Պետական ծախսերն օպտիմալացնելու փոխարեն վարչապետի աշխատակազմը նորանոր ծախսեր է նախատեսում
Կառավարությունն առայժմ չի հաշվարկել, թե որքան գումար կպահանջվի Պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայությունից անջատելու եւ վարչապետին ենթակա մարմին դարձնելու դեպքում: Չնայած՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պնդում է՝ այդպիսի առանձին կառույց ստեղծելու համար մի քանի միլիոն դոլար է պետք, ինչը սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում պարոն Վանեցյանն անթույլատրելի է համարում:
Նախագծում, որն այս օրերին հանրային քննարկման է դրված, նշված է՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումից հետո պետական եկամուտներում եւ ծախսերում փոփոխությունների առաջացմանը հնարավոր կլինի անդրադառնալ Պետական պահպանության ծառայությունում կառուցվածքային եւ կազմ-հաստիքային փոփոխությունների իրականացման ընթացքում: Մինչդեռ ԱԱԾ նախկին ղեկավարը թվարկում է եւ բացատրում՝ կառույցն առանձնացնելու դեպքում միլիոններն ինչի վրա են ծախսվելու. «ԱԱԾ-ում կան վարչություններ, որոնք սպասարկում են տեխնիկապես ողջ համակարգը՝ ֆինանսական վարչություն, իրավաբանական վարչություն, տնտեսական վարչություն, մեքենաներ եւ այլն։ Հիմա այս ամբողջը նույն վարչություններից բացվի Պետական պահպանության ծառայությունում, այսինքն՝ եւս այնտեղ պետք է ընդունվեն օրինակ՝ 100 աշխատողներ, այդքան մարդկանց պիտի տան աշխատավարձեր. ո՞րն է նպատակը»։
Նշենք, որ նախագիծը քննարկման է դրել ԱԱԾ-ն, բայց, ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, նախագծերի փաթեթը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից:
Կարդացեք նաև
Վարչապետի աշխատակազմը գտնում է, որ ճիշտ է պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ, այդուհանդերձ, ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր:
«Թեեւ Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ եւ հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաեւ պետական մարմինների միջեւ փոխգործակցության շրջանակներում»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Փաթեթի հեղինակները, որպեսզի ամեն գնով համոզեն, որ կառույցը միայն ձեւական առումով է ԱԱԾ-ի կազմում եղել, նշում են.
«Ավելին, Պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաեւ վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձեւավորման հարցում: Ծառայության ղեկավարը նշանակվում եւ ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ»:
Նախագծի հեղինակներն առաջարկում են՝ Պետական պահպանության ծառայության գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին. «Կարեւորել զինծառայողներով համալրված եւ «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու եւ համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»:
Այս նախագծով մի ուշագրավ փոփոխություն էլ է առաջարկվում:
Ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ, ըստ նախագծի հեղինակների, անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար: Ուստի նրանք առաջարկում են այն տարածել նաեւ Ազգային ժողովի նախագահի վրա:
Հեղինակների հիմնավորմամբ՝ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաեւ նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաեւ անվտանգության հետ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2021
optimal = optimus + al
եթէ մենք ալ ուղղակի լատիներէնէն առնենք, կրնա՞նք օպտիմային ըսել եւ հայերէնը օպտիմայնացնել կամ օպտիմացնել։