Արցախի երկնակամարը 44-օր հրո ճիրաններում էր: Խուլ ցավից հառաչում էր հայոց հողը, հազարավոր զավակների հեղեղված արյունը լերդացել էր մայր հողի սրտին, լեռները սարսափից ոռնում էին: Կյանքը սառել էր: Պատառը քարացել էր: Արցունքը հորդում էր: Չէի՜նք ապրում, ապրվում էի՜նք, ապրվո՜ւմ…
Պատերազմը խարան դարձավ մեր հոգում ու քարացավ լուսանկարներում՝ դառնալով թանկ մասունք հերոս զավակներից: Այս լուսանկարը պատերազմի օրերին հայ մայրերի մխիթարության խորհրդանիշն էր. զավակը մենակ չէ…
Հրետանավորներ Հայկ Հովասափյանը, Ալբերտ Հովհաննիսյանը ընկերների հետ օր ու գիշեր կատաղի կռվ էին տալիս…: Լուսանկարում ժամկետային զինծառայող Հայկ Հովասափյանն է ընկերների հետ, որոնց պատահական անցելիս մոտեցել է գնդապետ Մանուկ Բադալյանը: Կանգնել, մոտեցել է Զինվորներին, շնորհակալություն հայտնել, հայրաբար Հայկին թևի տակ է առել, ճակատը համբուրել ու ասել. «Ապրե՛ս, իմ խելոք տղա»: Պահն անսպասելի անմահացրել էր լուսանկարիչ Սիփան Գյուլումյանը:
…Գնդապետ Բադալյանը պատերազմում վիրավորվեց, երկու ամիս Մուրացանի անվան հոսպիտալում էր: Լուր էր հասել, որ ամենուր իր նկարն է՝ Զինվորի հետ: Տեսել էր նկարը, հուզվել ու ասել. «Ա~խ, Աստված իմ, Ալբերտը զոհվեց: Տեսնես էս տղան ո՞ղջ է: Սիրտս է մտել, կարծեք՝ որդիս լինի»: Դեռևս հոսպիտալում փորձում է Զինվորի ինքնությունը պարզել, ճշտել՝ ո՞ղջ է…:
Կարդացեք նաև
Ո՜ղջ է Զինվորը….
Հայկ Հովասափյանը շտաբում էր, կանչեցին հեռախոսի մոտ: Հոսպիտալից էր զանգը, Գնդապետ Մանուկ Բադալյանն էր, հուզված էր… Հայկին խոստացավ, Արցախ այցելելիս հանդիպել իրեն: Հունվարի 30-ին՝ Հայկի ծննդյան օրը, հրամանատարը խոսքի տերը եղավ. այցելեց հերոսին:
ԵՕՀՊՄ քոլեջի նախկին սան, ըմբիշ հրետանավորը երկու ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ, երբ սկսվեց պատերազմը: Մինչև վերջին մարտը եղել է Ջրականում: Պատերազմից հետո Հայկ Հովասափյանը դեռ տուն չի եղել. Շոշ գյուղի դիրքերն է պահում. նահատակված հերոսները իրենց ապրելու իրավունքը տվել են ընկերներն՝ Հայրենիքն անմնացորդ պաշտպանելու հորդորով:
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ