Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ցինիզմը նոր «բարձունքներ» է նվաճում

Մարտ 11,2021 12:00

ՀՀ վարչապետը, Պնախարարը շարունակում են անտեսել թուրք-ադրբեջանական տանդեմի սադրիչ հայտարարությունները

Ադրբեջանի նախագահը սկսել է հետեւողականորեն Հայաստանի իշխանություններից դժգոհելու քաղաքականություն վարել, իսկ դա մեկ բացատրություն ունի, ուրեմն, Ադրբեջանը Հայաստանից նոր զիջումներ է ակնկալում:

Թե ինչ ակնկալիքներ ունի Ալիեւը Հայաստանից՝ նա չի էլ թաքցնում: Հայաստանը, պարզվում է, խուսափում է համագործակցությունից եւ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» իրագործմանը, անցյալ շաբաթ հայտարարեց Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության՝ «Յենի Ազերեբայջանի» համագումարում։ Նա դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, պնդելով, թե Բաքուն «կստիպի Երեւանին եւ ի վերջո իրականություն կդարձնի իր ցանկությունը»։

Ալիեւն ու Էրդողանը զուգահեռաբար տանում են Հայաստանին միաժամանակ եւ դուր գալու, եւ սպառնալու հստակ գիծ: Բաքուն, Անկարան եւ Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանի ճանապարհային նախագծերը, եւ Երեւանը եւս կարող է շահել դրանցից, եթե իրեն նորմալ պահի, նշեց Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում։ Իլհամ Ալիեւը վերստին պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում. «Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին եւ սկսել ենք քննարկել տրանսպորտային նախագծեր, որոնք կմիավորեն բազմաթիվ երկրներ՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար»։

Ավելին, ասածը հիմնավորելու համար, Ալիեւը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում կազմակերպության անդամ-երկրներին արդեն հրավիրում է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»: Հիշեցնենք, կազմակերպության երկրներն են՝ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: «Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ իրար կապող տրանսպորտային նախագծեր»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ Հայաստանն էլ կարող է օգուտ ստանալ այդ գործընթացից: Ալիեւն ընդգծել է, որ նոր տրանսպորտային միջանցքը կանցնի «Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով» եւ կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ. «Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին օգտվել Զանգեզուրի միջանցքից»:

Պաշտոնական Երեւանը հակադարձեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» եւ հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի ԱԳՆ-ն, փաստացի, միակ գերատեսչությունն է, որը պատասխանում է պաշտոնական Բաքվից ու Անկարայից ժամանակ առ ժամանակ հնչող «պահանջներին»: Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական թիմը, պաշտպանության նախարարը թուրք-ադրբեջանական տանդեմի ակնհայտ սադրիչ հայտարարություններին նախընտրում են չարձագանքել:

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է նաեւ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը լուծել է հակամարտությունը եւ կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը: «Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը, եւ ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման եւ փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի դրույթները, թեեւ այդ նույն բանաձեւերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,- նշել է Նաղդալյանը: Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը «հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում»: «Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ պատերազմի հետեւանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», – շեշտել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը:

Հայաստանին տնտեսական, տրանսպորտային «գրավիչ», բայց անորոշ ակնարկներ անող Ադրբեջանի իշխանությունները, որոնք շարունակում են հայ ռազմագերիներին պահել Ադրբեջանում, պարզվում է, դժգոհ են, որ հայկական կողմը «ականապատված տարածքների քարտեզներ» չի տրամադրում: Պաշտոնական Բաքուն օրեր առաջ հրապարակեց հաղորդագրություն, որի համաձայն՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեռ փետրվարի 22-ին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ պատերազմի ավարտից հետո Բաքվի հսկողության ներքո հայտնված տարածքներում ականների պայթյուններից զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 9 խաղաղ բնակիչ, վնասվածք է ստացել 65 մարդ, այդ թվում՝ 8 խաղաղ բնակիչ:

Հայաստանին թշնամի ներկայացնելու հարցում հետ չի մնում նաեւ պաշտոնական Անկարան: «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դեւլեթ Բահչելին անցյալ շաբաթ ելույթ էր ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ եւ անդրադարձել ներհայաստանյան զարգացումներին: Հայաստանի եւ ներհայկական զարգացումների վերաբերյալ խոսելիս՝ թուրքը Հայաստանն անվանել էր՝ «ահաբեկչական եւ խամաճիկ պետություն»։ «Իսկ անցած շաբաթ բանակի կողմից վարչապետին ուղղված հրաժարականի կոչը, իրականում սպասելի վերջնարդյունքի դրսեւորում էր: Իսկ երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»,- ասել է Բահչելին։ Նա, կրկնելով թուրք պաշտոնատար անձանց նույնաբովանդակ հայտարարությունները, պնդել է, որ իրենք ցանկանում են, որ բոլոր երկրներում գերակա լինի ժողովրդավարությունը, անգամ եթե խոսքը գնում է Հայաստանի մասին: Բահչելին, ըստ Ermenihaber.am-ի՝ Հայաստանին խորհուրդ էր տվել դրսեւորել սառնասրտություն եւ ողջախոհություն։ Այնուհետեւ շարունակելով ելույթը, նա ասել է. «Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հեռու մնա հեղաշրջումից եւ մոտ լինի ժողովրդավարությանը: Անգամ մեր թշնամու դեպքում չենք կորցնի վեհանձնությունը, ծնկի եկածին չենք խփի: Մենք թուրք ազգն ենք, Թուրքիան ենք»:

Հայաստանի ներքաղաքական կյանքով խիստ անհանգստացած Թուրքիայի իշխանություններն, այնուամենայնիվ, ունեն մտահոգություններ, այլ կերպ չի կարելի բացատրել իրենց իսկ ազդարարած՝ «ղարաբաղյան ավարտված պատերազմի» պայմաններում կրկին պատերազմի նախապատրաստվելու հստակ քաղաքականությունը:

Առհասարակ, Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններում կա ամեն ինչ՝ բացի երկարատեւ խաղաղությանը նախապատրաստվելու մղումը:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ժամանել են Թուրքիա՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու: Սա արդեն թուրք-ադրբեջանական երկրորդ զորավարժությունն է այս տարվա երեք ամիսների ընթացքում։ «Մենք շարունակում ենք համագործակցությունը Բաքվի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Մենք դիմավորել ենք հերոսական ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա նահանգ են ժամանել վեցշաբաթյա զորավարժությունների»,- Թվիթերում հայտնեց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվելու:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն անցկացրեցին, որոնց ներգրավվել էին տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Զորավարժությունը կոչվում էր՝ «Ձմեռ 2021»։

Իսկ մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում էր Պակիստանի ԶՈՒ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու ՊՆախարարի հետ: Ալիեւը նախ հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ, ապա հավելել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը զարգացնում են համագործակցությունը նաեւ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, եւ հույս է հայտնել, որ Պակիստանը կմիանա Ադրբեջանում գործող եւ նոր կառուցվելիք տրանսպորտային ուղիներին: Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Պակիստանցի գեներալը նշել է, որ Պակիստանի մասնագետները պատրաստ են մասնակցել ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին: Քննարկվել են նաեւ համատեղ զորավարժությունները, փոխայցերը ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի միջեւ:

Ադրբեջանը Թուրքիայի եւ Պակիստանի գործուն աջակցությամբ շարունակում է հայկական կողմին ուժի ցուցադրությունն ու «խաղի կանոններ թելադրելու» իր կեցվածքը: Փաշինյանն ու իր քաղաքական հենարանը՝ «գերիներին չվնասելու» պատճառաբանությամբ, որոշել են պահպանել քար լռություն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ադրբեջանական հոխորտանքների: Եվ ցավալին այն է, որ այդ լռությունն էլ ավելի ցինիկ է դարձնում պաշտոնական Բաքվի պահվածքը: Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կոչերը ձեւական են թվում, իսկ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման գաղափարները, կարծես, Հայաստանից բացի, այլ պետությունների համար է առավել գրավիչ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031