշխիքը՝
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ» -«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, Հոդված 23,2:

Կառավարությունը նպատակադրվել է հարվածել նաև ուսուցիչներին ու կրթությանը։

Վերացվում է կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքը՝
«Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից» ֊ «Կրթության մասին» ՀՀ օրենք, Հոդված 46,2:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են, և եթե Կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031