Ամերիկաբնակ բալետի պարուհի Իրինա Ղարիբյանը կընդունի երեւանյան հրավերները
Ամերիկյան բալետը ծնունդով Նյու Յորքից է։ Ամերիկյան բալետային թատրոնը 20-րդ դարի գլխավոր բալետային կենտրոններից էր եւ մինչ օրս շարունակում է մնալ աշխարհի առաջատար պարային թատրոններից մեկը։ 1920-ականներին այդ թատրոնում փայլել է մեր հայրենակից Լեւոն Դանիելյանը, որը հետագայում հիմնադրել է իր դպրոցը։
Գանք մեր ժամանակներ։ 1991թ. ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը Մարիինյան թատրոնից ստացավ հրավեր՝ Վաշինգտոնում հիշյալ թատրոնի կողմից հիմնված դպրոցում դասավանդելու համար։ Հայտնի է, որ նա դասավանդել է նաեւ ԱՄՆ պրեզիդենտ Քլինթոնի դստերը։
Տարիներ առաջ էլ Խառատյանը Երեւանում ներկայացրեց ամերիկյան բալետի աստղ Ջոնաթան Ջորդանին՝ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետում, ապա խառատյանական խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ» ներկայացման մեջ, որտեղ ամերիկացին մարմնավորեց Նարեկացու կերպարը։ Բալետի հայաստանցի արտիստներն այսօր էլ շարունակում են փայլել ամերիկյան բեմերում։
Կարդացեք նաև
Իրինա Ղարիբյան անունը մի փորձեք մտաբերել. այն ծանոթ չէ մեր հանդիսատեսին։ Դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջում ուսանելու տարիներին 13-ամյա Իրինան ընտանիքով տեղափոխվում են ԱՄՆ։
«Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ ուսումը շարունակել է բալետի մեծանուն արտիստների ղեկավարությամբ. «Ուսանել եմ «Բոլշոյ» թատրոնի պրեմիեր պարող Ալեքսանդր Գրեշենկոյի մոտ, ֆրանսիացի ճանաչված արտիստ Փոլ Մյուիրի ղեկավարությամբ։ Հայ ուսուցիչ էլ եմ ունեցել՝ Ռուբեն Տոնոյանը, որը բեմ է բարձրացել Երեւանի օպերային թատրոնում։ Բայց հաջողված կարիերայիս համար շնորհակալ եմ ժամանակին Լենինգրադի Կիրովի թատրոնի պրեմիեր պարող Մարատ Դաուկաեւին, որի անունը կրող դպրոցում կատարելագործվեցի»։
Առաջին անգամ հայրենիք այցելած պարուհին հայտնեց, որ առաջին պայմանագիրը կնքել է շուրջ 10 տարի առաջ՝ 16 տարեկանում, Pacific Ballet Dance Theatre-ում։ Առաջին դերապարը Կիտրինն էր՝ Մինկուսի «Դոն Կիխոտում»։ Հետո հայ արտիստին մեկը մյուսի հետեւից վստահվել են գլխավոր դերապարեր, այդ թվում՝ Չայկովսկու «Շչելկունչիկում» Մաշան եւ այլն։ Եվ ընդամենը մեկ տարի անց՝ 17 տարեկանում, ինչպես վստահեցնում է Իրինան, թատրոնի տնօրեն Նատաշա Միդելթոնը առաջարկում է նաեւ փորձավարի աշխատանք։ Ավելին՝ նկատի ունենալով բալետի հայ արտիստին, տիկին Միդելթոնը խաղացանկից դուրս առանձին համարներ է բեմադրում նրա համար։
Զրույցի ընթացքում Իրինան տեղեկացրեց, որ մենապարողի պայմանագիր է ստորագրել Մոսկվայի Գեդիմինաս Տարանդայի ղեկավարած թատրոնի հետ՝ երկու տարի թատրոնի հետ մեկնել հյուրախաղերի ՌԴ, Եվրոպայի քաղաքներ, Ավստրալիա եւ այլն։ «Պայմանագրիս ավարտից հետո 2019-ին վերադարձա Լոս Անջելես եւ անմիջապես հրավեր ստացա տեղի բալետի թատրոնից, որը ղեկավարում են ամուսիններ Թորդոլ Քրիս Տենսենն ու Թոլին Միրին։ Այստեղ աշխատեցի մինչեւ համավարակը՝ մեկ թատերաշրջան, հանդես եկա Բալանչինի բեմադրություններում, այդ թվում՝ «Շչելկունչիկում»։ Գիտե՞ք, ես ոչ թե մոռացա, այլ ցանկություն ունեմ հատկապես եւ առանձնապես նշելու Երեւանի պարարվեստի քոլեջի ուսուցչիս՝ վաղամեռիկ Մարինա Գյուրջյանին։ Նա իմ աչքերում բալետի ֆանատ էր, աննկարագրելի խիստ դասատու, բայց իր սաներին տալիս էր բալետային արվեստի հնարավոր մաքսիմալ գիտելիքները։ Մենք մշտապես կապի մեջ էինք, հեռավորությունը չէր խանգարում դրան։ Տիկին Գյուրջյանը Ֆեյսբուքով էր ինձ ուղղորդում, խորհուրդներ տալիս, ինչու ոչ՝ հարկ եղած դեպքում հորդորներ հնչեցնում եւ այլն…»։
Հարցին՝ 2020թ. սկզբին աշխարհում սկսված եւ մինչ օրս էլ մոլեգնող համավարակը ինչպե՞ս անդրադարձավ ձեր վրա, արտիստը պատասխանեց. «Բնականաբար, փակվեցին եւ մինչ օրս էլ փակ են ամերիկյան բոլոր մշակութային օջախներն անխտիր, իսկ ես մեկնեցի Բելառուս եւ սկսեցի զբաղվել մանկավարժությամբ»։
Առանց մանրամասնելու էլ հավելեց, որ պայմանագիրը լրանալուց հետո եկել է հայրենիք։ Չսպասելով հարցին, թե այս տարիների ընթացքում ինչո՞ւ իրեն երբեւէ չհանդիպեցինք Երեւանի օպերային թատրոնում, Իրինայի պատասխանը հակիրճ էր. «Պատճառը իսկապես գերզբաղվածությունս էր»։ Հետո էլ ժպտալով ասաց, թե առաջին իսկ հնարավորության դեպքում, այս անգամ արդեն անտեսելով զբաղվածությունը, կընդունի Երեւանի թատրոնի հրավերը։
Հետաքրքրվեցինք նաեւ մեր հայրենակցի բեմական կյանքում եղած ինտրիգներով, որոնք, հաստատ, անխուսափելի են, մանավանդ՝ նա բեմ է բարձրացել տարբեր թատրոններում եւ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ։ «Ինտրիգներն ինձ ուղեկցում են կարիերայիս սկզբից։ Տարբեր ազգեր տարբեր ձեւով են այն արտահայտում, օրինակ՝ ռուսները բացահայտ ցույց են տալիս այն, ինչ զգում են քո հանդեպ, իսկ ամերիկացիները իրենց «հոլիվուդյան» ժպիտով թեեւ ցույց են տալիս, որ լավ են տրամադրված, բայց միեւնույն է, իրենց գործն անում են»,- հավաստիացրեց պարուհին։
Զրույցի ընթացքում Իրինան մեկ առ մեկ նշեց իր գլխավոր դերապարերը դասական, ժամանակակից, նեոկլասիկ, մոդեռն ոճերում, մեզ մոտ հարց առաջացնելով, թե ո՞ր ոճն է իրեն ավելի հարազատ։ «Իմ դեպքում՝ նեոկլասիկը, որովհետեւ դասական ոճը լիիրավ ազատություն չի տալիս քո ես-ը ցուցադրելու։ Ի վերջո դու կերպար ես մարմնավորում… Կրկնում եմ՝ իմ դեպքում նեոկլասիկն է, քանի որ արվեստում ազատության կողմնակից եմ»,- պատասխանեց արվեստագետը։
Իրինա Ղարիբյանը շուտով վերադառնալու է ԱՄՆ։ Խոսելով իր հետագա անելիքների մասին, ասաց, որ տեսանելի ապագայում մտադիր է բացել իր դպրոցը, ժպտալով էլ ավելացրեց, որ միեւնույն է, համավարակի պատճառով թեեւ մեծ հաշվով փակ են մշակութային օջախները, բայց կան երկրներ, որտեղ թեկուզ ոչ լիարժեք, բայց մշակութային կյանքը շարունակվում է եւ ինքը կգտնի բեմ, որտեղ կներկայացնի իր արվեստը, մանավանդ՝ «չի սիրում մեկ թատրոնում երկար դոփել»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2021