Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է արագ շարժվի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու համար. ԱՄՆ սենատոր

Մարտ 11,2021 14:34

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ելույթ ունենալով Ամերիկայի հայկական համագումարի Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի ժամանակ, նախանշեց քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և Բայդենի վարչակազմին կոչ արեց վերանայել և վերստուգել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ արցախյան պատերազմից հետո:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ մենք պետք է «կանխենք հետագա ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից», ապահովենք մարդասիրական աջակցություն հայ ժողովրդի համար և երաշխավորենք ռազմագերիների ազատումը:

«Պետական դեպարտամենտը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի Կառավարության վրա, որպեսզի վերջինս հետևի միջազգային իրավունքին և բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնի իրենց տուն», – շարունակեց Սենատոր Մենենդեզը:

Իր խոսքերում Սենատոր Մենենդեզը ընդգծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած խիստ կարևոր խնդիրները, ներառյալ՝ իրենց տներից տեղահանումը, սննդի, կացարան և առողջապահություն հասանելիության բացակայությունը և ականազերծման աշխատանքների անհրաժեշտությունը:

Բացի այդ, Սենատոր Մենենդեզը ասաց, որ Բայդենի վարչակազմը «պետք է արագ շարժվի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեր հարաբերությունները վերանայելու համար»:

Նա մեջբերեց Ադրբեջանի կողմից Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի խախտման մասին: Բանաձևում մասամբ ասվում է, որ Ադրբեջանը պետք է «դադարեցնի բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումներն» ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ որպես ԱՄՆ-ից աջակցություն ստանալու պայման: Փոխարենը, Սենատոր Մենենդեզը հայտարարեց, որ Ադրբեջանի «վատ վարքը պարգևատրվել է» ավելի քան 120 միլիոն դոլարի ռազմական աջակցությամբ, որը տրամադրվել է նախորդ վարչակազմի օրոք:

«Սրան պետք է վերջ դրվի», – հայտարարեց Սենատոր Մենենդեզը և կոչ է արել Բայդենի վարչակազմին չերկարաձգել 907 Բանաձևի կասեցումը, ինչպես նաև ասաց, որ «նրանք հաշվետու» կլինեն «այս մասով»:

«Միացյալ Նահանգները չի կարող աջակցել կոռումպացված, ավտորիտար ռեժիմին, որը հարձակվել է անմեղ քաղաքացիական անձանց վրա և իրականացրել է զարհուրելի վայրագություններ՝ խախտելով մարդասիրական իրավունքը», – հավելեց նա:

Անդրադառնալով Թուրքիային՝ Սենատոր Մենենդեզը ընդգծեց (այդ) կառավարության ագրեսիան, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում հայ ժողովրդի համար:

«Տարիներ շարունակ ես զգուշացրել եմ, որ նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան պատասխանատու դերակատար չէ համաշխարհային ասպարեզում: Այն վստահելի դաշնակից չէ: Եվ այն ժողովրդավարություն չէ», – ասաց Սենատոր Մենենդեզը ու հայտարարեց, որ շարունակելու է դեմ լինել Թուրքիային տրամադրվող ցանկացած անվտանգության աջակցությանը կամ զենքի վաճառքին:

Ի դեմս Թուրքիայի շարունակական ու պետության կողմից հովանավորվող Հայոց ցեղասպանության ժխտողականության արշավին, Սենատոր Մենենդեզը հիշատակեց 2019թ.-ի դեկտեմբերին պատմական, միաձայն ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևը (S.Res.150), որը նա առաջնորդեց և որը ճանաչեց Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, չնայած սենատորների կողմից այն արգելափակելու երեք փորձերին:

«Մենք համառորեն պայքարեցինք և, ի վերջո, Սենատը դեմ կանգնեց Թուրքիայի ստերին և միաձայն ընդունեց բանաձևը», – ասաց նա: «Դա իսկապես պատմական օր էր և հնարավոր էր դարձել մեծ մասամբ Հայկական համագումարի և ավելի մեծ ամերիկահայ համայնքի քարոզչության միջոցով»:

Առաջ նայելով դեպի ապրիլ՝ Սենատոր Մենենդեզը կոչ է արել նախագահ Բայդենին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ներկայում մի նամակ է շրջանառում՝ գործընկեր սենատորներից աջակցություն հավաքելու համար: Նա բարձր գնահատեց ամերիկահայերի «անխափան քարոզչությունը», ինչը կարևոր կլինի «գործադիր իշխանության վրա ճնշում գործադրելու հարցում, որպեսզի կոտրվի իր տասնամյակների լռությունը և ասվի ցեղասպանության մասին ճշմարտությունը»:

«Ամերիկայի հայկական համագումարի անունից մենք ողջունում և շնորհակալություն ենք հայտնում հանձնաժողովի նախագահ Մենենդեզին իր անխոնջ առաջնորդության համար այս անչափ կարևոր հարցերն առաջ տանելու համար: Այդ հարցերը ներառում են` հիմնավոր աջակցություն հայ ժողովրդին օգնելու համար, Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների պատշաճ ժամկետներում ազատ արձակումը, Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի իրագործումը, ինչպես նաև շարունակել ապահովել, որ Միացյալ Նահանգները կանգնի ճշմարտության ճիշտ կողմում` միանշանակ հաստատելով Հայոց ցեղասպանությունը», – հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031