«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ԼՀԿ-ի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումը իշխանությունը մերժել է։
«Մեր մեկնված ձեռքը թողնվել է անպատասխան, այս պահին այլեւս մեր առաջարկությունը իր ուժը կորցնում է, ժամանակավրեպ է»,-ասաց պարոն Մարուքյանը։ Նա ներկայացնելով իրավիճակը, հիշեցրեց՝ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ, վիճարկում է այն օրենքների դրույթները, որոնք վերաբերում են ԳՇ պետի նշանակմանն ու ազատմանը, հակասահմանադրական հարց է տեսել եւ հիմա գնդակը ՍԴ դաշտում է․ «Որովհետեւ ՍԴ-ն գործը վարույթ ընդունելիս՝ կարող է կասեցնել հրամանագիրը կամ վարչապետի հայտարարության իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը չի որոշվել։ Հետեւաբար, ՍԴ-ն կարող է հիմա որոշի, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել։ Կորոշի, թե՝ ոչ, պետք է սպասել»։
Պարոն Մարուքյանը հիշեցրեց՝ Օնիկ Գասպարյանը hայտարարել է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով․ «Ինչը մեր առաջարկն է եղել։ Մենք սա ենք անդադար պնդել, որ խորհրդարանը պետք է ցրվի, իսկ դա կարող է լինել վարչապետի հրաժարականի դեպքում։
Մեր առաջարկը մերժվել է։ Իսկ արտահերթ ընտրությունների օրակարգը շարունակելու թևածել Հայաստանի հանրապետությունում եւ լինելու է թիվ մեկ օրակարգը, որովհետեւ ԶՈւ-ն ամբողջությամբ միացել են այդ օրակարգին, հայտարարությանը միացել է սպայական կազմը։
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, ի՞նչ են ասելու»։
Հարցին՝ իշխանության հետ ԼՀԿ-ն այլեւս հուշագիր չի՞ կնքի, պարոն Մարուքյանը պատասխանեց․«Ոչ, որովհետեւ մեր առաջարկն ուժը կորցրած է, բայց արտահերթ ընտրությունները մեր օրակարգում է»։
ԼՀԿ-ն ԲՀԿ-ի հետ քննարկում էր նախատեսում, սակայն, ինչպես Էդմոն Մարուքյանն ասաց, դա պետք է լիներ ԲՀԿ-իշխանություն հանդիպումից հետո, եւ քանի որ այդ հանդիպումը դեռեւս չի կայացել, ԼՀԿ-ի հետ քննարկումն էլ չի եղել․«Ինչ վերաբերում է ապագա կոնսուլտացիաներին, իմացեք՝ ոչ մի բարիեր չունեմ քաղաքական որեւէ ուժի կամ դրա ղեկավարի հետ քննարկումը շարունակելու, որպեսզի այս վիճակից դուրս գանք»։
Ըստ պարոն Մարուքյանի, արտահերթ ընտրությունները դարձել է ԶՈՒ-ի օրակարգը, ով դեմ է այդ օրակարգին, դեմ է ԶՈՒ-ին։
«Վարչապետի հրաժարականից հետո լավ կլինի նա չլինի պաշտոնակատար , լավ կլինի խորհրդարանում ընտրվի նոր վարչապետ՝ անցումային։ Պաշտոնակատար էլ լինի, մեծ հաշվով մեզ համար տարբերություն չկա ՝ Փաշինյանը կլինի, թե՝ Ավինյանը»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ իշխանությունը զիջումների մեծ գործիքակազմ ունի, բայց գնում է կործանարար ճանապարհով։
Իշխանությունը հունվարից հետո որոշել է արտահերթ ընտրություններ չանել, այս կարծիքին է պարոն Մարուքյանը, նա տեղեկություն ունի, որ իշխանության ներսում խնդիր կա․«Կան նախարարներ, որոնք պատահական են դարձել նախարար, կան պատգամավորներ՝ բախտի բերմամբ են դարձել պատգամավոր, այս բոլոր մարդիկ դեմ են արտահերթ ընտրություններին։ Առանց նախապայմանների, մենք պատրաստ ենք այդ ընտրություններին, ասում ենք՝ ցրեք խորհրդարանը, գնացեք արտահերթի։ Ընտրական գործընթացի ջատագովումը իշխանությունների կողմից ֆեյք է։ Ես գնացի վարչապետի աշխատասենյակ, որ եւս մեկ անգամ արձանագրեմ, որ կեղծ է օրակարգը։ Եթե ուզենար՝ այդ օրը լուծում կտար, մինչեւ վերջին րոպեն չի համաձայնվել ինձ հետ, դե թող հանի երկիրը ճգնաժամից»։
Պարոն Մարուքյանը լկտի սուտ է համարում իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե պատրաստ են արտահերթ ընտրությունների գնալ եւ հրավիրում են խմբակցություններին խորհրդակցություններին․ «Իշխանությունը ոչ մի զիջման չի գնացել, դա լկտի սուտ է։ Ես գնացել եմ բանակցելու։ Այս երկրի քաոսի թիվ մեկ պատասխանատուն, երկիրը կործանելու պատասխանատուն այս իշխանությունն է՝ իր վարչապետի գլխավորությամբ։ Ոնց որ Շուշին է ընկել, այնպես էլ այս իշխանությունն է ընկնելու, այնքան ձգում է, որ ամբողջությամբ կործանվի, պետականությունն էլ հետը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ