«Ես հիմա, մեքենայով, գտնվում եմ պաշտպանության նախարարության գլխավոր մուտքի մոտ: Փակել եմ մուտքը»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: Նրա հետ ՊՆ շենքի մոտ են նաեւ անհայտ կորածների այլ հարազատներ: Նրանք առավոտից գնացել են նախարարություն` հանդիպում խնդրելով նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ`որոնողական աշխատանքների հետ կապված «շատ կարեւոր հարցով»:
«Մեզ երկու ժամից ավելի կանգնացրեցին այստեղ, ասում են՝ նախարարն այստեղ չի: Փոխնախարարներից ոչ մեկն էլ չբարեհաճեց մեզ ընդունել: Ասում են`գնացեք, ժամը 18.00-ին կգաք: Ասում ենք` հարցը շատ կարեւոր է, շատ լուրջ է: Մեզ ոչ ոք չի ընդունում: Վեցին էլ գաս`կասեն, յոթին արի, վաղն արի: Մենք դա արդեն անցել ենք»,- հայտարարեց Արսեն Ղուկասյանը` կոչ անելով անհայտ կորածների հարազատներին շտապ հավաքվել ՊՆ-ի մոտ եւ բոլոր մուտք ու ելքերը փակել, որպեսզի պետական մարմնի ներկայացուցիչները դադարեն իրենց «քթից բռնած այս ու այն կողմ տանել-բերել»:
Անհայտ կորածների հարազատները պնդում են, որ իրենց հարազատներին կամ նրանց մարմինները գտնելու համար պետական մարմինները ոչ մի քայլ չեն անում, փոխարենը«զբաղված են իրենց աթոռներով»:
«Հարցեր կան, որ կոնկրետ կապված են ՊՆ-ի հետ, բայց այս մարդիկ զբաղված են իրենց հարցերով: Թե մենք, թե մեր երեխաներն իրենց համար արդեն չկանք»,- ասաց Արսեն Ղուկասյանը` հավելելով, որ իրենց տվյալներով՝ ՊՆ-ն փետրվարի 26-ից մի թուղթ չի տրամադրել, որից կախված է 30 գերիների վերադարձը Հայաստան, սակայն «իրար վրա են գցում`չեն ստորագրում»:
Կարդացեք նաև
Ուղիղ եթերի ժամանակ Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցներն արդեն ՊՆ շենքի մոտ են:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից