Երեկ առավոտյան հրապարակված ուղերձով Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ թեեւ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իր ազատման ողջ գործընթացը «հակասահմանադրական է», սակայն ինքը հակասահմանադրական քայլերի չի պատրաստվում դիմել, այլ որոշել է դիմել վարչական դատարան:
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Օնիկ Գասպարյանի ուղերձը չի փոխել ներքաղաքական իրավիճակը, ավելի ճիշտ՝ ներքաղաքական ճգնաժամը՝ «բոլոլան», իր խոսքով, ավելի է խորացել, ուստի ՀՓՇ-ն պետք է ավելի մեծ ճնշմամբ շարունակի պայքարը։
«Զինված ուժերը շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը, զինված ուժերը շարունակում են չվստահել պետության ղեկավարին, այդ մասին ասվեց ե՛ւ Օնիկ Գասպարյանի ուղերձում, ե՛ւ ԳՇ-ի, ե՛ւ Խաչատուրովի հայտարարության մեջ։ Սա է գլխավորը։ Կապ չունի, թե ով է լինելու ԳՇ պետ՝ Արտակ Դավթյա՞նը, թե՞ Պողոսը, եթե իրենք վերահաստատում են իրենց դիրքորոշումը, ճգնաժամը շարունակվում է, երկրում անիշխանություն է, ԶՈՒ-ն չի ենթարկվում քաղաքական ղեկավարությանը»։ Իսկ ընդդիմությունը, Շարմազանովի խոսքով, պետք է ուժեղացնի ճնշումը փողոցում, շարունակի պայքարը, հայ ազգը պիտի ոտքի կանգնի։ 4 ամսվա պայքարի արդյունքում Փաշինյանը չհեռացավ, հիմա, երբ արտահերթ ընտրությունների մասին անգամ ԶՈՒ-ն է խոսում, հնարավո՞ր է ընդդիմությունը համաձայնի դրան։ «Իսկ ինքը հրաժարական տալի՞ս է, որ գնանք արտահերթ ընտրությունների, թող տա՝ նոր կխոսենք»։ Եթե խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնություն կայացվի արտահերթ ընտրությունների շուրջ, ո՞րն է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը։ «Ես ասել եմ՝ իմ օրակարգը մեկն է՝ սրա հրաժարականը։ Թող տա, 2 շաբաթ ժամանակ կա, կտեսնենք, թե գործընթացներն ինչպես են գնում։ Բայց ես չեմ պատկերացնում՝ սնայպերներով, ոստիկանական զորքով սա ո՞նց է ընտրություններ կազմակերպելու»։ Շարմազանովը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների գնալն ավելի է ապակայունացնելու իրավիճակը, քան այսօր է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: