Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը եւ Թուրքիան գործակցում են ՀՀ կառավարության, ԱԺ իշխանական խմբակցության հետ»․ Լարիսա Ալավերդյան

Մարտ 11,2021 15:29

«Շատերը կարծում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխել, թշնամին դրսից գալու է եւ զավթի։ Ես այլ հայացք ունեմ այս ամեն ինչին։ Թշնամին արդեն զավթել է մեզ ներսից։ Մենք դրսից ենք սպասում վտանգ, մինչդեռ այն, ինչ Արցախում սկսվել է դրսից, նոյեմբերի 9-ից ներսում շարունակվում է, այդ թվում Հայաստանում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային պետք չէ ընկնել միջազգային հանրության «բերանը», որովհետեւ իրենք արդեն գործակցում են ՀՀ-ում գործող կառավարության, ազգային ժողովի իշխանական խմբակցության հետ։

«Ունենք ոչ միայն զավթած իշխանություն, այլեւ գրավված Հայաստան՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակից հանդիսացող «Իմ քայլական» ողջ խմբի կողմից։ Այսօր գուցե ոչ բոլորն են հասկանում, որ այն, ինչն սպասում ենք դրսից, արդեն տեղի է ունեցել։ Թուրքիան եւ Ադրբեջանն ինչ-որ պետք է անեն, դա չի լինելու դրսից հարձակվելով, որովհետեւ հարձակումը ներսից է՝ իրենց դաշնակից խմբի օգնությամբ եւ ուժերով։ Եթե որեւէ մեկը կասկածում է, թող վերլուծի այն արդյունքները, որոնք կան սեպտեմբերից այս կողմ։ Ես եզրակացության եմ եկել՝ վերլուծելով այս ողջ շղթան եւ տեսնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հիմնականում անցել են տեղեկատվական պատերազմի՝ երկրի քայքայման գործողությունները թողնելով իրենց դաշնակից քայլականներին»,-նշեց բանախոսը։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ գեներալիտետը մինչեւ այսօր չէր հասկացել, որ տեղի է ունենում երկրի գրավում ներսից․ «Միջազգային իրավունքում անօրինական հրաման կատարելը հանցագործություն է։ Հիմա այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, հանցակից է դարձնում բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն ունեն երկրի անվտանգության համար: Անօրինական հրամաններ կատարող գեներալներին հիշեցնում եմ նյուրնբերգյան գործընթացի սկզբունքը՝ ապօրինի կարգադրություն կատարողը եւս հանցագործություն է կատարում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031