Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների համատեքստում ՀԲԸՄ գրասենյակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպել էր «Մտքի կանայք, գործի կանայք» խորագիրը կրող կլոր սեղան-քննարկում։ Քննարկմանը ներկա էին կարևոր պաշտոններում և ձեռներեցության մեջ ներգրավված կին համալսարանական-շրջանավարտներ, որոնք ներկայացրին իրենց տարիների փորձը, խոսեցին ձեռքբերումների և հանդիպած խոչընդոտների մասին։
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, դասախոսներ, ուսանողներ և այլք։
ՀՖՀՀ շրջանավարտները խոսեցին կանանց բնորոշ ուժեղ հատկանիշների մասին: Նշվեց, որ ՀՖՀՀ շրջանավարտների ավելի քան 70% աղջիկներ ստացել են կրթություն մարքեթինգի, իրավունքի, կառավարման կամ ֆինանսների ոլորտում (և շուտով նաև ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ոլորտում), զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ եւ մեծ ներդրում ունեն մեր երկրի զարգացման գործում:
«Լսելով նման կանանց՝ անհանգիստ եմ այս երկրի տղամարդկանց համար։ Կարծում եմ՝ շուտով պետք է կլոր սեղան-քննարկում կազմակերպել տղամարդկանց համար»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան նաև հարց ու պատասխանի միջոցով ավելի ընդհանրական պատկերացում կազմել գործարար աշխարհի մասին, որտեղ առաջնորդները կանայք են։
Հավելենք, որ «Մտքի կանայք, գործի կանայք» պանելային քննարկման վարողն էր Լենա Գյուլխասյանը, որը ՀՖՀՀ մարքեթինգի բակալավրիատի 𝟐𝟎𝟏𝟔թ․ և մարքեթինգի և վաճառքի մագիստրատուրայի 𝟐𝟎𝟏𝟖թ․ շրջանավարտ է, այժմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի և հաղորդակցության հարցերով կցորդն է եւ ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրը։
Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ