Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆլիկտն ուժային լուծում չունի

Մարտ 11,2021 10:00

Հասարակական-քաղաքական զարգացումներին, իմ կարծիքով, պետք է նայել ոչ թե այն տեսանկյունից, թե որ գործիչն է այսօր կամ վաղը նստելու այս կամ այն աթոռին, այլ՝ ինչ մարտահրավերներ են կանգնած մեր երկրի առաջ, եւ ինչպես են դրանք լուծվում: Թե չէ՝ մեր համաքաղաքացիների մեծ մասը ղեկավարվում է էմոցիաներով ու նախապաշարումներով՝ «սրան սիրում եմ, սրան չեմ սիրում» եւ, ըստ այդմ, «սա՛ պիտի նստի գահին», «չէ՛, է՛ս մեկը»: Այսպիսով, վերաբերմունքն այս կամ այն գործչի հանդեպ փոխվում է կայծակնային արագությամբ՝ օրերի, հաճախ՝ ժամերի ընթացքում. Օնիկ Գասպարյանը հերոս է, հետո պարզվում է՝ չէ, հարմարվողական մի պաշտոնյա է, կամ՝ «վերջապես մենք նախագահ ունեցանք», հետո՝ «չէ՛, Արմեն Սարգսյանը բրիտանական լրտես է»:

Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց ուշքն ու միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իր աթոռին. նրանք միացնում են հեռուստացույցը կամ համակարգիչը եւ տեսնում են իրենց մտածելակերպին, իրենց ինտելեկտին համապատասխան մի լիդեր, որն արտահայտում է իրենց իղձերը՝ «նախկինների» հանդեպ իրենց էմոցիաների առումով: Այդ մարդկանց չի հետաքրքրում պատերազմում ամոթալի պարտությունը, երկրի աղետալի վիճակը, որոնց առաջին մեղավորը հե՛նց Փաշինյանն է:

Մյուս կողմից՝ կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ունեն միայն մեկ երազանք՝ ամեն գնով գահընկեց անել Փաշինյանին, եւ այստեղ նույնպես կարող է լինել էմոցիաների մի ամբողջ ներկապնակ: Այդ՝ երկրորդ խմբի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց երազանքի իրականացման համար կիրառելի են բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական հեղաշրջումը: Հենց ա՛յդ քաղաքացիներն են, որոնք, ի վերջո, դժգոհ մնացին Արմեն Սարգսյանից եւ Օնիկ Գասպարյանից:

Ի՞նչ էին նրանք ակնկալում: Հավանաբար՝ որ Օնիկ Գասպարյանը զինված խումբ ուղարկեր կառավարություն եւ փորձեր ձերբակալել վարչապետին: Ենթադրենք, այդ խումբը չէր բախվի Փաշինյանին պաշտպանող խմբի հետ, եւ այդ ձերբակալությունը կկայանար: Այդպիսով, բանակը իշխանության կբերեր ժամանակավոր կառավարության, որը կանցկացներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա կկայունացնե՞ր վիճակը, սվինների վրա եկած իշխանությունն ավելի արդյունավե՞տ կաշխատեր, քան ներկայիս, այո, չափազանց անարդյունավետ վարչակազմը: Այդ ամենը ազդակ չէ՞ր լինի թշնամու համար՝ իր դիրքորոշումը կարծրացնելու:

Հայաստանում, հուսով եմ, կան քաղաքացիներ, որոնք այլ կերպ են մտածում, քան «նիկոլապաշտների» եւ «նիկոլատյացների» տասնյակ հազարանոց խմբերը: Այդ մարդիկ ակնհայտորեն ավելի քիչ են, քան երկու ճամբարների ներկայացուցիչները: Այդ՝ համեմատաբար փոքրաթիվ խմբի համար եմ գրում այն, ինչի մասին նրանք առանց ինձ էլ գիտեն. Ղարաբաղյան կոնֆլիկտն ունեցավ ուժային լուծում, եւ այդ լուծումը մեր օգտին չէր՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների «իմաստուն» քաղաքականության պատճառով: Բայց ներհայաստանյան կոնֆլիկտը հաստատ ուժային լուծում չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. henri says:

    Խօսք չունիմ. որպէս վերլուծում կատարեալ է .
    Բայց հոս մենք գործ ունինք ՛՛խանգարուած՛՛ ուղեղներու հետ… մարդիկ որ միայն իրենց տեսակէտը պարտադրելու համար ամբողջ Ազգը կը չարչարեն ամէն օր …
    Մարդ չի մտածեր որ շարունակական ձախողութիւններէ ետք / Ներքին-զինուորական – տնտեսական և այլն/ ժողովուրդը հանգիստի կարիք ունի , և իր վերջին մտահոգութիւնն է թէ ով աւելի իրաւունք ունի , Վարչապետը՞,նախագահը ՞, թէ բանակայինը ՞։ Երեք պարագաներուն ալ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԷՄ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆ Է ,
    եթէ առանց ժամանակ կորսնցնելու իրար հետ ՛՛ լեզու չի գտնեն ՛՛ վայրկեան մը առաջ։
    Վարչապետ մը որ ՛՛ քրտնած շապիկի պէս՛՛ զօրավարներ կը փոխէ , , ,
    Նախագահ մը և Շտապի պետ մը որ իրենց սահմանները ստոյգ չեն գիտեր . . .
    17 + 1 ՛՛վարպետորդիներ ՛՛ որ ՛՛աթոռի ցաւ՛՛ ունին և փողոցներ կը փակեն . . .
    7-10 միլիոն սփիւռքը որուն՞ հասնի ,երբ հոն ալ անբողջական համաձայնութիւն գոյութիւն չունի . . . Երկնային հրաշք մը միայն կրնայ օգնութեան հասնիլ մեզի ։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Նախորդը, երեևի, բավականաչափ «իմաստուն» գտնվեց, որ ներհայաստանյան կոնֆլիկտին ժամանակին ուժային լուծում չտվեց: Արդյունքում ունեցանք ամուլ կառավարություն և աղետալի հետևանքներ: Իսկ ինչու՞ եք ասում «ներհայաստանյան կոնֆլիկտը հաստատ ուժային լուծում չունի»: Մինչև պատերազմը հազար տեղից նույն բանն ասում էին ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Ի՞նչ եղավ: Ինչպե՞ս եղավ: Ի՞նչ է հիմա էլ խելագարի դիկտատուրայի միջո՞վ պիտի անցնենք, որ ուժային լուծումն ուզենք, թե չուզենք չոքի մեր դուռը:
    Դուք դիմում եք մարդկանց այդ սակավաթիվ խմբին, որ ո՛չ նիկոլապաշտ են, ո՛չ էլ նիկոլատյաց: Բայց Դուք, որպես իրենց ներկայացուցիչ, չեք ասում, թե որն է ուժային լուծման այլընտրանքը: Տրամաբանությունը հուշում է, որ պիտի որ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ լիներ: Սակայն ամեն ինչ այնքան մղձավանջային անտրամաբանական է դարձել, որ այդ բառն արտաբերելն անգամ անբնական է թվում: Որովհետև ձեզանից հետո հիմնավորում են ուզելու:

  3. Լավատես says:

    Ժողովրդավարությունը պետությունում նույնն է, ինչ ուղեւորավարությունը ինքնաթիռում, այսինքն՝ նման բան չպետք է լինի, պետք է լինեն մասնագետ կառավարիչներ ու օդաչուներ, իսկ ժողովուրդն ու ուղեւորները պետք է ընթարկվեն պետության ու օդանավի հրամանատարին: Պետականաշինությունը նույնքան բարդ բան է, ինչ ինքնաթիռաշինությունը, ամեն երկիր չէ, որ կարող է ինքնաթիռ կամ պետություն ստեղծել, բայց մենք ունենք հզոր բնագետների ու ճարտարագետների բանակ, որն ի վիճակի է ինքնաթիռ նախագծել ու արտադրել, մենք ունենք կառավարման ակադեմիա, որն ընդունակ է պետություն նախագծել ու պետության կառավարման քաղաքացիական հրամանատարներ պատրաստել:
    .. Քանի որ ինքնաթիռի հրամանատարը ընտրված է ուղեւորների կազմից՝ լիգիտիմ արդար գաղտնի ու էշական ընտրությունների մեխանիզմով, որպեսզի ինքնաթիռը վարի չգնա, դրսի բարի մասնագետ օդաչուները ռադիոյով ցուցմունքներ են տալիս մեր, մարդու լեզուն չի պտտվում, մեր քաղաքական օդաչուներին ինչ անել, այո, մեր քաղաքական դաշտը՝ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ոչ մասնագետ օդաչուներ են կառավարում: Սա բնական է հատուկ է արված, որ պետություններն ու ժողովուրդները կառավարելի լինեն դրսի ուժերի կողմից, բայց նրանք այդքան բոբո չեն՝ խելք ու շնորհք ունես, մրցակցի նրանց հետ, իսկ մենք այդ շնորհքն ունենք, երբ մեր լավերը կհայտնվեն կառավարման բուրգի վերեւում, իսկ վատերը՝ ներքեւում:

  4. Armen says:

    Ինչու՞ ուժային լուծում, հարկավոր է գտնել ձև Հայաստանից արտաքսելու Ռոբին, Սերժին և Նիկոլին (առանց վերադառնալու իրավունքի), դրանից հետո միանգամից կձևավորվի այն փոխհամաձայնությունը, որի մասին խոսում են: Սա նաև կունենա ցուցիչ եկողների համար, թե ինչը չի կարելի պետության ղեկը ստանձնած մարդուն:

  5. Armen says:

    Չեմ մոռցեր…

  6. Armen says:

    Հաղթողին և հաղթանակը մսխողներին նույն շարքում ես չեմ տեսնում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031