ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 10-ի արտահերթ նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Գեղամ Հովեյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցը: Պատգամավոր Կարեն Գրիգորյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին:
Հովեյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա նշեց. «Հաշվեքննությունների որակի բարձրացումը բխում է բոլորիս շահերից. այն նախ եւ առաջ հանրային պահանջ է: Իմ կարծիքով՝ այս ուղղությամբ կան բարելավման հնարավորություններ, որոնք վերաբերում են եւ՛ օրենսդրական փոփոխություններին, եւ՛ ներքին ընթացակարգերին»:
Թեկնածուն ընդգծեց, որ ընտրվելու դեպքում շարունակելու է իր բազմամյա աշխատանքային փորձը եւ մասնագիտական գիտելիքները ներդնել կառույցի շարունակական բարեփոխման գործում:
Կարդացեք նաև
Հաշվեքննիչ պալատի նկատմամբ հանրային վստահության մեծացումը թեկնածուն տեսնում է հաշվեքննության արդյունքներն ավելի շատ հանրայնացնելու միջոցով: Ըստ թեկնածուի՝ դրանք պետք է հաճախակի քննարկվեն թե՛ խորհրդարանի հանձնաժողովներում եւ թե՛ ենթահանձնաժողովներում:
Հանձնաժողովականները կողմ են քվեարկել թեկնածությանը:
ՀՀ Ազգային ժողով