Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը կանգնեց հաշմանդամ կնոջ կողքին. հայցը բավարարվել է

Մարտ 11,2021 14:00

Երկար ժամանակ է, ինչ վարչական դատարանում էր Հերմինե Ա.-ի վարչական գործը: Համավարակի օրերին հաշմանդամ կինը իր նպաստի հարցով դատարանում էր:

44-ամյա Հերմինե Ա.-ն հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնին իրավունքի խախտման օրվանից՝ 11.06.2016 թվականից մինչեւ 01.02.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն եւ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

2003 թվականից 1-ին տիպի շաքարային դիաբետով տառապող, երրորդ կարգի հաշմանդամի գործով դատարանը հօգուտ նրա մեկ անգամ վճիռ էր կայացրել՝ լուծելով հաշմանդամության կարգի հարցը, սակայն ինչպես «Առավոտին» էր տեղեկացրել նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը, դատարանն անցյալ տարվա մարտի 27-ի դատական ակտում անդրադարձ չէր կատարել հայցվորի անցած ժամանակահատվածի համար նպաստ վճարելու հարցին, ինչն առիթ էր դարձել, որպեսզի հաշմանդամ կինը հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու եւ վճարելու համար կրկին դիմի ծառայության տարածքային բաժին՝ թոշակը ստանալու համար:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանից (դատավոր՝ Մհեր Պետրոսյան) խնդրել էր պարտավորեցնել պատասխանող կողմին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը՝ վճարել հաշմանդամ հայցվորին՝ 26.02.2018թ.-ից մինչեւ 01.03.2019թ. ժամանակահատվածի համար չվճարված նպաստի գումարը, որը նրա սեփականությունն է:

Նախապատմությունն այն է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ԲՍՓ գործակալության Արարատի մարզի թիվ 2 հանձնաժողովի 2015թ. մարտի 2-ի որոշմամբ Հերմինե Ա-ն փորձաքննվել է առաջին անգամ եւ ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ մեկ տարի ժամկետով:

Համաձայն թիվ 407-389 գործի 15-րդ կետի՝ հաշմանդամության երկրորդ խումբը երիտասարդ կնոջ համար սահմանվել է «Մարգինալ շրջանի լիմֆոմա՝ IV շրջան պերիֆերիկ, ներկրծքային, ներորովայնային ավշահանգույցների, թոքի ախտահարումով, արյունաստեղծ ֆունկցիայի արտահայտված խանգարումով» ախտորոշմամբ, որը, համաձայն թիվ 407-389 գործի 16-րդ կետի «բ» ենթակետի, բերել է «ինքնուրույն տեղաշարժվելու կարողության» առաջին եւ «աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության» երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակումների: Գործակալության Արարատի մարզի թիվ 2 հանձնաժողովի 2016թ. մարտի 1-ի որոշմամբ հայցվորը վերափորձաքննվել եւ կրկին ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ՝ դարձյալ մեկ տարի ժամկետով:

Մեկ տարի հետո հայցվորը վերափորձաքննվել է գործակալության Արարատի մարզի թիվ 1 հանձնաժողովի կողմից, որի արդյունքում այդ հանձնաժողովի 2017թ. մարտի 29-ի որոշմամբ ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամ մեկ տարի ժամկետով: Հայցվորը ստիպված դիմել է վարչական դատարան, քանի որ ձեռքի տակ են մեկ երրորդ կարգի, մեկ՝ երկրորդ կարգի հաշմանդամության մասին փաստաթղթերը:

Նշենք, որ վարչական դատարանն անցյալ տարվա մարտի 27-ին կայացրած վճռով բավարարել է ընդդեմ նախարարության հայցվորի հայցը: Դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի կողմից կայացրած թիվ 145-239 որոշումը եւ պարտավորեցրել էր պատասխանողին հաշմանդամ կնոջ նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ:

Այս ժամանակահատվածում, բնականաբար, նա իր նպաստը չի ստացել, ինչն ըստ փաստաբանի, նրա գույքային իրավունքն է, լեգիտիմ սեփականությունը:

Փաստաբանը դատական գործընթացի ժամանակ հղում էր կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածին, համաձայն որի՝ հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին։
Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար։

Պատկան մարմնի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ այդ հարցը օրենքով կարգավորված է եւ դատարանի կողմից դրան անդրադառնալու առհասարակ կարիք չկար:

Ըստ փաստաբանի. «Դատարանի վճռով Հերմինե Ա.-ի նկատմամբ սահմանվել է նպաստ. «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաեւ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու եւ վճարելու կարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 635-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի համաձայն, որի 28-րդ կետը սահմանում է. «Նպաստ վճարելը վերսկսվում է նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում»:

Մարտի 1-ին դատարանը հրապարակեց իր որոշումը եւ բավարարեց հայցը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Խնդրին «Առավոտ»-ն անդրադարձել է փետրվարի 10-ին իր «Ծուղակ՝ հաշմանդամության կարգը դատարանով վերահաստատվելուց հետո նպաստը չեն վճարում» հրապարակմամբ:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031