Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշեր-ցերեկ տաշի-տուշ անես, 54 միլիոնը ես տա՞մ»․ Սամվել Բալասանյանը բարկացած է

Մարտ 10,2021 22:45

Գյումրու քաղաքապետարանի նախկին առանցքային դեմքերից մեկի՝ Վարդան Ղուկասյանի օրոք բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Գրքիկյանի ու Գյումրու նորօրյա իշխանությունների միջև «Դվին» հանդիսությունների սրահի շուրջ ծագած վեճը նոր ընթացք է ստանում։

Բանն այն է, որ նախկին պաշտոնյան դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով 54 միլիոն դրամ։ Գրքիկյանի բարեկամները հայց են ներկայացրել վարչական դատարան՝ ըստ որի, Գյումրու Բորյան փողոցի 0․073648 հա հողամասում բնակելի մասով առևտրի և սպասարկման երկու հարկանի օբյեկտի շինարարության ավարտից հետո, Գյումրու քաղաքապետարանը շահագործման ակտ չի տրամադրել, իրենք չեն կարողացել սեփականության վկայական հանել, գույքն օգտագործել, շահույթ ստանալ։ Այժմ էլ պահանջում են վնասի հատուցում։ Նախկին պաշտոնյան դիմել է մասնավոր ընկերության՝ «Է․ Ապրեսյան» ՍՊԸ-ին, որն էլ հաշվարկել է՝ 2014-2018 թթ․-ին քաղաքապետարանի կողմից պատճառված վնասը կազմում է մոտ 54․000․000 դրամ։ Այս թեմային մենք անդրադարձել էինք։

Այսօր Գյումրու ավագանու նիստին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրապարակայնացրեց այս պատմությունն՝ ամոթանք տալով նախկին պաշտոնյային։

Գյումրու ավագանու նիստի ժամանակ համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանն ավագանու անդամներին խնդրեց թույլատրել քաղաքի բյուջեից անհետաձգելի փաստաբանական ծառայության մատուցման համար 2 միլիոն 700 հազար դրամ հատկացնել։

Իրավաբանական բաժնի պետը նշեց, որ պատճառը վարչական դատարան ներկայացված հայցն է, համաձայն որի՝ Գյումրու համայնքապետարանից ուզում են բռնագանձել 54 միլիոն դրամ։ Նիստը մարտի 17-ին է։

Սամվել Բալասանյանը մանրամասնեց այս գործը՝ բարկացած նշելով․ «Սա զավեշտ է, որը պատել է մեր գլխին․ «Դվին» ռեստորանում բոլորդ տաշի-տուշի էրել եք, հարսնիք, բան․․․ Կողքը մի հատ ուրիշ շենք կա, չէ՞, հետևի մասում, էնտեղ էլ կերուխում եք արել բոլորդ՝ խաշ, ճաշ՝ 2013-2017 թիվը։ Հիմա էս մարդիկ մեզանից 54 միլիոն փող գուզեն։

Հարևանները բողոքեցին մեզ, որ ճանապարհը փակել են, էդ ճանապարհը փակելու պատճառով մենք թույլատրություն չտվեցինք, գնացին դատարաններով, վերջը հասան նրան, որ թույլատրություն տանք։ Թույլատրությունը տվեցինք, դրանից հետո էլ կսե՝ թույլատրությունը տվել, լավ ես արել, եթե ես աշխատացնեի․․․ Աշխատացրել է, տաշի-տուշին երել է, բոլորդ կերել, խմել եք, բոլորս, ես էլ եմ եղել էդտեղ , որևէ մեկին որ հարցնես, չկա էդպիսի բան, որ մարդն ասի՝ չէ, չեմ եղել, կամ ճանապարհի վրա կերևա, գիշեր-ցերեկ աշխատել է, հիմա էս մարդը փող կուզե։

Գիտեք չէ՞ ով է ըդիք՝ Գրքիկյան Հովհաննեսն է, գիտեցա՞ք, իրա ընտանիքն է, գիտեցա՞ք, այ այսպիսի բաներ կան։ Դրա համար ստիպված ենք էսօր հատուկ փաստաբանական ծառայություն վարձել, որպեսզի կարողանանք մենք պայքարենք, որովհետև չգիտես դատավորն ինչ կանի, դատավորն ում կպաշտպանի, ինչ պայմանավորվածություն կարող է ունենալ՝ ըստ օդից կախված լուրերով։

Էսպիսի բան չի եղել, ես 9-րդ տարին կաշխատիմ, նման դեպք չի եղել, էսօր նույն մարդը «Անի» ռեստորանը Աբովյան փողոցի վրա աշխատեցնում է ապօրինի, որը նույնպես դատական պրոցեսների մեջ է, ո՞նց հասկանամ էս ամեն ինչը։

Դրա համար պայքարել է պետք, բոլորս իրար հետ պիտի պայքարենք մեր քաղաքի համար։ Զավեշտ է, որ մարդն ասում է՝ չի աշխատել, փորձագետ է վերցրել, փորձագետը եկել է, թե 1 միլիոն 200 հազար դրամ վարձավճար կարող էր լինել, հաշվել, տարել, տվել է դատարան։ Վարչական դատարանը ընդունել է էս հայցը, էստեղ չընդունեցին, տարան, Երևան ընդունել տվեցին։ Դե իմացեք՝ ինչ կկատարվի, ինչ դատավոր է, ով է, ինչ պիտի անի, ինչ-որ արեցին Տիգրան Մեծի վրա, մինչև հիմի տաղավարները էդ ձևի մնաց, չգիտեմ որ մեկն ասեմ․․․

Կներեք էմոցիայիս համար, բայց ստիպված էի ասել,, որովհետև չի կարելի, փոխանակ քաղաքին օգնեն, վնաս են տալիս, համայնքի փող են ուզում տանել։ Խելքի նայեք, պայքարելու ենք մինչև վերջ, ամեն ինչով, բոլորովս․․․

Ամոթ է, ես անհարմար եմ զգում, ո՞ւմ ձեռքն է ընկել քաղաքը, էսօր Համահայկական հիմնադրամը բերել, շենքեր կսարքե բնակիչների համար, էսօր բարեգործական կազմակերպությունները բերել, այգի կսարքեն, մարդիկ բերել, տներ կսարքեն, մեկըմ եկել, մեզանից փող կուզե։

«Անի» ռեստորանը գիշեր- ցերեկ տաշի-տուշի է անում, ո՞նց հասկանանք, մեջ-մեջ արին սաղ քաղաքը, սաղ հողերով, ամեն ինչով, հիմա էլ ընկել, 54 միլիոն կուզեն մարդիկ։

Թող գյումրեցին գիտենա, հասկանա, որ գնացել, ինքը էնտեղ խաշ ու ճաշ է կերել, բայց ասում են՝ չի աշխատել, հլը ապօրինի էլ աշխատել են, մի բան էլ հարկայինին բան չեն տվել երևի։

Թող գիտենան բոլորը, մենակ քաղաքապետի պայքարելով չէ, թող բոլորը պայքարեն, պայքարեք, բոլորդ կերել-խմել եք էդտեղ, ամոթ է»։

Ավագանու ամբողջական նիստը տեսանյութում`

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031