Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութը պարզ ցույց տվեց, թե ինչպես են քրեական գործերով իջեցվում քաղաքական պատվերները. Էլինար Վարդանյան

Մարտ 11,2021 13:47

Հրեշավոր մեխանիզմի մի օղակ

Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում հարուցված քրեական գործի նախաքննությանը, ուղղումներ կատարում որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Ըստ էության Աննա Վարդապետյանը հրահանգավորում է, հանձնարարականներ է տալիս վարույթ իրականացնողներին։

Սա այն իրականությունն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Երկուսուկես տարի է, ինչ մենք ահազանգում ենք, որ գործադիր իշխանության կողմից տեղի է ունենում ուղղակի և անուղղակի միջամտություն դատական և քննչական մարմինների գործունեությանը, որ մեր երկրում դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական հարցեր լուծելու գործիքի, որ իրավապահ համակարգը այլասերվում է՝ դառնալով բացառապես Փաշինյանի կամակատար։

Երեկ պարզապես հրապարակվեց սարսափելի իրականությունը  հաստատող տեսանյութը։ Երեկ պարզապես բացահայտվեց, որ վարչապետի աշխատակազմից  ոչ միայն ուղղակի ցուցումներ են տրվում առանձին քրեական գործերով, այլև անմիջական մասնակցություն են ունենում դատավարական փաստաթղթերի կազմմանը։

Տեսանյութը պարզ ցույց տվեց, թե ինչպես են քրեական գործերով իջեցվում քաղաքական պատվերները, ինչպես են համակարգվում իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները։

Եթե նման դեպք լիներ որևէ զարգացած երկրում, ապա այս լուրը չէր իջնի եթերներից, կլինեին հրաժարականների պահանջներ, կլինեին հետևանքներ։ Հայաստանում այսօր այս լուրն իհարկե կլղոզվի, մանկական արդարացումներ, իհարկե, կգտնվեն։ Բայց դա չի փոխի վտանգավոր իրականությունը։

Մեկ հարցում կարելի է վստահ լինել՝ Աննա Վարդապետյանը ինքնագործունեությամբ չի զբաղվել։ Հասկանալի է, որ ինչպես նա է ցուցումներ տալիս քննիչին և ոստիկանության բաժնի պետին, այնպես էլ իրեն են տալիս հանձնարարականներ։

Մի օր, իհարկե, այդ ողջ սխեման կբացահայտվի՝ Աննա Վարդապետյանը, առանձին դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ հանձնարարականներ են ստացել, ինչ ճնշումներ և ազդեցություններ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել։

Այսօր, սակայն, շատ կարևոր է արձանագրել, որ իշխանության կողմից այսպիսի քաղաքական պատվերները եզակի չեն։ Սա ընդամենը բացահայտված մեկ դրվագ է։ Մեծ է հավանականությունը, որ վարչապետի խորհրդականը շատ այլ և կոնկրետ գործերով էլ է միջամտել, կուրացիա արել։ Սա մեկ դեպք չէ, սա համակարգված անօրինականության շղթայի ընդամենը մեկ օղակն է։ Սա մի փոքրիկ օղակ է, որ ցույց է տալիս, թե վերջին երկու տարում ինչպես են հարուցվել և քննվել բազմաթիվ աղմկահարույց գործեր։ Սա հրեշավոր մեխանիզմի ընդամենը մի մասնիկն է։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031