Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախատեսվում է կատարելագործել ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը. այն գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով

Մարտ 11,2021 14:49

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ. «Երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Ինչպես կանխատեսում էինք անցած շաբաթ՝ ունենք հիվանդացության աճ: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից հոսպիտալացված է 901-ը: Մենք այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող 9 բժշկական կենտրոն: Ներկայումս մոտ 100 ազատ մահճակալ ունենք: Այս օրերին ևս շարունակում են ծավալման աշխատանքները՝ հընթացս տեսնելով աճի տեմպը: Բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք և կրկին չունենանք պացիենտներ, ովքեր տանը կմնան ու հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»:

Վարչապետը խնդրի լուծման առումով ընդգծել է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանման կարևորությունը, որպեսզի լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի: «Ես խնդրում եմ մեր հանրությանը, ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետև մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումն էական նշանակություն է ունենալու այս հարցում: Ինչ վերաբերում է առողջապահական հզորությունների ծավալմանը՝ մենք նախկինից արդեն գործող պլան ունենք և այդ պլանով կառաջնորդվենք: Խնդիրն այն է, որ եկեք ամեն ինչ անենք, որպեսզի այդ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունը չլինի: Եվ դա կախված է մեզնից», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։ Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար նախատեսվում է կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար): Առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի ամսական 40 մլն դրամ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, սա լավ հնարավորություն է տնտեսվարողների համար՝ ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները և ներարկել դեպի տնտեսություն։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ընդգծել է. «2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեցամյա տրամաբանությամբ։ Իմաստն այն է, որ երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այդ գործընթացով գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք նախկինից կուտակված ԱԱՀ վերադարձի պարտք՝ մոտավորապես 100 մլրդ դրամի։ Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցինք այդ գումարը: Հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»։

Վարչապետն այդ համատեքսում կարևորել է կառավարության նախկինում ստանձնած պարտավորության և խոստման կատարումը, որը կնպաստի տնտեսվարողների շրջանառու միջոցների ավելացմանը. «Ըստ էության, ավելացված արժեքի հետ կապված թեման, որը տասնամյակներով շարունակվել է, գոյություն է ունեցել՝ այսպիսով լուծում և ավարտում ենք այս պրոցեսը»:

Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մինչև եռամսյակին անցնելը տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով պարտավորությունը շատ ավելին է եղել՝ 2018 թվականի դրությամբ մոտ 260 միլիարդի սահմաններում: «Ընդհանուր 2019 թ. ընթացքում վերադարձված գումարների չափը կազմել է 175 միլիարդ, իսկ 2020 թ. ընթացքում՝ 139 միլիարդ դրամ: Համեմատության համար կցանկանայի նաև նշել, որ 2020 թվականի առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվար, միայն ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կազմել են 18 միլիարդ 518 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին 21.7 միլիարդ դրամ», -ասել է ՊԵԿ նախագահը:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս գործընթացը հիմնականում վերաբերում է արտահանողներին և այդ առումով լրացուցիչ դրամական միջոցների հետվերադարձը խթանում է նաև արտահանման աճին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարության ծրագրում ընդգծվել է արտահանմանը միտված տնտեսություն ունենալու կարևորությունը. «Հետևաբար սա հենց այն քայլերից է, որը լրացուցիչ խթան պիտի տա տնտեսվարողներին և աջակցություն լինի տնտեսվարողներին, որպեսզի արտահանումն առավել հետաքրքրական ուղղություն դառնա»:

Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ՊԵԿ-ում քննարկվում է նաև սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները։ «Դա ավելի լավ և խթանիչ պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար։ Այսինքն՝ ապրանքների մաքսազերծման գծով ԱԱՀ հարկ սահմանին չեն վճարի։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս վարչարարական ռիսկերը և այն հնարավոր առաջացող խնդիրները, որոնց զսպման ուղղությամբ պետք է վարչարարությունը կատարելագործել, այս փուլում դեռևս նպատակահարմարություն չենք գտնում։ Դա մի փոքր ավելի ուշ կլինի, երբ կհասնենք հարկային կարգապահության համապատասխան մակարդակի»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Վարչապետը նշել է, որ այդ նորամուծությունը, մեխանիզմն անպայման պետք է ներդրվի:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի մեխանիզմների կատարելագործումը նաև ուղերձ է տնտեսվարողներին, որ այս բոլոր դրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է արտադրողականության բարձրացում և տնտեսական բոլոր ցուցանիշների դրական զարգացումներ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս իրեն ուղարկվել է արտադրողականության վերաբերյալ զեկույց: «Պարզաբանեմ՝ արտադրողականությունը հետևյալի մասին է, թե մեկ աշխատողը մեկ ժամվա աշխատանքի ընթացքում քանի դրամի կամ դոլարի կամ որևէ արժույթով արժեք է ստեղծում: Եվ այս առումով մենք շատ-շատ զիջում ենք ոչ միայն աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրներին: ԵԱՏՄ երկրների շարքում էլ ամենևին առաջնային տեղ չունենք: Եվ այս առումով, պարոն Ջանջուղազյանի դիտարկումը, իհարկե, չափազանց կարևոր է»,-ասել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անընդհատ մարդկանց ասում են, պետք է արտադրողականությունը բարձրացնել, բայց պետք է նաև բացատրել, թե ինչ է դա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ եթե Հայաստանում 1 մարդու 1 ժամվա միջին արտադրողականությունը մոտ 6 դոլար է, ապա ԵԱՏՄ երկրներում միջինը դրանից կրկնակի ավելի է: «Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակում, որոնք առաջիկում կներկայացվեն: Դրանք վերաբերում են մեծ և միջին ընկերություններին արտադրողականության աճի գործում օգնելու հարցին, նախատեսվում է խորհրդատվական, տեխնոլոգիական աջակցություն»,-նշել է էկոնոմիկայի նախարարը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ միջինացված Հայաստանում 1 մարդու 1 ժամվա արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ երկրներում՝ 11 դոլար է, աշխարհի զարգացած երկրների պարագայում 43 դոլար է. «Իհարկե, երկրներ կան, որտեղ աշխատանքի արտադրողականությունը 100 դոլարն անցնում է: Եվ այստեղ կարծում եմ՝ թվային, մաթեմատիկական ձևով մեր խնդիրները, պրոբլեմներն ի հայտ են գալիս: Եվ շատ կարևոր է, պարոն Քերոբյան, որ այդ ծրագիրը հաջող իրականացվի: Դրանով մենք էականորեն կօգնենք և՛ տնտեսությանը, և՛ պետությանը, և՛ գործարարներին»:

Կլուծվի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը

Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ինչպես նաև համաձայնություն է տրվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով: Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Շինարարների փողոցի հ.23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված է մեծ մաշվածության աստիճան ունեցող 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով: Բնակիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ վերջիններս մտավախություն են հայտնել շենքի վիճակի ավելի վատթարանալու հետ կապված: Արդյունքում, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոցի հ.23 և հ.23/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բարեկարգել և կանաչապատել:

Հիմնավորման համաձայն՝ Երևանում առկա վթարային շենքերի զգալի մասը տեղակայված են Աջափնյակ վարչական շրջանում: Շենքը կառուցվել է 1960-ական թվականներին, ունի զգալի մաշվածության աստիճան, գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ և ենթակա է քանդման:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագիրը, որը կարող է նախադեպ դառնալ, շատ կարևոր է Երևան քաղաքի բնակֆոնդը թարմացնելու առումով:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագիրը բավականին երկարատև քննարկումների արդյունք է: «Գաղափարը հետևյալն էր. շինարարական ներդրումային հետաքրքրություն ունեցող տարածքներում գտնվող վթարային շենքերի տարածքները հատկացնել ներդրողին կառուցապատման համար՝ այն պայմանով, որ վերջինս կապահովի տվյալ շենքում ապրող քաղաքացիների տեղափոխումն այլ բնակելի տարածք և նոր շենքը կառուցելուց հետո այդ ընտանիքներին կհատկացնի նոր բնակարաններ», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ գործարկվել է մեխանիզմ, որով առնվազն առաջին փուլով Երևանի վթարային շենքերի խնդիրը կլուծվի և հույս հայտնել, որ հետագայում այն կիրականացվի նաև մարզերում:

Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ քննարկումների արդյունքում որոշվել է՝ կառուցապատող ընկերությունն ու վթարայինի բնակիչները իրավահարաբերություններն իրար հետ են որոշում, բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ ինչպես նոր բնակարանը, այնպես էլ դրա գումարը և այլ տեղ բնակարան գնել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հայտնել է, որ Հայաստանում վթարային շենքերի թիվն ավելի քան 600 է, որից 95-ը 4–րդ կարգի են: Վթարային շենքերը հիմնականում Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում են։

Այլ որոշումներ. «Էնջինփրոջեքթ քոմ» ընկերությունը գործունեություն կծավալի ՏՏ ոլորտում՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտում

Կառավարությունը բավարարել է «Էնջինփրոջեքթ քոմ» ՓԲԸ-ի հայտը՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վերաբերյալ: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112,200,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայումս Հրազդանում գտնվող «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն է ծավալում 8 ընկերություն. «Ազատ տնտեսական այս գոտին ավելի հարմար է ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Այս տարվա սկզբից արդեն ևս 3-4 ընկերություն է դիմել, զգացվում է էական ակտիվություն»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները գործունեություն են ծավալվում նաև մարզերում, քանի որ շատ կարևոր է, որ միայն Երևանում կենտրոնացված չլինեն: Կարծում եմ մենք էլ պետք է ամեն ինչ մտածենք, որպեսզի քաջալերենք ՏՏ ոլորտի ընկերություններին՝ մարզերում ավելի ակտիվ գործունեություն ծավալելու հարցում»:

Գործադիրը հաստատել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` ՀՀ կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թթ. ծրագրի միջոցառումները: Միջոցառումների իրականացման համակարգումը վերապահվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:

Կառավարության նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստին մասնակցել են նաև մարզպետները և առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի:

Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031