Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, ճնշումներ եղել են, եթե երկրի նախագահը պետք է ճնշումներով որոշում ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահը». Վազգեն Մանուկյան

Մարտ 10,2021 17:54

«Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից: Բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար»,- այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարել էր, թե թույլ չի տալու, որ Օնիկ Գասպարյանին հանեն աշխատանքից ապօրինի կերպով, բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հասավ իր ուզածին, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Իրեն թվում էր՝ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չի: Բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը: Այդ կարծիքը հայտնեց ամբողջ բանակի ղեկավարությունը ու առանձին կորպուսների հրամանատարներ»: Նա ասաց, որ բանակը չէր հայտարարել, թե գործողություններ է անելու, ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է, ու հիմա, Օնիկ Գասպարյանին ազատելուց հետո էլ բանակը նույնն է ասում ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան էլ չհաջողվեց այդ տեսակետից:

Հարցին՝ հիասթափվա՞ծ եք Օնիկ Գասպարյանից՝ Մանուկյանը պատասխանեց. «Ես մի քիչ ուրիշ ձեւ ինձ կպահեի, ինքը այդ ձեւի է պահում, ինքը զինվորական մարդ է: Ի սկզբանե որոշել էին, որ բանակը չի խառնվելու քաղաքականության մեջ ու մնացել է այդ դիրքորոշմանը»:

Ըստ Վազգեն Մանուկյանի, Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ՝ ՀՀ նախագահը, որովհետեւ իր իրավասության տակ էր այդ հրամանագիրն-առաջարկությունն ուղարկել ՍԴ, ինքը չուղարկեց: Հետագա գործողությունների համար ինքը կրում է պատասխանատվություն: Ընդ որում, շատ հստակ էր, որ առաջին անգամ հայտարարեց, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ 3-4 օրում Սահմանադրությունը չէր փոխվել, բայց նույն բանը չհայտարարեց երկրորդ անգամ: Կարծում եմ, ճնշումներ եղել են: Եթե երկրի նախագահը պետք է ճնշումներով որոշում ընդունի, ո՞ւմ է պետք այդպիսի նախագահը»:

Մանուկյանն ասաց, որ իր հետ հանդիպումից տպավորություն էր, որ պետք է ուղարկի ՍԴ, հետո անակնկալի է եկել, բայց իրեն ճանաչողները հուշել են, որ պետք չէր զարմանալ:

Հարցին՝ հնարավո՞ր է նախագահի հրաժարականն էլ պահանջեք՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին ծառայող շատ մարդ կա, մի նախագահ ավել, մի նախագահ պակաս՝ դրանից բան չի փոխվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031