Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահն իր քայլն է արել․ պատրաստ ենք քննարկել առանց ղժղժոցների ու վիրավորանքի»․ Անի Սամսոնյան

Մարտ 11,2021 14:23

«Այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես ցանկանում են իրավիճակի հանգուցալուծում եւ ոչ թե իրավիճակի՝ սեփական շահերին ծառայեցում, պետք է պատրաստակամ լինեն ընդունելու նման հրավերները։ Նախագահի հրավերը մեկ բան է նշանակում՝ նստել սեղանի շուրջ եւ քննարկել վիճակը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հանդիպման առաջարկ հղելու փաստին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել հանդիպելու։ «Դա կառուցողական հրավեր է, պարոն Մարուքյանը կմասնակցի։ Չեմ կարող ասել՝ նախաձեռնությունն իրատեսակա՞ն է, թե ոչ։ Նախագահն իր քայլն է արել, եւ գնդակը բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների, վարչապետի դաշտում է։ Եթե չեն ուզում, որ վիճակը խորանա, պետք է խոսեն։ Նախագահի հրավերը շատ լավ ձեւաչափ է շատ հարցեր պարզաբանելու եւ համաձայնության գալու, թե որն է ելքն այս իրավիճակից»,-համոզմունք հայտնեց Անի Սամսոնյանը։

Նա հիշեցրեց, որ խմբակցության օրակարգում արտահերթ ընտրություններն են, եւ այդ օրակարգն առհասարակ երկրի թիվ մեկ օրակարգն է։

Անի Սամսոնյանի խոսքով՝ եթե իշխանությունն իսկապես պատրաստ է արտահերթ ընտրությունների, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տա առանց նախապայմանի։

Արձագանքելով հարցին, թե Արմեն Սարգսյանն արդյոք ունի՞ բավարար վստահություն՝ քաղաքական ուժերին խորհրդակցությունների հրավիրելու համար, Անի Սամսոնյանը նշեց․ «Մեր եւ մյուս ուժերի տարբերությունը նրանում է, որ մենք համագործակցությունը տեսնում ենք ոչ թե անձանց հետ, այլ ինստիտուտների։ Եթե մեկ անգամ անձը չի կատարել իր պարտավորությունները, դա չի նշանակում, թե չպետք է գործակցենք։ Վերջին շրջանում նախագահն ակտիվ է, եւ դա ողջունելի է, որովհետեւ լարված իրավիճակում քաղաքական ուժերից ամեն մեկը սայլն իր կողմն է քաշում, իսկ Արմեն Սարգսյանը բոլորին կարող է հրավիրել մեկ սեղանի շուրջ։ Իսկ մենք պատրաստ ենք քննարկել առանց ղժղժոցների, վիրավորանքի եւ մարդավարի խոսել, թե ինչպես ենք դուրս գալու այս վիճակից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031