Պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար Արամ Միքայելյանը պնդում է, որ Պոլիտեխնիկական համալսարանում դիմորդին ստում են մասնագիտացման հարցում: Նա նաեւ հայտարարում է, որ կեղծարարություններ են կատարվել ամբիոնի վարիչների ընտրության ժամանակ:
Մեզ հետ զրույցում Արամ Միքայելյանը նշեց, որ համալսարանի գովազդային արշավների ժամանակ դիմորդին, ըստ էության, մոլորեցնում են. ներկայացվում է մասնագիտություն՝ իր տարատեսակ մասնագիտացումներով, բայց ընդունվելուց հետո մի մասնագիտացման փոխարեն նրան առաջարկվում է ընտրել մեկ ուրիշը, որովհետեւ իր նախընտրածը պարզապես չկա:
Ըստ Արամ Միքայելյանի՝ այս ամենի մեղավորը արդեն նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն է: Հիշեցնենք, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ բուհում անցկացվել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլը մոտակա օրերին է: Ի դեպ, ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր նաեւ Արամ Միքայելյանը եւ բավարար ձայներ չստանալով՝ դուրս էր մնացել ընտրապայքարից:
Արամ Միքայելյանը գտնում է, որ դիմորդին եւ ուսանողին չպետք է ստել, չլինել ժամի ճորտը, ունենալ գոնե 50 դիմորդ ու վերականգնել մասնագիտացումները:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնի վարիչների ընտրությունը, Արամ Միքայելյանը պնդում է, որ ամբիոնի վարիչների ընտրությունը պատշաճ ձեւով չի կազմակերպվել. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) կայքում մրցույթի հայտարարությունը տեղադրվել է հետին ամսաթվով՝ դեկտեմբերի 9-ի փոխարեն՝ հունվարի 13-ին:
«Պոլիտեխնիկում ամբիոնի վարիչների ընտրության կեղծարարություն է արվում այսօրվա ռեկտորի թեկնածուի հովանավորչությամբ: Անբարոյականության ո՞ր աստիճանն է. պատերազմի 2-րդ շաբաթում հայտարարել մրցույթ և անտեսելով բաց-թափանցիկ մրցույթի՝ իրենց իսկ հաստատած կանոնակարգը, «թաքուն» հայտարարություն տեղադրել միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի տպագիր տարբերակում` շրջանցելով ՀԱՊՀ կայքում տեղադրելու կանոնակարգային պահանջը։ Տպավորությունն այն է, որ համալսարանի ղեկավարող օղակներում ձեւավորվել է հանցավոր խումբ՝ այն է բանդա, չարաշահել են պաշտոնեական դիրքը և շահադիտական նպատակներով կեղծել են կայքում տեղադրվող պաշտոնական տեղեկատվությունը: Կեղծարարությունը պայմանավորված է «աթոռի մարմաջով», ապագայում նաև հլու-հնազանդ ծառայելու ակնկալիքով»,- կարծում է մեր զրուցակիցը: Նա. ի դեպ, ռեկտորի թեկնածու ասելով՝ նկատի ունի երկրորդ փուլ անցած միակ հավակնորդին՝ պրոռեկտոր Գոռ Վարդանյանին:
«Ներկա պահին Պոլիտեխնիկական համալսարանի կայքում կարելի է տեսնել, որ «Պոլիտեխնիկի Երևանի կրթահամալիրի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթ» հայտարարությունը տեղադրված է դեկտեմբերի 9-ին: Սակայն, մեր կողմից ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է նշված էջի պարբերական դիտարկում, և ընդհուպ մինչև հունվարի 13-ը նման հայտարարություն տեղադրված չի եղել»,- վստահեցրեց Արամ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ հնարավոր մասնակից-թեկնածուներին հասանելի կերպով չիրազեկումը ավելի է ընդգծում ընտրության ոչ բաց լինելու և թիրախավորված, ուղղորդված լինելու հանգամանքը:
ՀԱՊՀ աշխատակցի բարձրաձայնած խնդիրները Պոլիտեխնիկական համալսարանից մեր ստացած գրավոր պատասխանում որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող և որևէ հիմնավոր ապացույցից զուրկ զրպարտություն:
Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: