Համամլու գյուղատեղին գտնվում է Սաղմոսավանքից մոտ 4 կմ հյուսիս-արեւելք, Արայի լեռան արեւմտյան ստորոտում, Քասախ գետի կիրճի ձախ եզրին: Լքված գյուղատեղիում նկատելի են բնակելի շինությունների ավերակները, տնամերձ բակերն ու փողոցները: Տները հիմնականում հպված են միմյանց, անկանոն դասավորությամբ՝ կառուցված բազալտից, հողաշաղախով:
Համամլուն գտնվելով միջնադարյան կարեւոր ճանապարհահատվածի՝ Եղվարդ-Աստվածընկալ-Ապարան, վրա, հանդիսացել է նշանավոր հանգրվան: Այդ առումով Ղեւոնդ Ալիշանը գրել է. «Նշանակի եւ հանգրւան մի յարեւելեան հիւսիսային ստորոտս լերինն Արայի, որպէս եւ յարեւմտեան ստորոտսն՝ առ գետեզերքն Քասաղայ՝ Համամլ եւ Այվազ-ալի գեօղք փոքունք»: Գյուղը շրջակա բնակավայրերի՝ Աստվածընկալ, Սաղմոսավանք եւ Սերկեւիլի հետ կապվել է դրանց միջնադարյան կամուրջներով: Գյուղի նախկին պատմական անվանումը հայտնի չէ: Հավանաբար Համամլու (պարսկ.՝ բաղնիք) անունը ստացել է 18-րդ դարի կեսերին, երբ զրկվել է հայ բնակչությունից եւ այստեղ հաստատվել են քոչվոր այլազգիները: Այդ ժամանակ Արայի դաշտը թուրքական ու պարսկական զորքերի հակամարտության թատերաբեմ էր:
Ենթադրվում է, որ զարգացած միջնադարում գյուղը հանդիսացել է Եղվարդում հայտնի Ազիզբեկյան իշխանական տան տիրույթներից, որոնց գործունեությունը ուսումնասիրելով՝ Գարեգին Հովսեփյանը գրել է. «Ազիզբեկի իշխանությունը չպետք է ավելի ընդարձակ լիներ, քան Արայի լեռան փեշերը, սահման ունենալով արեւմտյան կողմից Քասախ գետը»: Իսկ 18-րդ դարում գյուղը հարկատու է եղել Սաղմոսավանքին: Գյուղը 18-19-րդ դարերում մտել է Ապարանի մահալի (գավառակ) մեջ: 1817թ. այստեղով անցել է բրիտանական բանակի սպա Ջոնսոնը: Իսկ 1827թ. Արայի լեռան այս փեշերը ռուսական բանակի համար հանդիսացել են մի կարեւորագույն զորակայան, Օշականի ճակատամարտից առաջ: Գեներալ Կրասովսկին այստեղ լրացրել է իր օրագրությունը: Համամլուն 1831թ. ունեցել է 9 տուն բնակիչ, 1915թ.՝ 611, իսկ 1939թ.՝ 140 շունչ բնակիչ, որոնք 1946թ. հեռացել են:
Համամլուի կենտրոնում, փոքրիկ բարձունքի վրա ավերակ եկեղեցին է, որից պահպանվել են միայն հենապատերի որոշ հատվածներն ու հյուսիսային պատից մի կիսաշրջան հատված: Արեւելյան կողմում ուրվագծվում է գլխավոր խորանի եւ զույգ ավանդատների, իսկ արեւմտյան կողմում՝ մուտքի հատվածները: Պահպանված հենապատերից ի մի է բերվում նրա ոճական-ճարտարապետական առանձնահատկությունը, որը բնորոշ է 7-րդ դարի եռախորան կենտրոնագմբեթ եկեղեցիներին: Այն իր հատակագծային հորինվածքով (արտաքինից ունեցել է ուղղանկյան տեսք) նման է Դորբանտավանքին եւ Հնեվանքին:
Կարդացեք նաև
Եկեղեցին իր վրա կրել է 1679, 1827 եւ 1840 թթ. երկրաշարժերը: Կարծում ենք, հատկապես վնասվել է 1679թ. Արարատյան երկրաշարժից եւ վերջնականապես կործանվել տեղի այլազգիների կողմից, որոնք եկեղեցու սրբատաշ քարերը օգտագործել են բնակելի տների պատերի մեջ: Գյուղի հին հայկական գերեզմանոցը եկեղեցու հյուսիսային մասում է, որտեղ առկա են երկու խաչքարեր՝ իրենց ոճական հորինվածքով բնորոշ ուշ միջնադարին եւ շուրջ 15 հարթ տապանաքարեր:
1991թ. աշնանը տեղում կատարվել են հնագիտական աշխատանքներ, որոնց ընթացքում ամբողջովին բացվել են եկեղեցու եւ հարավային կից շինության հենապատերը, մաքրվել եկեղեցու ներսը: Եկեղեցին ժամանակին ունեցել է նաեւ պարսպաշար, որի միայն հետքերն են նշմարվում:
Համամլուն հարուստ է արոտավայրերով ու մարգագետիններով, որոնք տարիներ շարունակ այստեղ են ձգել շրջակա բնակավայրերի մարդկանց: Երվանդ Շահազիզը պատկերավոր նկարագրելով աշտարակցիների սովորույթները, գրել է, որ նրանք մինչեւ իսկ ձմեռվա պաշար աղ դնելու բանջարեղենը՝ բոխը եւ զոխը հավաքելու համար, երբեմն խմբովին հասել են Ծաղկեվանք եւ մինչեւ իսկ՝ Համամլու:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
10.03.2021