Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԺ մուտքերի շրջափակման ակցիայի մասնակից երիտասարդներից մեկի միջեւ այսօր միջադեպ է տեղի ունեցել: Վերջինը պատգամավորին եւ իրենց կուսակցության առաջնորդին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ, ինչին ի պատասխան Հովիկ Աղազարյանը հակադարձել է. «Դավաճանը դու ես քո էղած-չեղածով, լակոտ»:
Բարեբախտաբար, պատգամավորի եւ ցուցարարի միջեւ փոխադարձ անձնական վիրավորական արտահայտություններով միջադեպը արագ կանխվել է ոստիկանների միջամտությամբ, ինչից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե իրենց դավաճան են անվանում, հող ծախելու մեջ են մեղադրում, ինքը ի՞նչ պատասխան ունի, Հովիկ Աղազարյանը ասել է. «Մեղադրանքը պետք է հիմնավորել: Թող դիմեն իրավապահ մարմիններին եւ հիմնավորեն: Եվ երբ դատարանը կհիմնավորի, թե ով է դավաճանը, դատաստանը ես կանեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ