Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը նախ ներողություն խնդրեց հանրությունից, որ 2018-ին նախագահ Արմեն Սարգսյանի նախագահության համար «կողմ» քվեարկողներից մեկն է եղել. «Բայց խիղճս հանգիստ է, չեմ գովել, ուրախ չեմ եղել: Մտածել եմ, որ մարդ է, գուցե ունի անցած ճանապարհ, իսկ ես՝ երիտասարդ, իրավունք չունեմ քննարկելու ինչ-որ մեկի անցած ճանապարհը: 2018-ի իրադարձություններից հետո ես երեւի դարձա նրա քննադատներից ամենակոշտը: Շատերը ասում էին՝ դե դուք եք բերել, ի՞նչ ես բողոքում: Ուզում եմ ձեզ հետ կիսվել: Առհասարակ, չկա մարդ, որը չի սխալվում, մարդը սխալական է, բայց կան մեր կյանքի համար կարեւոր իրավիճակներ, որ դուք պետք է հասկանաս, որ սխալը գին ունի՝ ծայրահեղ բարձր գին: Պատերազմից հետո բոլոր պաշտոնյաների արարքի գինը չափազանց բարձր է»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Արմեն Սարգսյանը մոռացել է, թե ինչ պետք է աշխատի. «Նա նախագահ է աշխատում Փաշինյան Նիկոլի մոտ: Հիմա կխնդրեմ, որ նրան եւս վանկարկեք դավաճան, որովհետեւ նա վաստակել է դավաճան լինելու պիտակը: Նա չկարողացավ նույնիսկ ինքը իր խոսքի տերը լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ