Հայաստանը գտնվում է մի քանի աշխարհաքաղաքական հակամարտությունների խաչմերուկում:
Մենք ժամանակ չունենք: Հայաստանի իշխանությունները՝ ի թիվս Հայաստանի Հանրապետության նախագահի հակամարտություններին դիմակայելու ուղղությամբ, ոչ մի ջանք չի գործադրել, իսկ Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը լուծելուն ուղղված ոչ միայն ջանքեր չի գործադրել, այլ նաև իր գործունեությամբ և անգործությամբ էլ ավելի է խորացրել ճգնաժամը:
Առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով՝ Հայաստանի նախագահի անունից հանդես եկող անձը` Արմեն Սարգսյանը, վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին, մարտի 13-ին հրավիրել է հանդիպման: Նա իր հրավերը հիմնավորել է հետևյալով` «պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից մեր պետության և ժողովրդի շահերը բազմիցս անտեսվել են` նրա անօրինական գործունեությամբ և հանցավոր անգործությամբ, ուստի գտնում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պետք է գնան այդ հանդիպմանը միայն մեկ նպատակով. հրապարակավ՝ ուղիղ հեռարձակմամբ (տեսախցիկների առջև), հայտարարությամբ հանդես գան ասելով, որ և՛ Արմեն Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը իր «Իմ քայլը» խմբակցությամբ, գործել են որպես հանցավոր խումբ, հետևաբար Արմեն Սարգսյանը չի կարող լինել ճգնաժամը հաղթահարելու համար նախաձեռնող կողմ, իսկ Նիկոլ Փաշինյանը ունակ չէ ընդունել իր մեղքը:
Կարդացեք նաև
Այսինքն՝ գնալ միայն հանդես գալու հայտարարությամբ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթված են թշնամու կողմից, այդ զավթիչների դեմ պայքարը պետք է ավարտին հասցնել, անցնելով կտրուկ գործողությունների՝ առավելագույնը 48 ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ պարալիզացնելով գործադիր և օրենսդիր իշխանությունների աշխատանքը: Բոլոր վարչական շենքերի մուտքերը՝ Կառավարության շենքեր, նախագահի նստավայր, նախագահի և վարչապետի բնակության վայրեր, մարզպետարաններ, Ազգային ժողովի շենք՝ շրջափակել մեծ մեքենաներով: Հայտարարել ժամանակավոր Կառավարության կազմի, գործունեության ժամկետի և ծրագրի մասին, ինչպես նաև նախագահի թափուր պաշտոնի մասին:
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ